Լրահոս

Գագիկ Ծառուկյանի առաջարկը հեղափոխությանը. Նոր իրավիճակ

Загрузка...

Հոկտեմբերի 2-ին ստեղծված նոր քաղաքական իրավիճակը նոր զարգացում ստացավ արդեն հոկտեմբերի 4-ին, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց դեկտեմբերին արտահերթ ընտրությանը կողմ լինելու և այդ կապակցությամբ արտախորհրդարանական ուժերի հետ դաշինք կազմելու մտադրության մասին՝ շեշտելով, որ կլինեն այն ուժերը, որոնք չեն գործակցում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Ըստ էության, Գագիկ Ծառուկյանն այդպիսով հայտարարում է «դուրս մնացած» ուժերի դաշինք ստեղծելու մասին, ինչպես, օրինակ, ֆուտբոլում կա չճանաչված երկրների աշխարհի առաջնություն:

Բանն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված է ուշագրավ իրավիճակ: Թավշյա հեղափոխությունից հետո ուրվագծվում է մի քանի ուշագրավ շերտ: Մեկը, բնականաբար, հեղափոխության առաջնորդի գլխավորած քաղաքական բևեռն է և այդ օրակարգին աջակցող ուժերը, եթե անգամ անմիջապես այդ բևեռում չեն: Մյուսը՝ ՀՀԿ-ն և այդ ուժին հարող միավորները, մյուս շերտը ձևավորեց Ռոբերտ Քոչարյանը, և մնաց, այսպես ասած, մի դաշտ, որտեղ ըստ էության անորոշություն է կամ աբստրակտ պատկեր, ուժեր են, որոնք ակնհայտորեն թույլ են ինքնուրույն որևէ բան անելու համար, միաժամանակ նաև ունեն կտրականապես տարբեր գաղափարական-արժեքային ուղղվածություն և մոտեցումներ, թեև բոլորի խնդիրն էլ ըստ էության խորհրդարանում հայտնվելն է, քանի որ խոշոր հաշվով չունեն ռազմավարական քաղաքական մտածողություն:

Ահա այս ուժերը մի կողմից՝ լինելով իրենց դերակատարությամբ շատ փոքր, մյուս կողմից՝ իրենց անորոշությամբ ըստ էության կարող են դառնալ ցանկացած ստվերային քաղաքական պլանի մաս, եթե առաջարկվի որևէ շահեկան գործարք: Իսկ գործարքային քաղաքականության կրողները ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն են, քանի որ Նիկոլ Փաշինյանը գործնականում մերժել է այդ քաղաքականությունը և առաջնորդվում է հանրային դաշինքի սկզբունքով՝ լավ հասկանալով, որ գործարքային քաղաքականության դաշտ մտնելը իր համար լինելու է պարտություն:

Գագիկ Ծառուկյանը փաստորեն ներկայացնում է գործարքային քաղաքականության երրորդ բևեռը լինելու հայտ՝ ըստ էության առաջարկելով արտախորհրդարանական ուժերին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի հետ գործարքի այլընտրանք: Մյուս կողմից, սակայն, Գագիկ Ծառուկյանն իրականում այլընտրանքային ծառայություն է առաջարկում հեղափոխությանը՝ ցույց տալով, որ պատրաստ է, այսպես ասած, մաքրել դաշտը, իր վրա հավաքել «չսորտավորված» և ստվերային գործարքների ենթակա միավորներին, որոնք եղանակ չեն ստեղծում, բայց «տրամադրություն» փչացնել կարող են, ու ըստ այդմ՝ մի կողմից, այսպես ասած, մաքրել Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ի շուրջն ու բացել նրանց տեսանելիությունը, մյուս կողմից էլ՝ հանրությանը տալ քաղաքական դաշտը հին համակարգի սեգմենտներից փաթեթով ազատելու հնարավորություն:

Գագիկ Ծառուկյանի այդ առաջարկը հեղափոխությանը, հասարակությանը, ըստ էության, հայտնի աղմկոտ օրինագծի համար ԲՀԿ պատասխանատվությունը կամ իր անձնական պատասխանատվությունը քավելու ակնառու միջոց է: Ակնկալիքը թերևս այն է, որ այդպիսով նա կստանա երկրորդը լինելու իրավունքը:

Խնդիրը, սակայն, այն է, որ հանրությունը կարող է ընդունել Ծառուկյանի առաջարկը, բայց ոչ թե երկրորդը լինելու պայմանով կամ պայմանավորվածությամբ, այլ քաղաքականության էջը փոխադարձ համաձայնությամբ և պատվով փակելու: Որովհետև երկրորդ և ընդհանրապես այլ նոր քաղաքական ուժերի տեղն ու դերը պետք է որոշի հասարակությունը, ոչ թե որևէ խոշոր գործարարի կարողությունը:

1in.am

 

703 просмотров
Загрузка...