Լրահոս Շոու-բիզնես

«Ժամանակին փոքր-ինչ գեր էի, բայց ինձ նաև այդպիսին էի սիրում». Մարիա Չանդիրյանը՝ առողջ և գեղեցիկ մարմին ունենալու գաղտնինքների մասին

Загрузка...

Գեղեցկությունը չի սկսվում մարմնի ձևից, այն գալիս է մարդու ներսից. սրանում վստահ է պարուհի, դերասանուհի Մարիա Չանդիրյանը: Ըստ նրա` իր ներկայիս սլացիկ կազմվածքին շատերը բարի նախանաձով, ոմանք էլ՝ քննադատաբար են մոտենում: Վերջինից Մարիան չի սրտնեղում:

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է առողջ ապրելակերպ վարելու պայմանների մասին ու բացահայտել գեղեցիկ կազմվածք ունենալու գաղտնիքները:

Մարիան 4 տարեկանից զբաղվել է մարմնամարզությամբ, այնուհետև ջրացատկով, ավելի ուշ՝ պարով: Մշտապես լավ մարզավիճակում գտնվող պարուհին նշեց, որ իր համար գեղեցկությունը սկսվում է առողջությունից, իսկ առողջ լինելու համար հարկավոր է համապատասխան կենսակերպ վարել՝ ճիշտ սննդակարգ պահել ու մարզվել:

«Հայաստանում կարծրատիպ կա, որ առողջ սնվելը չսնվելն է: Նման բան գոյություն չունի: Լինելով բավականին նիհար աղջիկ՝ ես սնվում եմ օրական 8 անգամ: Առավոտյան նախաճաշելը պարտադիր պայման է: Ամեն առավոտ նախաճաշում եմ, օգտագործում եմ սպիտակուցներով հարուստ սնունդ, որովհետև դա էներգիա է հաղորդում ողջ օրվա համար: Միակ բանը, որ չեմ ուտում՝ տորթերն են, որովհետև ժամանակին այնքան եմ կերել, որ քաղցրից ալերգիա է առաջացել ինձ մոտ: Կարևոր է սնվել հաճախակի ու քիչ–քիչ: Ինֆորմացիայի պակասից ելնելով՝ շատ աղջիկներ մեզ մոտ նորմալ չեն սնվում և դրա պատճառով դադարում են լինել առողջ նիհար, փոխարենը՝ հյուծված տեսք են ստանում: Այնպես որ, գեղեցիկ լինելու համար նախ պետք է ներսից առողջ լինել»,-ասաց նա:

Մարիայի կարծիքով, անկախ մարմնի կառուցվածքից՝ ինքդ քեզ հետ պետք է ներդաշնակ լինես՝ չտրվելով շրջապատի՝ երբեմն քննադատական, կարծիքներին։

«Ունենալով ինչ-որ չափով գեղեցիկ մարմին՝ երբեմն կարող եմ կարծիքներ լսել՝ վայ, ազիզ ջան, ինչ նիհար ես, հաց կեր, ասում եմ՝ այսպես ինձ հարմար է:

Հոգեբանորեն մենք ավելի շուտ վատն ենք մեր սրտին մոտ ընդունում, քան հաճոյախոսությունը: Ինձ շատերն են ասում՝ երանի քեզ, որ կարող ես այդքան հաց ուտել ու նիհար լինել: Իմ կյանքում եղել է շրջան, երբ փոքր-ինչ գեր եմ եղել: Դա 18 տարեկանում էր, բայց ես նույնիսկ այդպես թմբլիկ ինձ հայելու մեջ նայում էի ու ասում, թե ինչ սիրուն եմ: Այս հարցում միտքը շատ կարևոր է: Աշխատանքի պատճառով հաճախ իմ քաշը իջնում է 46 կգ-ի, 1.60 սմ հասակի դեպքում: Ատլետիկ կազմվածքը որոշելու համար հարկավոր է հասակից հանել 110 ու մնում է համապատասխան կշիռը: Ես պիտի կշռեմ գոնե 50 կգ այս հասակի պարագայում, բայց դեռ 48.5-ի շեմը չեմ անցնում: Այժմ քաշ հավաքելու ուղղությամբ եմ աշխատում»,- պատմեցՄարիան:

Պարուհին նաև որպես մարզիչ է աշխատում։ Նա նշեց, որ կանանց 60 տոկոսն իրեն դիմում են նիհարելու, 40 տոկոսը` քաշ հավաքելու համար: Ի դեպ, վերջինը Մարիայի խոսքով, ավելի բարդ է: «Ես փորձում եմ իմ օրինակով մոտիվացնել մարդկանց: Իսկապես սիրում եմ այս գործը: Առաջին և կարևորագույն խնդիրը, որ իմ առաջ դրել եմ, մարդկանց ապացուցելն է, որ իրենք գեղեցիկ են՝ անկախ իրենց կազմվածքի ձևից: Եթե օրինակ կինը 2, 3 երեխա է ունեցել ու իր մարմնի ձևը 21-րդ դարի չափանիշներին համապատասխան չէ, դա չի նշանակում, որ գեղեցիկ չէ, երբ 17–18-րդ դարերի քանդակներն ենք նայում, կանայք նիհար չեն եղել, և դա իմ աչքին գեղեցիկ է: Ես իրենց մեջ տեսնում եմ այդ սիրունությունը և իրենք էլ են հավատում այդ գեղեցկությանը: Ինձ թվում է ՝ այդ խնդիրը գալիս է նաև անձնական հարաբերություններում սիրո պակասից, որովհետև երբ կինը սիրված է, իրեն գնահատված է զգում»:

Մարիան նկատեց, որ եթե որոշ ժամանակ առաջ մարզասրահ այցելելը շատ աղջիկների համար պարզապես թրենդային քայլ էր, հիմա միտումը փոխվել է: «Հիմա շատերը տեսնում են իրենց շրջապատում գեղեցիկ կազմվածք ունեցող աղջիկների և ձգտում նմանվել ն րանց: Հատկապես խմբակային մարզումների ժամանակ է դա նկատվում: Շատ կարևոր է, որ մարդը գիտակցի` մարզասրահում պարապելը և տանը գործ անել, հոգնելը տարբեր բաներ են, պարապելով ավելանում է ադրենալինը, բարձրանում է ուրախության հորմոնը: Ես ունեմ նաև 70 տարեկան և ավելի մեծ հաճախորդներ, որոնց հետ այլ վարժություններ ենք անում: Ընդհանրապես, եվրոպական երկրներում, Ամերիկայում մարդիկ չեն ասում, որ մարզվել չեն հասցնում, դա ուտելու նման մի բան է: Շատ կարևոր է եթե ոչ մարզասրահ այցելելը, ապա գոնե վազելը»,-ասաց նա ու հիշեցրեց՝ առողջ ապրելակերպի հարցում կարևոր է նաև նորմալ քունը և օրվա ընթացքում շատ ջուր խմելը:

Անահիտ Հակոբյան

187 просмотров
Загрузка...