Լրահոս

Պետք է բոյկոտել ընտրությունները. վերադառնում է Ռոբերտ, Սերժ, Շմայս, Մանվել ժամանակաշրջանը

Загрузка...

Երեկ 62 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ անգամ տապալվեց ԸՕ փոփոխությունների փաթեթը: Պակասում էր մեկ ձայն ԸՕ-ի փաթեթն ընդունելու համար։ Շատերը սա կառավարության պարտությունն են դիտարկում։

Քրիստոնյա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ իրական հեղափոխություն կատարած ուժերն ու քաղաքացիները պետք է ընտրություններին չմասնակցեն, պետք է բոյկոտեն։ Նրա խոսքերով՝ այս պայմաններում Հայաստանը գլորվում է Երրորդ Հանրապետության ճահճի ժամանակաշրջան, որը շատ պարզ ձևով դրսևորվում է հետևյալում՝ արժեզրկել հեղափոխության իդեալները, որոնց դեմ արդեն 2-3 ամիս պատերազմ է հայտարարված։ «Երկրորդ՝ քաղաքացուն որևէ լավ բան տեսնելու ոչ միայն ներկայից են զրկում, այլև տնտեսական բարեփոխումների հեռանկարից։ Քրեաօլիգարխիկ խորքային պետությունը կազմակերպված ճակատամարտ է տալիս և իրեն շատ բաներ հաջողվում է։ Նրանք անընդհատ ամլացնում են հեղափոխությունն ու դրա բովանդակությունը։ Եթե սա այսպես մնաց, սա վերջի սկիզբն է։ Վերադառնում է Ռոբերտ, Սերժ, Շմայս, Մանվել ժամանակաշրջանը, իհարկե, այս անգամ օսլայած վերնաշապիկների տեսքով»,-հայտարարեց Շիրինյանը։

https://www.tert.am/news_images/833/2497892_1/22139997_1471061286317663_229066967_o.thumb.jpg

Նա նշեց, որ պետք է երրորդ անգամ բերել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և ամբողջ ժողովրդին ոտքի հանել, ինչպես ապրիլի 23-ին էր։ «Սա ավելի վատթար է։ Տառապանքով, ցույցերով, տարիների զրկանքով մարդիկ հասան մի բանի, իսկ սրանք մի ստորագրությամբ փչացնում են այդ տառապանքի արդյունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր հեղափոխական ուժերը պետք է ակտիվ ձևով բոյկոտեն ընտրությունները։

«Դա պետք է առաջարկվի նաև ՔՊ-ին, որպեսզի չլեգիտիմացվի հակահեղափոխության հաղթանակը։ Այդ դեպքում պայքարը մի քիչ կձգվի, բայց արդեն կլինի արմատական հեղափոխություն, որը մեր ժողովրդի նպատակն է։ Ես վստահ եմ, որ եթե ժողովուրդն այս պահի լրջությունը գիտակցի, ապստամբություն կբարձրանա։ Բոլորին կսրբի ճամփից, ինչպես անողներին, այնպես էլ նրանց, որոնք չհասկացան այս ընտրությունների կարևորությունը»,- ընդգծեց նա։

Շիրինյանը նկատեց, որ գործող Ընտրական օրենսգրքով ընտրագրավն ավելի մեծ է, և որոշ ուժեր կփորձեն որոշակի գործարքների գնալ. «Սա քաղաքակրթական ու մշակութային առումով ահռելի հետընթաց է, հետևաբար հեղափոխական ուժերը ժողովրդով հանդերձ ոչ մի առիթ չունեն մասնակցելու ոչ լեգիտիմ խորհրդարանի կազմակերպած քվեարկությանը»։

Սա, նրա դիտարկմամբ, ոչ թե կառավարության, այլ հայ ժողովրդի պարտությունն է։

Նա կարծիք հայտնեց, որ մինչև սեպտեմբեր պետք է հարցը լուծել, որպեսզի այլ բաներ չլինեն։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/240/50/2405065.jpg

Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք բոլոր դեպքերում մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Ժառանգությունը» հետապնդումների, բռնությունների ներքո անգամ մասնակցել է ընտրությունների, ուստի որևէ խնդիր չունի սխալ քայլերի պատճառով մնացած գործող օրենսգրքով ապաքաղաքական ընտրություններին մասնակցելու առումով։ Այնպես որ, «Ժառանգությունն» անպայման կմասնակցի ընտրություններին, իսկ ձևաչափը դեռ քննարկվում է»,- ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ ռեյտինգային ընտրակարգը ապակուսակցական և ապաքաղաքական, կեղտոտ, ստոր համակարգ է։ «Ցավում եմ, որ նախորդ գումարման խորհրդարանը համաձայնություն տվեց այդ Ընտրական օրենսգրքին։ «Ժառանգությունը» կտրականապես դեմ էր առևտրին, որպեսզի այդ ռեյտինգայինը մնա, փոխարենը ինչ-որ տեսախցիկներ լինեն։ Այդ քաղաքական առևտուրը իր բացասական ազդեցությունը տալիս է այսօր՝ կեղծված Սահմանադրություն, կեղծված խորհրդարան, կեղծված Ընտրական օրենսգիրք։ Ցավոք, ժամանակավոր կառավարությունը ևս կեղծիքներով անցած օրենսդրությանը հետամուտ եղավ, և մենք այսօր այդ ամենի արդյունքը քաղեցինք»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը։

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ երրորդ անգամ էլ պետք է Ընտրական օրենսգիրքը բերվի խորհրդարան, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ խիստ կասկածում է, որ երրորդ անգամ բերեն և փորձեն անցկացնել ԸՕ-ն։

Արմեն Մարտիրոսյանը տեսակետ հայտնեց, որ եթե կառավարությունը խիստ ցանկանար, քաղաքացիների կողմից ճնշման գործիքակազմը կօգտագործեր և Ընտրական օրենսգիրքը կանցկացներ, հատկապես որ դա լրիվ լեգիտիմ գործիքակազմ է։ «Գոյություն չունեցող, կեղծված ընտրություններով ձևավորված խորհրդարանին հետևելը, ցավոք, կոպիտ սխալ էր։ Սա կառավարության անփորձությունն էր»,- ընդգծեց նա։

1in.am

234 просмотров
Загрузка...