Լրահոս

«Պատերազմը» կավարտվի ընտրություններից հետո. Կուսակցությունները կկանգնեն ուժեղի կողքը

Загрузка...

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական այս փուլում փոխադարձ կշտամբանքների, մեղադրանքների պակաս չի նկատվում։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը որոշեց մերժել, «պատերազմ» հայտարարել նրանց, ովքեր ԱԺ-ում իրեն աջակցելու որոշում կայացրին և կանգնեցին իր կողքին։ Գուցե կա մի պլան, որը բացառո՞ւմ է այդ ուժերի անհրաժեշտությունն առաջիկա գործընթացներում։

Քաղաքագետ Միքայել Զոլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցողը չի կարելի բնորոշել որպես պատերազմ. ի վերջո՝ նախընտրական պայքար է, և նախընտրական փուլում այն կարող է լինել շատ սուր և լարված, դա դեռ չի նշանակում, որ կողմերն այրում են բոլոր կամուրջները, և ապագայում նրանց միջև որևէ համագործակցություն բացառվում է:

«Պարզապես այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որում մի կողմից՝ նախկին իշխանության և մյուս կողմից՝ «Լույս» դաշինքի և ԲՀԿ-ի միջև ստեղծվել է շահերի որոշակի ընդհանրություն: Ես չգիտեմ՝ նրանց միջև եղե՞լ են ինչ-որ հանդիպումներ, թե՞ ոչ, բայց օբյեկտիվորեն կա շահերի որոշակի համընկնում: Այսօր ՀՀԿ-ին պետք է, որ «Իմ քայլը» դաշինքը հնարավորինս քիչ ձայն հավաքի, հետևաբար նրան ձեռնտու է, որ մյուս կուսակցություններն ավելի շատ ձայներ հավաքեն: Սակայն չեմ կարծում, որ սա ռազմավարական դաշինք է: Սա պարզապես շահերի ժամանակավոր համընկնում է, և այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ կփոխվի ընտրություններից հետո»,- ասաց քաղաքագետը:

Ավելին, ըստ նրա՝ եթե նայենք ձեր ասած քաղաքական ուժերի պատմությունը, կտեսնենք, որ նրանք միշտ էլ համագործակցել են առավել ուժեղ կողմի հետ. այնպես որ՝ նրանց գործողությունները ապագայում կախված են ոչ թե նրանից, թե նրանց հասցեին ինչ կասի կամ չի ասի Փաշինյանը, այլ նրանից, թե որքան ուժեղ կլինեն Փաշինյանը և ՔՊ-ն:

«Եկեք հիշենք, որ մինչև վերջին պահը ոչ միայն ԲՀԿ և ՀՅԴ, այլև «Ելք»-ի մյուս անդամները չէին մասնակցում հեղափոխական գործընթացներին և միացան շարժմանը միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Իհարկե, հետագայում, միանալով հեղափոխությանը, նրանք շատ կարևոր ծառայություն մատուցեցին Փաշինյանին, սակայն դա տեղի ունեցավ, երբ արդեն հստակ էր, որ երկրում իրավիճակ է փոխվել, և Փաշինյանը վայելում է բնակչության մեծամասնության աջակցությունը: Իսկ դրանից առաջ նրանք կա՛մ լռում էին, կա՛մ նույնիսկ քննադատում էին շարժման առաջնորդներին: Բավական է հիշել Էդմոն Մարուքյանի խիստ էմոցիոնալ ելույթն այն մասին, որ կա երրորդ ճանապարհ, որով նա հանդես եկավ Սերժ Սարգսյանի հրաժարականից ընդամենը երկու օր առաջ: Այնպես որ՝ այժմ էլ, կարծում եմ, այդ կուսակցությունները, ի վերջո, կկանգնեն ուժեղի կողքին: Եթե Երևանի ընտրություններում ՔՊ-ն տանի համոզիչ հաղթանակ, մենք կտեսնենք, թե ինչպես մյուս քաղաքական ուժերը շատ հանգիստ կվերադառնան համագործակցության ձևաչափին, եթե, իհարկե, ՔՊ-ն պատրաստ լինի այն ընդունել: Իսկ ՔՊ-ն, կարծում եմ, ևս չի հրաժարվի այդ համագործակցությունից, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀԿ-ականներին վերջնական պարտության մատնելու և խորհրդարանը լուծարելու համար»,- հավելեց Միքայել Զոլյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում կոալիցիա չկա։ Ըստ նրա՝ պարադոքսալ իրավիճակ է, որ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ ներգրավված են կառավարության մեջ, բայց ըստ Փաշինյանի՝ Հայաստանում կոալիցիա չկա։ Քաղաքագետի գնահատմամբ՝ որքան էլ պարոն Փաշինյանը համարի, որ դե ֆակտո կոալիցիա չկա, բայց դե յուրե այն կա, քանի որ այսօրվա կառավարությունում երեք քաղաքական ուժեր են ներգրավված՝ «Ելք»-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից։

Ինչ վերաբերում է այդ ուժերի դեմ «պատերազմին», ապա, ըստ նրա, դա հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ոչ թե սևերի ու սպիտակների բաժանելով, այլ Հայկ Մարությանի համար կազմակերպված հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարելով, որ իր կողքին կանգնած որոշ ուժեր ծածուկ հանդիպում են ՀՀԿ-ականների հետ, ինչը հանգեցրեց «Ելք» դաշինքի վերջնական լուծարման։ Եթե մինչ այդ «Ելք» դաշինքը կար գոնե ԱԺ-ում, ապա այդ հայտարարությունից հետո իրենց վիրավորանքի մասին հրապարակավ հայտարարել են և՛ Էդմոն Մարուքյանը, և՛ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի իր ասածները։

«Պարոն Փաշինյանը, ֆորս-մաժորային իրավիճակից օգտվելով և կարողանալով գահընկեց անել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, շատ արագ կազմակերպեց Երևանի ավագանու ընտրություններ։ Այս ընտրությունները կարևոր են, քանի որ Երևանը, ցավոք սրտի, քաղաք պետություն է, և բնակչության մեծ մասն ապրում է Երևանում, և ԱԺ ընտրություններից առաջ սա կարևոր քննություն է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, օգտվելով հետհեղափոխական էյֆորիկ վիճակից, որը կա Հայաստանում, փորձ է կատարելու առանց որևէ մեկի հետ համագործակցելու հաղթանակ տանել Երևանի ավագանու ընտրություններում՝ միանձնյա ղեկավարելով գործադիր իշխանությունը նաև Երևանում»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ունի երկու ծրագիր. մեկն այն է, որ եթե իրեն չհաջողվի հավաքել 50 տոկոս գումարած մեկ ձայն, ապա Դոնթի բանաձևով, բոնուսային համակարգով նա այդ ձայները կստանա օրենսդրությամբ սահմանված կարգով. սա վատագույն տարբերակն է, իսկ մյուս տարբերակն այն է, որ երևանցիների մեծ մասն իր ձայնը տա Նիկոլ Փաշինյանին, և ՔՊ-ն ավելի ուժեղ քաղաքապետ ունենա։ Սա, քաղաքագետի գնահատմամբ, կլինի ԱԺ ընտրություններից առաջ գրեթե բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ի կարևոր քննությունը։

«Խնդիրը հետևյալն է, որ եթե այս ընտրությունները տեղի են ունենում հեղափոխությունից հետո, որոնք շատ արագ կազմակերպվեցին, և հետհեղափոխական էյֆորիան դեռ կա հասարակության մեջ, և ձայների անհրաժեշտ քանակ ստանալը ՔՊ-ի համար այնքան էլ ուտոպիստական չէ, ապա ԱԺ ընտրությունները, որոնք սպասվում են մինչև եկող տարվա գարուն, բավական մեծ խնդիրներ կբերեն ՔՊ-ի համար։ Ես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենալու Երևանի ավագանու ընտրություններում, նույնը կկրկնվի նաև ԱԺ ընտրությունների ժամանակ։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը պետք է մի փոքր զգույշ լինի, որ վերջնականապես իր կողքից չվանի այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք իր կողքին կանգնեցին հեղափոխության ժամանակ։ Որովհետև պահը կարող է գալ, ու եթե Նիկոլ Փաշինյանն իր ագրեսիվ հռետորաբանությամբ և սոցցանցերում իրեն պաշտպանող բավական ակտիվ օգտատերերի շնորհիվ կորցնի մյուս քաղաքական ուժերի հովանավորությունը, ապա ես կարծում եմ, որ ԱԺ ընտրություններից հետո, որտեղ, իմ համոզմամբ, որևէ քաղաքական ուժ 50 տոկոսից ավելի ձայն չի ստանալու, և հավանականությունը մեծ է, որ պետք է ձևավորվի կոալիցիոն կառավարություն, այդտեղ պարոն Փաշինյանը, որը հավանական է, որ մեծ քանակությամբ ձայներ կստանա, կարող է խնդիր ունենալ»,- ասաց նա։

Քաղաքականության մեջ, նրա խոսքով, կարող է պահը գալ, որ դու ստիպված լինես համագործակցել այն ուժերի հետ, որոնց ժամանակին մեղադրում էիր դավաճանության, սեպարատ, գաղտնի բանակցությունների մեջ, առավել ևս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն Նիկոլ Փաշինյանի թիմը բացարձակ անպատրաստ է, հում է քաղաքականապես։

«Նրանք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից և՛ առաջ, և՛ ընթացքում՝ անպատրաստ ընտրություններին, բազմաթիվ սխալներ են արել։ Խոսքը և՛ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու մասին է, և՛ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի մասին է, որը ժամանակին ՀՀԿ-ի կողմից կիրառվում էր ամեն օր։ Հայկ Մարությանը քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Նուբարաշեն թաղամասը ասոցացվում է աղբանոցի ու գժանոցի հետ, բայց ես համոզված եմ, որ դա միտումնավոր չի արվում։ Պատճառն այն է, որ պարոն Փաշինյանը չունի թրծված թիմ, իսկ Հայկ Մարությանի PR-ով զբաղվողները բացարձակապես դիլետանտ են։ Նախընտրական քարոզարշավի ամբողջ բեռը իր վրա տանում է Նիկոլ Փաշինյանը։ Ստացվում է, որ Երևանն իր համար քաղաքապետ է ընտրում, բայց պարզվում է, որ քաղաքապետի թեկնածուն այնքան էլ ակտիվ չի գործում, որովհետև ամեն պահի կարող է «կիքս» անել։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը այդ թիմի միակ թրծված ու բավական ճանապարհ անցած քաղաքական գործիչն է, ամբողջ բեռը վերցրել է իր վրա»,- հավելեց նա։

 

1 448 просмотров
Загрузка...