Լրահոս

Ինչպես ես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս վարչապետի պաշտոնից:

Загрузка...

Այս մասին Հանրային hեռուստաընկերության «Լուրերի» հատուկ թողարկման ժամանակ  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հրաժարականը ձեր առջև ստանձնած պարտավորությունից փախչել չէ: Այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը ավարտին հասցնելն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին հասցնելու միջոցով»,- ասաց նա:

Հրաժարական տված վարչապետը ներկայացրեց արտահերթ ընտրություններին հասնելու քարտեզը․ իր հրաժարականից հետո նախագահն ընդունելու  է կառավարության հրաժարականը, և Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ վարչապետ չընտրելով արձակելու է կառավարությունը, և հանրապետության նախագահի կողմից նշանակվում են ընտրություններ։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամբողջ ընթացքում կառավարությունը կատարելու է իր պարտականությունները, ինքը ևս շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի սահմանադրական լիազորությունները, կառավարությունը ևս:

Ասել է, թե շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը: Ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին՝ ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում:

 



Նա նշեց, որ, իհարկե, մտավախություններ կան, որ խորհրդարանական ուժերը կարող են ներկայացնել վարչապետի թեկնածու:

«Ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք առավել քան պատրաստ ենք ցանկացած սցենարների, որովհետև ժողովրդի կամքի առաջ չի կարող կանգնել որևէ ուժ, որովհետև ինչքան էլ հակասություններ լինեն, խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ անկախ հակասություններից՝ մեր պետությունն ու նրա անվտանգությունը «կարմիր գիծ» են նաև նրանց համար, մանավանդ որ նրանք հրապարակային հայտարարել են, որ չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջարկել»,- ասաց նա:

Վարչապետը քաղաքական բոլոր ուժերին հաջողություն մաղթեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում և հաստատեց, որ իր կառավարությունը երաշխավորելու է ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը:

«Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը իրականում հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան: Եվ հիմա, անդրադառնալով իմ վարչապետության անցած հինգ ամիսներին, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր անսահման աջակցության և վստահության համար: Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի և օրինական հույսերը չեմ արդարացրել, ում ոգևորությունը որևէ կերպ ստվերել եմ: Բայց, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմանաք միանշանակ և աներկբա. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են և թևեր են տալիս ինձ և ուժ են տալիս ինձ՝ ձեր դիմաց կանգնելու և վստահաբար ասելու՝ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու: Պատրաստե՛ք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվեք նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, համբուրում եմ բոլորիդ: Եվ ուրեմն, Կեցցե Ազատությունը Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեն մեր երեխաները, որ ապրում են ու վստահաբար ապրելու են Ազատ և երջանիկ Հայաստանում»,- եզրափակեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը:

Հռիփսիմե Հովհաննիսյան

331 просмотров
Загрузка...