Լրահոս

Խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը կանգնած է Քոչարյանի մեջքին

Загрузка...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Շատ է խոսվում հակահեղափոխության վտանգի մասին՝ երկրորդ նախագահ Քոչարյանի գլխավորությամբ։ Դա հնարավո՞ր է։

Ես մի քանի անգամ նշել եմ, որ հակահեղափոխության համար երկրում պետք է հեղափոխություն տեղի ունեցած լիներ։ Բայց ես հեղափոխության հետք չեմ տեսնում, սա, այո՛, թավշյա, հիանալի իշխանափոխություն է, բայց ոչ հեղափոխություն։ Ընդ որում` ես դեռ չեմ հավատում, որ մեր նախկին իշխանավորների ականջները չեն երևում վարչապետի հետևից։ Տպավորություն է, որ ԼՏՊ-ի թամադայությամբ լավ էլ ձեռք ձեռքի տված աշխատում են։ Այնպես որ, մենք դեռ պետք է լիարժեք իշխանափոխություն տեսնենք, ուր մնաց՝ հեղափոխություն։ Սևերի ու սպիտակների բաժանումը, հակահեղափոխությունը ինձ հիշեցնում է բոլշևիկներին, որոնք երկար ժամանակ կարողացան ժողովրդի քթից բռնած քարշ տալ համանման տրյուկներով։ Մենք մեծ վախ ունենք, որ Հայաստանում ժողովրդի երազած փոփոխությունների հետքը չենք տեսնի։

Ինչ վերաբերում է Քոչարյանի նկատմամբ կատարվածին, ապա ես բազմիցս նկատել եմ, որ Քոչարյանը կատարել է ճակատագրական սխալներ, ազգին տվել է Սերժ Սարգսյան, քրեաօլիգարխիկ համակարգի մեջքը չի կոտրել, կոռուպցիան լավ էլ ծաղկում էր իր ժամանակ։ Այնպես որ, նա հինգ տարի առաջ շանս ուներ իր վրա նետված ցեխակույտից դուրս գալ ու մաքուր երեսով հանդես գալ։

Այսինքն` Սերժ Սարգսյանին ինքը պետք է դատարան քարշ տար, ոչ թե հակառակը և այլն։ Հիմա այն, ինչ տեղի ունեցավ այսօր, դա Քոչարյանի ամենախստագույն մեղքերից մեկն է, նա իր արածների համար հիմա պատժվում է։ Եթե նա այն ժամանակ քաղաքական ճիշտ հոտառություն ու կամք ունենար՝ այս օրը չէր ընկնի։ Նրան առաջադրել են սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, բայց դա հիմարություն է, այն ժամանակ սահմանադրական կարգը պահում էին իշխանությունները, այլ բան է, որ իշխանությունները բացարձակապես իրենց դերի մեջ չեն գտնվել, լեգիտիմություն չեն ունեցել, կոռուպցիան միշտ իրենց մեջքին է եղել, խոսելու ոչինչ չեն ունեցել, ու հայտնվել են ցավալի վիճակում։ Եթե պետք է Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին դատել, ապա դրա համար հիանալի այլ միջոցներ կան, բայց դրանցից ոչ մեկին չի պատկանում այն, ինչը որ արվեց։ Չեք կարող դատի տալ իշխանության ղեկավարին։

-Այո՛, իշխանության ղեկավարին, որի օրոք տաս մարդ զոհվեց, ընդ որում՝ զինվորականներից մեկին էլ սպանել են արտակարգ դրություն հայտարարելու համար։

-Ես այդ մանրուքների մեջ չեմ մտել և, որպես իրավաբան, կարծիք հայտնել չեմ կարող։ Բայց ես կարծում եմ, որ ամեն հարց պետք է պարզվի։ Բոլորս իրավունք ունենք կարծիք ասելու, բայց իրավաբանական կարծիք չեմ կարող հայտնել, Ֆեյսբուքում առանց այն էլ բոլորը կարծիք են հայտնում։ Համապատասխան իրավաբանները թող կարծիք հայտնեն, նոր մենք կտանք մեր գնահատականը։ Ես նորից չգիտեմ՝ այդ տաս հոգուն, որ գնդակահարել են, ով է արել։ Դա սարսափելի բան է՝ մենք ունե՞նք ապացույց, ովքեր են դա արել։ Չէ՞որ Ուկրաինայում պարզվեց, որ վարձկաններն են արել, իսկ այստեղ ես չգիտեմ, կարծիք չունեմ այդ հարցի շուրջ։ Միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ այն, ինչ կատարվել է, սարսափելի քրեական հանցագործություն է, ու դրա հիմնական մեղավորները պետք է պատժվեն։

-Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Քոչարյանն օգտագործելով ռուսական մամուլը, այժմ ցեխ է շպրտում Հայաստանի իշխանությունների վրա, արդյո՞ք նա իր ապագա ծրագրերում կստանա Ռուսաստանի աջակցությունը։

-Դժվարանում եմ ասել, պետք է լինես այդ գործընթացների մեջ, որ կարողանաս գնահատական տալ, ես այդ գործընթացների մեջ չկամ։ Նույնիսկ դժվարանում եմ ասել՝ ինչքանով է Ռուսաստանը Քոչարյանի մեջքին կանգնած, ես շատ խիստ կասկածում եմ։

-Նոր իշխանությունների հետ որոշակի ծրագրեր ունեիք, ո՞ր փուլում են դրանք։

 –Ես ամբողջովին նվիրվել եմ Հայաստանի արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու գործընթացին, գտնում եմ, որ մեր փրկությունը մեր արտադրությունները վերականգնելն ու հզոր տնտեսություն ստեղծելն է։ Ես զբաղվում եմ քիմիական արտադրությամբ՝ առաջինը «Նաիրիտ»-ով և ռազմարդյունաբերությամբ շատ լուրջ, և ես կարծում եմ՝ այս աշխատանքները հազար անգամ կարևոր են, քան ընտրական պրոցեսներին խառնվելը։ Հակառակը՝ այսօր Հայաստանի քաղաքական դաշտը ողբալի վիճակում է և խելքին մոտ չէ, որ մենք այնտեղ կարողանանք գտնել այնպիսի մի վարչապետի թեկնածու, որը կարողանա Հայաստանը հանել այս վիճակից։ Մենք ամբողջովին նվիրվել ենք արտադրությունների վերականգմանը և ես կարծում եմ՝ շատ ճիշտ կլինի, որ Հայաստանում ոչ թե քաղաքական ուժերը իշխանություն վերցնեն, այլ ինչ-որ ժամանակ, ինչպես ընդունված է Եվրոպայում, ճգնաժամեր առաջանալու դեպքում տալիս են մասնագետներին, ստեղծում մասնագետների նախարարություն, բոլոր նախարարները քաղաքական գործիչների փոխարեն մասնագետ են լինում, այդ հիմքի վրա երկիրը ճահճից են հանում ու տալիս քաղաքական ուժերին։ Հիմա, բացի էկոնոմիկայի նախարարությունից, ոչ ոք լրջորեն տնտեսությամբ չի զբաղվում։ Փառք Աստծո, որ տնտեսական զարգացման նախարարությունը բարձրության վրա է, ու մենք կարողանում ենք անհրաժեշտ աշխատանքը կատարել։

 

566 просмотров
Загрузка...