Լրահոս

Հայաստանը «կխեղդվի» առանց հայ-իրանական սահմանի

Загрузка...

Հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայ-իրանական հարաբերություններում:

Նշենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 1-ի իր ելույթում ՀՀ վարչապետն ասել էր, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ «Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ասել էր նա:

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: ԱԳՆ ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտություններին։ Միևնույն ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հղում անելով իրանական աղբյուրին՝ հայտնել է, որ Հայաստանում Իրանի դեսպանը Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆի շնորհակալությունը, կապված ԱՄՆ նախագահի արտաքին անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում Իրանի առնչությամբ Երևանի դիրքորոշման հետ:




Ավելի վաղ՝ հոկտեմբերի 30-ին, Ստամբուլում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հռչակագիր էին ստորագրել ադրբեջանամետ ձևակերպումներով՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Իսկ մինչ այդ Հայաստանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ում այցի նպատակը նաև տարածաշրջանում իրանական տրամադրությունները շոշափելն էր:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ օգոստոս ամսվա սկզբին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հետ հանդիպումից հետո տեղեկացրել էր, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն Իրան, սակայն այդ այցի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում հայ-իրանական նման խիտ օրակարգի պարագայում, և կողմերն այս պահի դրությամբ բավարարվում են միայն սեպտեմբերին Նյու Յորքում Փաշինյան-Ռուհանի հանդիպմամբ:

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն անդրադառնալով հայ-րանական սահմանի վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներին՝ ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի այդ հատվածը չի ընկալել այնպես, ասես սահմանը, հնարավոր է՝ փակվի, կամ նման ցանկություն ունի հայկական կողմը: Ըստ Քեշիշյանի` միտքն այն էր, որ երրորդ-չորրորդ կողմերի գործողություններ կարող են հանգեցնել Հայաստանի համար բարդ հետևանքների հայ-իրանական և հայ-վրացական սահմանների ուղղությամբ, որոնք Հայաստանն աշխարհին կապող միակ օղակներն են:

«Առաջինը՝ ես պարոն վարչապետի ելույթից նման եզրակացություն չարեցի: Երկրորդ՝ չեմ կարծում, որ ամերիկյան կողմը գնա այնպիսի սրման, որ նման իրավիճակ ստեղծվի»,- ասաց Քեշիշյանը: Սակայն, նրա խոսքով, եթե Հայաստանը նման բանի գնա` նույնիսկ հայտարարի փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջև այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: «Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»:

Պետությունը մոռանալով իր շահերի մասին՝ այլ երկրների շահերի մասին չպետք է մտածի: Դա չի բխում ՀՀ շահերից, ոչ մի օգուտ չունի: Հայ-իրանական առևտրաշրջանառությունը հասնում է 300 միլիոն դոլարի, սա փոքր թիվ է Իրանի համար, իսկ Ադրբեջանի հետ՝ 2 միլիարդ դոլարի, բայց սահմանի փակումը կարող է վնաս հասցնել Հայաստանին, քանի որ դրանից հետո կողմերի միջև հաշտության, կայունության հասնելը, քաղաքական հարաբերությունները կարգավորելը դժվար կլինի, դա նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, նոր մարտահրավերներ կստեղծի, նույնիսկ փակ աչքերով կարող ենք տեսնել»,- ասաց Մովսես Քեշիշյանը:

Խոսելով Փաշինյանի Իրան կատարելիք այցից` Քեշիշյանն արձանագրեց, որ կա ձգձգում, բայց այցը կստացվի, կողմերը մի փոքր սպասողական վիճակում են, որոշ հստակություններ կմտցվի առաջիկայում: «Նյու Յորքում կայացավ բավական դրական արձագանքով հանդիպում, իրանական կողմը դրական վերաբերվեց: Սպասում ենք` երբ իր պտուղները կտա այդ հանդիպումը»,- ասաց Քեշիշյանը: Մեկնաբանելով Ստամբուլյան հռչակագիրը` Քեշիշյանն ասաց, որ այդ հարցը չպետք է դիտարկել միայն Արցախյան հակամարտության և հայաստանյան հարցերի դիտանկյունից, քանի որ դա միջազգային, տարածաշրջանային ու շատ ավելի գլոբալ խնդիր է:




Նրա խոսքով, Իրանի այդ դիրքորոշումը պետք է մեկնաբանել Թուրքիա-ԱՄՆ, Ադրբեջան-Իսրայել, ԱՄՆ-Իրան, Ադրբեջան-Իրան հարաբերությունների համատեքստում: «Թուրքիան Իրանի հակասություններից օգտվելով՝ փորձում է խաղեր խաղալ, Ադրբեջանը նկրտումներ ունի Իրանի նկատմամբ, Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում, հետախուզական գործունեությունը, այս ամենից ելնելով՝ պետությունները որոշակի արարողակարգային դիրքորոշում են ընդունում: Հարցը շատ ավելի գլոբալ է, իսկ Արցախի ուղղությամբ ոչինչ չի փոխվել»,- ասաց Քեշիշյանը:

Նա հույս ունի, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա բացը կլրացվի մոտ ապագայում, և դրանք կհասնեն քաղաքական հարաբերություններում առկա վստահության մակարդակին:

Իր հերթին՝ ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, թե չի հավատում, որ նման սցենար հնարավոր լինի, կամ հայկական կողմը գնա նման քայլի: Սակայն, նրա խոսքով, գուցե այդ հայտարարությունն ունի հասցեատեր՝ հաշվի առնելով գիտակցումը, թե ինչ է Միացյալ Նահանգներն ակնկալում ընդհանրապես այս տարածաշրջանից և Հայաստանից Իրանի ուղղությամբ:

«Ներկայիս դրությամբ մենք տեսնում ենք, որ հայտարարություններով ՀՀ վարչապետը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը բացարձակ ինքնիշխան է, որոշումներ է կայացնում՝ անկախ բոլոր գերտերություններից, սակայն ժամանակ առ ժամանակ նաև նման քայլերի մասին խոսակցություններ են ծավալվում, որոնք կարող են դիտարկվել՝ որպես այս կամ այն երկրին հաճո քայլ: Բայց դրա իրատեսականությանը հավատալը բարդ է, քանի որ Հայաստանն արդեն իսկ շրջափակման մեջ է և մշտապես փորձել է իր երկու հարևանների հետ դրական հարաբերությունների հունը պահել նույնիսկ ամենաբարդ ժամանակաշրջաններում, իսկ ներկայումս ինչո՞ւ փակել Իրանի հետ սահմանը, նախկինում առանց դրա հնարավոր է եղել հաղթահարել ամերիկյան պատժամիջոցները:

Հայաստանին զարգացումների նման ընթացքը ձեռնտու չէ ամենևին, Հայաստանը կունենա մեկ բաց սահման, ըստ էության, Վրաստանի հետ: Տարօրինակ է թվում, թե ինչպես է դա հնարավոր: Բայց չի բացառվում, որ կա Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չսրելու ցանկություն, դրանով կարելի է բացատրել Իրանի ուղղությամբ պասիվությունն ու վերջին հայտարարությունը»,- ասաց Մալաշենկոն:

146 просмотров
Загрузка...