Լրահոս

Նիկոլ Փաշինյանի հաղթանակը. նոր ԸՕ-ն չընդունվեց

Загрузка...

Նոր ընտրական օրենսգրքի շուրջ զարգացումները թեև բավականին հանրայնացված չէին, սակայն դրանով նրանց դրամատիզմը չիջավ։ Այս օրենքի ընդունումը համարվում էր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար և թափանցիկ լինելու կարևոր նախապայման, և ինչ-որ աշխատանքային խումբ լծված էր այդ բարեփոխումներին, անգամ առաջին փոխվարչապետին ազատեցին իր պաշտոնից բխող այլ պարտականություններից՝ կենտրոնացնելով այս օրենսգրքի վրա։ Մինչդեռ ԱԺ շուտափույթ լուծարման և ափալ-թափալ ընտրությունների փաստը անակնկալի բերեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին, այլև նրա թիմակիցներին, բայց կազմակերպական առումով առաջին հերթին հենց այս աշխատանքային խմբին։

Արդյունքում ներկա խորհրդարանին ներկայացվեց չքննարկված, չհամաձայնեցված միջազգային քննություն չանցած, ներքին հակասություններով լի մի օրենսգիրք, որով տեխնիկապես շատ դժվար կլիներ անցկացնել ընտրություններ։ Այնուամենայնիվ, այս օրենսգիրքը երկու անգամ դրվեց քվեարկության, և արդյունքում՝ մեկ ձայնի պատճառով այն չընդունվեց։

Արտախորհրդարանական քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց, որ ինքն առանձնապես վտանգներ չի տեսնում հին օրենքով ընտրություններ անցկացնելու մեջ, սակայն նրա թիմը ամեն ինչ անում էր նոր ԸՕ-ն անցկացնելու համար։ Թիմի հետ եղած հակասությունները, որին ականատես էինք եղել, օրինակ, Սասուն Միքայելյանի խիստ երիտասարդ զավակին քաղաքապետ կարգելու ժամանակ, այս անգամ ավելի կտրուկ սրվեցին։ Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ ինքն աշխատել է անհնազանդ որոշ պատգամավորների հետ, իսկ Դանիել Իոաննիսյանն անցավ բոլոր սահմանները և սկսեց անգամ քննադատել Նիկոլ Փաշինյանին։

Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ցանկացած ընտրական համակարգի դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական Պայմանագիրը» (ՔՊ) կունենա բացարձակ մեծամասնություն նոր ձևավորվող խորհրդարանում, խնդիրը միայն ՔՊ-ի և ընդդիմության պատգամավորական կազմի մեջ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը նպատակադրվեր նոր օրենսգիրքն ամեն գնով անցկացնել, ապա նա կրկին ստիպված էր լինելու գործարկել դալտոնիզմի խաղաքարտը, ինչն, ինչպես ինքն է համոզվել, ընտրությունների ժամանակ մեծ բացասական հետևանքներ էր ունենալու։

Նորի ու հնի միջև տարբերությունները շատերը տեսնում են ռեյտինգային համակարգով ընտրությունների մեջ, որը սողանցք է ստեղծում օլիգարխների և տարածաշրջանային հեղինակությունների համար, իսկ Նիկոլ Փաշինյանին դա առանձնապես չի անհանգստացնում, քանի որ համոզվել է, որ օլիգարխները չունեն կուսակցական պատկանելություն, նրանք պետության ղեկավարի սեփականությունն են և միշտ էլ կկատարեն այն, ինչ կասեն օրվա իշխանությունները։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին այդ հանգամանքը, իսկ ԱԺ արտահերթի ժամանակ դա ավելի վառ կդրսևորվեր։ 

Նաև, ռեյտինգային համակարգը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռնում մանիպուլյացիաների համար՝ մանավանդ ըննդիմություն կազմակերպելու գործում։ Վստահ լինելով անհրաժեշտ 70%-ի մեջ, նոր Ընտրական օրենսգրքի դեպքում Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի դժվար էր լինելու խորհդարանում իր նպատակներին ծառայող քաղաքական փասյանսը ստանալը, մանավանդ՝ անհրաժեշտ ընդդիմություն ձևավորել։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները մեծ հնարավորություններ էին տեսնում օրենսգրքի փոփոխության դեպքում լուրջ սեփական խաղեր իրականացնել և ցանկալի մարդկանց խորհրդարանում տեղավորելու մեջ։ Ըստ օդում պտտվող լուրերի, արդեն իսկ որոշ մերձքաղաքական շրջանակների՝ խոստացվել է անցողիկ տեղեր ցուցակներում, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական երախտագիտության դիմաց։

Եվ, ի վերջո, ՔՊ-ն հիմնականում երևանյան կուսակցություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը հասկանում է շրջաններում դրա ամրապնդման կարևորությունը, մինչդեռ այս հանգամանքն առանձնապես չի հուզում կուսակիցներին։ Ռեյտինգային համակարգը լուրջ հնարավորություն է ստեղծում ՀՀԿ-ի օրինակով Հայաստանով մեկ նրա կառուցվածքը ներկայացնելու և ամրապնդելու համար։

Ինչպես ասում էր ռուս դասականը՝ «Ինչ կուսակցություն էլ որ տեղծենք, վերջում ԽՄԿԿ է ստացվում»։

Աղասի Ենոքյան

117 просмотров
Загрузка...