Լրահոս

Ծառուկյանը «սպիտակ դրոշ» պարզեց՝ ընդունելով հեղափոխության հաղթանակը

Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն երկար ժամանակ չէր կարողանում ադապտացվել նոր իրականությանը, ինչի դրսևորումը դարձավ մայիսի 1-ի հայտնի դեմարշը, երբ ՀՀԿ խմբակցությունը՝ հակառակ նախնական պայմանավորվածությունների, դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։ Ապրիլ-մայիսի գործընթացում սա ամենանշանային իրադարձություններից մեկն էր, որը, սակայն, ոչ թե կանխում էր հեղափոխության հաղթանակը, այլ խաչ էր քաշում նոր Հայաստանի քաղաքական համակարգին ՀՀԿ-ի ինտեգրման հեռանկարի, այդ կուսակցության արդիականացման հնարավորության վրա։ Եթե չլիներ ՀՀԿ-ի մայիսի 1-ի վարքագիծը, թերևս Հայաստանում հակահեղափոխության ռևանշի թեման կորցներ իր ակտուալությունը, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանն այն առանցքային չէր կարող դարձնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Երեկվա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմի ջախջախիչ հաղթանակից հետո Գագիկ Ծառուկյանն ըստ ամենայնի որոշեց չգնալ ՀՀԿ-ի ճանապարհով՝ գիտակցելով, որ այդ պարագայում դառնալու է հեղափոխության հերթական թիրախը։ Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին՝ ասված է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Այս լակոնիկ հայտարարությամբ ԲՀԿ առաջնորդն, ըստ էության, ճանաչում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, որովհետև երեկվա ընտրությունների արդյունքներն առաջին հերթին դրա մասին էին։ Գագիկ Ծառուկյանը գիտակցում է, որ հակահեղափոխական կոդերով, այն է՝ խորհրդարանի արձակման համար խոչընդոտներ ստեղծելով, ընդամենն արագացնելու է իր քաղաքական ուժի ինքնասպանությունը. երեկվա ընտրությունների արդյունքները այլընտրանքի ռեսուրս չեն տալիս՝ ԲՀԿ-ն վերածելով շարքային ընդդիմադիր կուսակցության, որը զրկված է մանևրելու հնարավորությունից։ Ըստ այդմ՝ Ծառուկյանն իր գրառման մեջ, ըստ էության, ակնկալում է, որ Փաշինյանն իր թիմին դուրս դնի «սևերի» ու «սպիտակների» բաժանման համատեքստից։

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ԲՀԿ-ին զրկել են քաղաքական սուբյեկտությունից կամ առանցք լինելու հնարավորությունից։ Դրանք Ծառուկյանի առաջ ձևակերպել են երկընտրանք՝ կա՛մ միանալ ռեստավրացիայի կողմնակիցներին՝ ըստ էության կապիտուլացվելով Ռոբերտ Քոչարյանի առաջ, կա՛մ ընդունել քաղաքական նոր իրողություններն ու ադապտացվել նոր քաղաքական համակարգին՝ «Լույս» դաշինքի կամ գուցե այլ ուժերի հետ մրցակցելով երկրորդ տեղի կամ նոր ընդդիմություն դառնալու համար։

Գագիկ Ծառուկյանն ընտրեց երկրորդ ճանապարհը, որն, ըստ էության, նրան թույլ կտա խորհրդարանական ընտրություններից առաջ կանխել կուսակցությունում կենտրոնախույս տրամադրությունների զարգացումը։ Ծառուկյանը գիտակցում է, որ իր ստեղծած համակարգը չի կարող ադապտացվել քաղաքական նոր իրողություններին, ու որոշել է չհակադրվել հեղափոխության ընթացքին՝ ամբողջովին խաղից դուրս վիճակում չհայտնվելու համար։

Որպես կանոն, հեղափոխությունները տարբերակված, սելեկտիվ մոտեցումներ չեն հանդուրժում։ Ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխության առաջին ալիքի թիրախը դարձան Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, որովհետև նրանք էին իշխանության հիմնական կրողները։ Սակայն հեղափոխության զարգացումը ենթադրում է օլիգարխիայի անվերապահ կապիտուլյացիա։ Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն է զրկվում, այսպես կոչված, արտոնությունների համակարգից, ապա ալիքն անխուսափելիորեն հասնելու էր նաև ԲՀԿ-ին՝ որպես օլիգարխիայի երբեմնի ազդեցությունը խորհրդանշող քաղաքական ուժ։

Ծառուկյանի այսօրվա գրառումը հուշում է, որ նա հասկացել է նոր իրողությունները ու պատրաստ է քաղաքական կապիտուլյացիայի ավելի քաղաքակիրթ դրսևորումներին՝ նոր Հայաստանի լուսանցքում չհայտնվելու համար։

 

688 просмотров
Загрузка...