Լրահոս

Նախկին իշխանությունը ուզում է քար դնել Նիկոլ Փաշինյանի կոշիկների մեջ, որ թոփալ քայլի

Загрузка...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի  Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Կայծ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ՀՀԿի, ԲՀԿի ու Դաշնակցության, այսպես ասած, գաղտնի օրինագիծը ԱԺում, Փաշինյանի կոչը մարդկանց՝ փողոց դուրս գալու մասին, և այլն:

– Գիտեք, Հայաստանում թավշյա հեղափոխությունը կիսատ է մնացել, պետք է ավարտին հասցնել: Ես հավանական էի համարում, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո այսպիսի զարգացումներ տեղի կունենային, բայց ոչ դրանից առաջ: Ո՞վ շահ ունի այսպիսի լարվածություն ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ. դա պետք է հարցնել թե՛ կառավարությանը, թե՛ Հանրապետականին, թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ին, թե՛ Դաշնակցությանը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ես ուզում եմ ասել կուսակցության անդամներին.  «ընկերներ, դա հեղափոխություն է, ոչ թե պարզ ճգնաժամ»: Դաշնակցության մեջ մեծ խնդիրներ ու երկու  հակասական մոտեցում կան: Մեկը՝ շատ փաշինյանական է, մյուս կողմը նախկին իշխանություններին շատ մոտ է:

Դաշնակցության համար կարևոր է օրենքներին հետևելը, որ Հայաստանը մնա կայուն, Սահմանադրությունը հարգվի: Շատ դաշնակցականներ կան, որ շիվարած են: Մենք Սփյուռքում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում լսեցինք, որ Դաշնակցության ղեկավարները հայտարարեցին, թե հեղափոխության հետ են, իսկ մյուս կողմից՝ տեսանք, որ Հայաստանում դաշնակցական ղեկավարները այլ բան արեցին՝ իրենց ստորագրությունը դրեցին Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարների հետ միասին:

Ճիշտն ասած, մայիսից սկսած Դաշնակցությունը չգիտեր՝ ուր էր, ու իր ամբողջ քաղաքական գիծը կտրված էր, և չէին սպասում այդպիսի շարժում ու հեղափոխական հաղթանակներ: Ճգնաժամի մեջ են, ու իրենց համար այսօրվա պայմանները մտահոգիչ են, քանի որ նոյեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենա իրենց ընդհանուր ժողովը, որը գումարվելու է լարված ու պայթյունավտանգ մթնոլորտում: Շատ դաշնակցականներ կան, որոնք կուզեն դաշնակցական արժեքները պահպանվեն: Բացի այդ, ես շատ եմ կարդում վիրավորական արտահայտություններ Դաշնակցության հասցեին, որ իրենք դավաճան են: Եթե դաշնակցականը դավաճան է, ուրեմն Բեկորը դավաճա՞ն է, Պետոն, Շահեն Մեղրյանը դավաճաննե՞ր են, շատ ազատամարտիկներ, որ դաշնակցական էին ու զոհվեցին, դավաճա՞ն էին: Անիմաստ է, դա ապուշություն է, այդ բառը պետք է հանվի մեր խոսքից: Դաշնակցությունը դժվար վիճակի մեջ է, ապրում է ճգնաժամ ու չգիտի՝ ո՞նց պետք է դուրս գա դրանից:

Ձեր կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում արտաքին հետք կա՞, թե՞ դրանք բացառապես ներքին խնդիրներ են:

– Այսօրվա աշխարհում չկա ներքին ու արտաքին բաժին, կան զարգացումներ: Այսօրվա աշխարհը բացեիբաց փոխկապված է՝ ինչ-որ ներքին բեմի վրա պատահում է, ուղղակի արտաքին բեմի վրա ազդեցություն կունենա: Երկու բեմ չկա, կա մեկ բեմ:

Հայաստանի քաղաքական բեմն անշուշտ ունի իր արտաքին կյանքը, որն ունի երկու երես՝ 1/ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և 2/ Հայաստանը պետք է հաջողի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որովհետև ամենակարևոր հանդիպումն է Հայաստանի ամբողջ պատմության մեջ: Դա նշանակում է, որ պետք է իսկապես հաջողել այդ հանդիպումը, որը կարևոր է թե՛ իշխանության, թե՛ Հայաստանի իմիջի, թե՛ ժողովրդի տրամադրությունների համար: Որպեսզի Հայաստանի ժողովուրդը ցույց տա իր հարևաններին, որ Հայաստանը կայուն, խաղաղ տեղ է, պետք է կարողանա կազմակերպել այնպիսի հանդիպում, որը տարածաշրջանի ոչ մի տեղում չեն կազմակերպել՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը, ո՛չ Վրաստանը: Դրա համար ես ասացի, որ այդ իրադարձությունները պետք է տեղի ունենային այդ գագաթնաժողովից հետո: Եվ կրկնում եմ՝ ո՞վ է հետաքրքրված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման խանգարմամբ:

Ի՞նչ եք կարծում՝ դա դիտավորությո՞ւն էր Հանրապետականի, ԲՀԿի ու Դաշնակցության կողմից:

– Այո, վստահաբար: Նախկին իշխանությունների ուժերն այնքան ջղայնացած են ու գիտեն՝ եթե ընտրություններ լինեն, ամեն ինչ կորցնելու են: Դրա համար ուզում են խանգարել ու քար դնել Նիկոլ Փաշինյանի երկու կոշիկների մեջ, մեկը՝ Ռուսաստանի հետ կապված, մյուսը՝ Ֆրանկոֆոնիայի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը թոփալ քայլի: Ուզում են խանգարել, մանավանդ նախաձեռնող պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը շատ գծուծ ձևով ուզում է վրեժ լուծել ու չընդունեց իր պարտությունը մայիսին:

Իմանալով, որ հանրապետականները կամաց-կամաց դուրս են գալիս քաղաքական բեմից, ջղայնությամբ այդ հարցը վերցրեց, ու այդ երկու կուսակցությունները միացան իրենց: Խաղում են Նիկոլ Փաշինյանի հոգեբանական վիճակի հետ: Ուզում են ցույց տալ, որ մարդը հանգիստ չէ, ջղայնանում է, բայց ճիշտ հակառակը՝ շատ հանգիստ ձևով Փաշինյանը պատասխանում է: Հայաստանը պետք է շահած դուրս գա այդ ճգնաժամից, ու մյուսներն էլ պետք է հասկանան, որ իրենց ժամանակն անցել է: Խնդիրն այն է, որ չեն ընդունում, չեն տեսնում, որ ոչ միայն ԱԺ-ն այլևս իմաստ չունի, չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, այլև իրենց քաղաքականությունը, մարտավարությունն ամբողջությամբ վերջացած է: Նրանք չեն հասկանում, որ դա հեղափոխություն է: Այս երեք կուսակցությունների համար դա քաղաքական ճգնաժամ է և ոչ թե հեղափոխություն: Չեն ընդունում, որ ամբողջ ժողովրդի տրամադրությունը լրիվ փոխված է: Սա է հեղափոխությունը:

Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի վերջ-դեկտեմբերին: ԵԽԽՎն ևս հայտարարությամբ էր հանդես եկել՝ կոչ անելով բավարար ժամանակ տրամադրել բոլոր ուժերին ընտրություններին պատրաստվելու համար:

– Եվրոպան չի խառնվում ներքին քաղաքական պրոցեսին, միայն ուզում են, որ կայուն վիճակ լինի Հայաստանում ու շատ հանգիստ ձևով շարունակվի: Նրանք չեն ուզում խառնվել: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Նիկոլ Փաշինյանը ու Հանրապետականը պետք է բանակցեն: Ո՞ւր հասան բանակցությունները, ո՞ր հանգրվանին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական պիտի տա՞ կամ վստա՞հ է, որ Հանրապետականը, ԲՀԿ-ն կամ Դաշնակցությունը թեկնածու չեն առաջադրելու, վստահություն ունի՞: Որքան դուրս գանք այդ ճգնաժամից, այնքան արագ կկազմակերպվեն արտահերթ ընտրությունները: Սա է իրականությունը: Ես ուղղակի չեմ կարող պատասխանել, որովհետև պետք է իմանալ, թե ո՞ւր հասան բանակցությունները: Ճիշտ կլինի, որ Հանրապետականը փաստաթուղթ ստորագրի, որ թեկնածու չի առաջադրելու: Հետո լավ կլինի, որ այսօրվա կառավարությունը ժողովրդին ասի, որ մնան ԱԺ-ի մոտ, տուն չգնան: Թող մնան, իրենց ապագան են որոշելու, ուրեմն ժողովուրդը թող մնա: Նաև պետք է հասկանալ՝ մենք կարող ենք այդ ճգնաժամից դուրս գալ հանրաքվեով: Բայց առաջին հերթին նախագահ Արմեն Սարգսյանը չպետք է ստորագրի այդ որոշումը: Եթե Արմեն Սարգսյանը ստորագրի, դա ավելի է լարելու քաղաքական իրավիճակը ու ժողովրդին: Եթե կային մարդիկ, ովքեր մտածում էին, թե այսօրվա նախագահը իր ֆունկցիաների մեջ կարևորություն չունի, սխալվեցին: Ես կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը չի ստորագրի, որովհետև այդ որոշումը կայացվել է ոչ հանգիստ մթնոլորտում:

Արմեն Սարգսյանը շատ պատասխանատու ու հանգիստ մարդ է, գիտի ամեն ինչ, վտանգները, սպառնալիքները, վստահաբար չի ստորագրի: Մարդը խելացի է, տեսնում է իրականությունը, տեսնում է, որ մարդկանց տամադրությունները փոխվել են:

Հայաստանին պետք է խաղաղություն ու նոր մտածելակերպ: Եթե Հայաստանի ժողովուրդը ուզում է, որ իր ապագան փայլուն լինի, պետք է մնա Ազգային ժողովի շենքի առաջ՝ մինչև ընտրությունների ժամն ու օրը ճշտվեն:

 

633 просмотров
Загрузка...