Լրահոս

Լևոն Երանոսյանը կասկածվում է Փաշինյանի ձերբակալման օրն ու դրանից առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ լիազորություններն անցնելու մեջ

Загрузка...

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Նշենք, որ կասկածանքն առնչվում է «թավշյա հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցում տեղի ունեցած դեպքերին, որոնց ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել:

Ապրիլի 16-ին բախում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների և ոստիկանության միջև, որի ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տասնյակ քաղաքացիներ տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

Հատուկ միջոցներ կիրառվել են նաև ապրիլի 22-ին` այն բանից հետո, երբ Արցախի փողոցից բերման են ենթարկվել այն ժամանակ «թավշյա հեղափոխության» առաջնորդ, իսկ այժմ` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով` օրենքը սահմանում է հատուկ միջոց կիրառելու պայմանները, և Երանոսյանը իր կասկածանքի առնչությամբ հայտնել է, որ վերը նշված օրերին առկա են եղել հատուկ միջոց կիրառելու` օրենքով սահմանված պայմաններ:

Ըստ Սաֆարյանի` Բաղրամյան պողոտայում քաղաքացիները մահակներ և ոստիկանության կահավորման այլ միջոցներ են խլել, քարեր նետել: Պաշտպանի խոսքով` այս ամենը հիմնավորվում է նաև դեպքի օրն արված տեսանյութերով: Նույնատիպ իրավիճակ, ըստ Սաֆարյանի, եղել է նաև Արցախի փողոցում, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը բերման է ենթարվել:

Նշենք, որ հատուկ միջոցների կիրառման հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Տիգրան Սաֆարյանից տեղեկացանք, որ քննվող քրեական գործի շրջանակներում Երանոսյանի մասնակցությամբ առերես հարցաքննություններ են եղել: Սա նշանակում է, որ Երանոսյանի և նրա հետ առերես հարցաքննված անձանց ցուցմուքներում հակասություններ են եղել:

Թե կոնկրետ ում հետ է առերեսվել Երանոսյանը, պաշտպանն այս պահին չի ցանկանում հրապարակել:

Նշենք, որ Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունից մանրամասներ չեն հայտնում, հաստատում են միայն, որ Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել` քննվող գործի շրջանակներում քննչական գործողությունների մասնակցելու համար:

hetq.am

1 466 просмотров
Загрузка...