Լրահոս

Շանթ Հարությունյանի ազատ արձակման գործը փակուղում է. Շանթի որդին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ակցիաներ կանի

Загрузка...

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հոկտեմբերի 7-ից բողոքի ակցիաներ է իրականացնելու՝ պահանջելով վերաքննել Շանթ Հարությունյանի գործը, արդարացնել Շանթ Հարությունյանին, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը։ «Ես պայքարելու եմ բոլոր քաղբանտարկյալների ազատության և արդարացման համար։ Անելու եմ ամեն ինչ։ Պայքարելու եմ այնպես, այն մեթոդներով, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Հենց այդ ճանապարհով էլ Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ իր կողմից կազմակերպված բողոքի ակցիաներով նա նպատակ ունի նաև հանրության ուշադրությունը սևեռել խնդրին, իսկ իշխանությունները սովորաբար խնդիրներին լուծում են տալիս հանրության ճնշման ազդեցության տալկ։ Ի դեպ, Շահեն Հարությունյանը բողոքի ակցիայի օրերը հատուկ է ընտրել։ Այդ օրերին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Երևանը մարդաշատ է լինելու։ Հայաստան են ժամանելու մի շարք երկրների ղեկավարներ ու այլ պաշտոնյաներ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով՝ մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի խոսքից և Շանթ Հարությունյանի պատասխան ասուլիսից հետո Շանթ Հարությունյանի ազատ արձակման գործը փակուղում է։ Պարզ է նաև, որ Շանթի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ որևէ իրավական գործընթաց չեն նախաձեռնում։ Նրանք բավարարվում են, թերևս, միայն ֆեյսբուքյան գրառումներով։

«Մայիսին հստակ էր հայտարարված՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու։ Չէր ասվել, թե փոխվելու է քաղբանտարկյալների կալանավայրում պահման ռեժիմը։ Այլ ասվել էր, որ այդպիսիք չեն լինելու։ Ռեժիմի փոփոխությունը չի նշանակում քաղբանտարկյալի ազատ արձակում կամ արդարացում և չի վկայում քաղբանտարկյալների չլինելիության մասին։

Վստահ եմ, որ կառավարությունում առկա իրավաբանական համապատասխան ծառայությունները, արդարադատության նախարարությունը, դատախազությունը և օմբուդսմենի գրասենյակը համատեղ, ինչպես նաև առանձին-առանձին, ի վիճակի են հարցի լուծում առաջարկել։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ քաղբանտարկյալների հարցում այս կառույցներն իրենց քայլը չեն անում և թեման չեն փակում»,- ասաց իրավապաշտպանը։Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ նորություն չկա Շանթ Հարությունյանի գործով։ Ինքն էլ ոչ դիմել է, ոչ էլ դիմելու է գլխավոր դատախազություն՝ նոր երևան եկած հանգամանքով Շանթ Հարությունյանի գործը վերանայելու։ Իսկ չի դիմելու, քանի որ դա Շանթ Հարությունյանի դիրքորոշումն է։ «Մեր կողմից որևէ գործընթաց գործը վերաբացելու, վերաքննության մասով չի արվել, քանի որ դա Շանթ Հարությունյանի դիրքորոշումն է։ Նա չի ուզում ոչ մի տեղ դիմել։ Շանթ Հարությունյանը պահանջում է արդարացում»,- ասաց տիկին Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ իրավական ճանապարհով այդ արդարացումը ինչպես պետք է լինի, եթե իրենք չեն դիմում դատախազություն, փաստաբանը պատասխանեց, որ գլխավոր դատախազությունը սեփական նախաձեռնությամբ էլ կարող է նոր երևան եկած հանգամանքով վերաբացել գործը։ «Բայց այս պահին որևէ գործընթաց չկա»,- ասաց փաստաբանը։

 

527 просмотров
Загрузка...