Լրահոս

«Ո՞վ է պահպանելու այդ սահմանը, եթե մենք թշնամանանք Ռուսաստանի հետ». Արցախում «Սասնա ծռերի» հետ կապված վերապահում ունեն

Загрузка...

Շաբաթ օրը տեղի ունեցավ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի ընթացքում հայտարարվեց նաև, որ Արցախում «Սասնա ծռերը» կբացեն քույր կուսակցություն և իրենց գործունեությունը կծավալեն նաև այնտեղ։

Որքան էլ այս ուժի ներկայացուցիչները հայտարարեն զինված պայքարի էջը փակելու և քաղաքական գործունեություն ծավալելու մասին, միևնույն է՝ հանրության մի ստվար զանգված շարունակում է նրանց ասոցացնել որպես ռադիկալ տրամադրություններ ունեցող և զինված պայքարի կողմնակից հանդիսացող ուժ։ Բացի այդ՝ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում միայն նրանք են, որ հանդես են գալիս ապագաղութացման կարգախոսով, ունեն ընդգծված հակառուսական ուղղվածություն՝ պահանջում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, իսկ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցվի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նշեց՝ Արցախի իրավական դաշտն այլ է, և ամեն ինչ պետք է արվի ըստ իրենց օրենքի, ըստ իրենց կանոնադրության. «Այս պահի դրությամբ միայն մեկ համահայկական կուսակցություն կա՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի որևէ այլ կուսակցություն Արցախում ներկայացված չէ, հետևաբար ամեն ինչ պետք է արվի ըստ օրենքի»։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության հակառուսական ուղղվածությանը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Իհարկե, ամեն մի քաղաքական ուժ, ամեն անհատ իր հայացքներն ունի՝ դա իրենց խնդիրն է։ Բայց մեր պետության, մեր կայունության, մեր անվտանգության համար չափազանց կարևոր է, որպեսզի մենք բարիդրացիական նորմալ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի հետ, այսինքն՝ բոլոր այն պետությունների, որտեղ մենք սփյուռք ունենք»։

Դավիթ Բաբայանը շարունակում է. «Առավել ևս՝ նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնությունը։ Չմոռանանք, թե մենք ում հետ ենք դաշնակից՝ Թուրքիայի, Ադրբեջանի նման ահաբեկչական երկրների։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանենք։ Պարզապես հիշեցնեմ՝ Թուրքիան ունի 85 միլիոն բնակչություն, 700.000 բանակ, մի պետություն, որ Ցեղասպանություն է իրականացրել և առ այսօր չի ճանաչում, մի պետություն, որ ներխուժում է այլ պետությունների տարածք։ Ո՞վ է պահպանելու այդ սահմանը, եթե մենք թշնամանանք Ռուսաստանի հետ։ Այդ հարցերը պետք է մարդկանց համար հասկանալի լինեն։ Տարբեր մարդիկ կարող են իրենց նախասիրություններն ունենալ, բայց պետությունը դրանից չի կարող տուժել»,- եզրափակեց նա։

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը ևս նշում է, որ Արցախում կանոնադրությունն այլ է, և այնտեղ կուսակցություն գրանցելը այնքան էլ հեշտ չի լինելու։ Մեր զրուցակիցը նաև վերապահում ունի «Սասնա ծռերի» գործունեության հետ կապված: «Այն, ինչ նրանք արել են Հայաստանում, ինձ համար կոնկրետ ընդունելի չէ, նախքան Արցախում կամ այլ որևէ պետությունում գործունեություն ծավալելը՝ պետք է ընդունեն, որ հակասահմանադրական, հակապետական ակտ են իրականացրել, դա դասական ահաբեկչություն էր։ Միգուցե լավ գաղափար են ունեցել, ուզեցել են ժողովրդին ոտքի կանգնեցնել, բայց այն, ինչ իրենք արել են, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» հակառուսական ուղղվածությանը, Օհանջանյանը նշեց. «Արցախում ինձնից ավելի հակառուսական տրամադրություն ունեցող չկա, բայց ես կոնկրետ ոչ թե ռուս ժողովրդի, այլ Ռուսաստանի իշխանությունների դեմ եմ արտահայտվում, որն օգտագործելով ու շահարկելով ղարաբաղյան խնդիրը՝ փորձում է դիվիդենդներ շահել»։

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ պետք է ոչ թե պահանջել, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, այլ դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը ու փորձել օգուտներ քաղել։

 

371 просмотров
Загрузка...