Լրահոս Շոու-բիզնես

«Մի տեսարանի համար ինձ իրականում ծեծեցին». Ռաֆայել Երանոսյանը կներկայանա մանկական հեքիաթ ֆիլմի չար հերոսի կերպարում

Загрузка...

Ռաֆայել Երանոսյանը նկարահանվել է մանկական լսարանին հասցեագրված հեքիաթ ֆիլմում, որի մասին Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն պատմել է: «Ձյունանուշ» աշխատանքային վերնագրով ֆիլմում նա մարմնավորում է հեքիաթի չար հերոսին: Դերասանը նշում է, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում այս դերակատարումը առանձնահատուկ է ու հետաքրքիր: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա դեկտեմբերին: Մինչ այդ Ռաֆոն Tert.am Life-ին պատմել է իր մարմնավորած կերպարի ու ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին:

Մանկական հեքիաթ ֆիլմում իրական հերոսների կողքին կան նաև հեքիաթից չար ու բարի հերոսներ: Ռաֆոն վայրի ցեղերի թագավորության ցեղապետն է, հեքիաթի չար հերոսը: Նրա թագավորությունում է նաև  Անդոն. «Ես մարմնավորում եմ բացասական կերպար: Այնպես է ստացվում, որ Ձյունանշուը, ում մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը,  ընկնում է մեր թագավորություն: Ես նրան գողանում եմ, մինչև որ հեքիաթի բարի հերոսները նրան կազատեն: Երեխաների համար սյուժեն շատ հետաքրքիր կլինի: Ֆիլմում ես խոսում եմ հատուկ հնարած լեզվով»:

Դերասանը ներկայանում է կերպարանափոխված ձևով, թեև իրեն հատուկ հումորով նկատում է, որ արտաքին տեսքում շատ բան փոխված չէ և փոքրիկներն իրեն հաստատ կճանաչեն. «Գրիմը բան չի փոխել: Ես ու Անդոն գեշ ենք, մի քիչ մգացնելով մեր դեմքը, միևնույն է շատ բան չի փոխվում :): Մի փոքր մեր ականջներն են երկարեցրել, ուրիշ բան չկա»,-ասաց նա:

Ռաֆոյի խոսքով, ֆիլմի ռեժիսոր Արմեն Սիմոնյանի և ստեղծագործական թիմի հետ առաջին անգամ էր աշխատում, իսկ դերասանների մեծ մասի հետ սցենարական կապ չի եղել ֆիլմում, քանի որ իր մասնակցությամբ թագավորության տեսարանները առանձին են նկարահանվել:

«Ռեժիսորի հետ իմ առաջին աշխատանքն էր: Նա ունի պրոֆեսիոնալ թիմ և կարողանում է դերասանի հետ ճիշտ աշխատել, այնպես անել, որ դերասանը ճիշտ մատուցի իր պատկերացրածը»:Չնայած առաջին համագործակցոթյանը՝ դերասանը նկատեց, որ դա որևէ դժվարություն չի առաջացրել նկարահանման ընթացքում. «Ինձ համար համար դժվարությունը սկսվում է այն պահից, երբ գնում եմ նկարահանման և ինձ դուր չի գալիս անձնակազմը, բայց քանի որ առաջին իսկ վայրկյանից բոլորը շատ լավ  էին՝ սկսած դիմահարդարից մինչև տեխնիկական կազմը, նրանց  վերաբերմունքը, դրա համար չէիր կարող այդ մթնոլորտում վատ խաղալ: Փորձել եմ խաղալ ամենալավը: Նույնիսկ, ֆիլմում մի տեսարանի համար Մոսկվայից եկած դերասան ինձ իրոք լավ ծեծեց: Այդքան լավ էր ամեն բան, որ հասկացա, պատրաստ եմ նույնիսկ ինձ զոհաբերել»:

Դիտարկմանը, որ մանկական լսարանի համար նախատեսված ֆիլմում նկարահանվելը որոշակիորեն պարտավորեցնող է, քանի որ փոքրիկ հանդիսատեսն առավել բծախնդիր է ու պահանջկոտ, դերասանը նկատեց. «Ինձ համար կապ չունի հանդիսատեսի տարիքը: Կարևորը ժողովրդի գնահատականն է, իսկ դրանում պարտավորեցնող բան կա, աբյց այսքան ժամանակ փողոցում էլ, երբ երեխաները տեսնում են՝ գրկում են: Այս ֆիլմից հետո, կարծում եմ՝ ավելի շատ կսիրեն»,-եզրափակեց նա:

Անահիտ Հակոբյան

106 просмотров
Загрузка...