Без рубрики Լրահոս Տեսանյութ

Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղում երազում են ծորակից մաքուր ջուր խմել

Загрузка...

Տեսանյութ

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Բլագոդարնոյե գյուղը մեկն է Հայաստանի այն 580 բնակավայրերից, որտեղ խմելու ջրի խնդիր կա:

Գյուղի 63 ընտանիք՝ 280 բնակիչ, գետից հոսող ջուր է խմում, որը չի մաքրվում և խողովակներով միանգամից հասնում է գյուղացիների տուն:

Գյուղացիները դույլերում հավաքում են ծորակից հոսող ջուրը, ժամեր շարունակ թողնում, որպեսզի ջրի հետ եկած մանր աղբն ու ավազը կուտակվեն դույլի հատակին, ապա նոր օգտագործում խմելու նպատակով:

75-ամյա Լիանա Դավոյանը Բլագոդարնոյեում է ապրում 1960 թվականից՝ արդեն 58 տարի: Գյուղում երբևէ մաքուր ջուր չի խմել: «Միշտ էլ գետի ջուր ենք խմել»,-ասում է նա:

Տիկին Լիանան ամենից շատ երիտասարդների համար է մտահոգվում. «Գետի ջուր ենք խմում: Կեղտոտ ջուր է գալիս: Հլը որ անձրևներ է գալիս, շատ պղտոր ջուր է գալիս: Ջահելություն շատ կա, մեղք են երեխեքը: Մենք, ասենք, պառավ ենք, ամեն բան արդեն արել ենք, բայց ջահելները մեղք չե՞ն»:

Տիկին Լիանան առավոտյան դույլերում հավաքում է գետից հոսող ջուրը, ջրի հետ եկած մանր աղբը նստում է դույլի հատակին, երեկոյան արդեն ընտանիքի անդամները խմում են այն: Տնային տնտեսուհու կարծիքով` լվացքի, անասունի համար ջուրը նորմալ է, բայց խմելու համար՝ անպիտան, հատկապես առավոտյան ժամերին:

Երբեմն ջրի հետ սատկած միջատներ են հոսում: «Ջրագծերը հին են ու փտած: Կեղտ, ժանգ, ինչ ասես` գալիս է: Գորտ, ձուկ, լրիվ փակվում է գիծը, էդ ջուրն էլ գալիս է մեր տներ»,- ասում է մեկ այլ բնակիչ` Օվսաննա Հունանյանը:

Նա գյուղում ապրում է երկու որդիների և մոր հետ: Այստեղ են տեղափոխվել Տաշիրից` 1994 թվականին: Տեղափոխման առաջին օրվանից  Օվսաննան, իր խոսքով, խմելու ջրի մասին բարձրաձայնել է, բազմիցս դիմել պատկան մարմիններին, սակայն ապարդյուն:

Օվսաննա Հունանյան

Օվսաննան ևս դույլերում է հավաքում ջուրը, որպեսզի կարողանան մակերեսից ջուրը վերցնել, խմել: Ֆինանսական միջոց չունեն, որ խմելու ջուր գնեն:

Տիկին Օվսաննան ցույց տվեց դույլով հավաքված բաց դեղին գույնի ջուրը, ասաց՝ սա դեռ բարվոք վիճակ է. «Հլա էսի նասոսի լցրած է, նասոսը էլի նստվածք է տվել բակի մեջ, բա որ հիմա գնանք, բաժակով լցնենք, ահավոր է, մեջը ինչ ասես` չկա»:

Բլագոդարնոյեի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գետի ջուրը գյուղ է գալիս մեկ կիլոմետր հեռավորությունից: Գյուղ ֆիլտրված ջուր չի մատակարարվում 1990-ականների վերջից, երբ Սովետական Միության տարիներից շահագործվող խողովակաշարը փտել է՝ անհնար դարձնելով խմելու ջրի մատակարարումը: Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ արդեն 15 տարուց ավել գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա խողովակաշար են անցկացրել, որով գետի ջուրը հասնում է համայնք, ապա ներքին ցանցով հոսում դեպի տներ: Ավետիսյանի փոխանցմամբ՝  գյուղը խմելու ջրով ապահովելն իրենց առաջնահերթ խնդիրն է:

Աշոտ Ավետիսյան

Վարչական ղեկավարի հավաստմամբ՝ մարզպետարանը ծրագիր է հաստատել, որով, ամենայն հավանականությամբ մինչ նոյեմբերի վերջ, գյուղը կապահովվի խմելաջրով: Այդ ծրագրով գյուղից 6 կմ հեռավորությամբ գտնվող սարերի մեծ աղբյուրներից խողովակներ են անցկացնելու, որը ջուրը հասցնելու է մաքրման կայան, հետո արդեն ֆիլտրված ջուրը մատակարարվելու է բնակիչներին:

Գլխավոր լուսանկարում Լիանա Դավոյանն է

Լուսանկարները եւ տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

199 просмотров
Загрузка...