Լրահոս

Բոլորին էլ ձեռնտու է. եթե հասարակությունը ցանկանար, որ ԸՕ անցներ, կգար, ԱԺ-ն կպաշարեր. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

Загрузка...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։

Պարոն Հակոբյան, արդեն հստակ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն` ռեյտինգային ցուցակները պահպանվելու են։ Դուք ժամանակ առաջ ասել էիք, որ ցանկություն կա «Ծառուկյան» դաշինքի ցուցակով մասնակցել ընտրություններին։ Առաջադրվելո՞ւ եք ռեյտինգայինով։

-Դեռ վերջնական որոշում չկա։ Կարծում եմ՝ Ծառուկյանը չի սկսել քննարկումները։ Երբ կլինի, մեծ սիրով կմասնակցենք։ Կարելի է բոլոր ուժերի հետ էլ մասնակցել ընտրություններին, բայց քանի որ ես ԲՀԿ-ի հետ եմ ճանապարհ անցել, մեր գաղափարները մոտ են, դրա համար եմ ուզում ԲՀԿ-ի հետ գնալ։ Բայց ամեն ինչ կախված է Ծառուկյանի որոշումից։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ ընտրության գնալ միայն այն ուժի հետ, որի գաղափարները մոտ են իմ գաղափարներին, կիսում եմ իրենց մոտեցումները։

Բայց ասեմ, որ շատ լավ է, որ ռեյտինգայինը մնալու է։ Շատ կարևոր է, որ քաղաքացին իմանա, թե ում է ընտրելու։ Թե չէ անուններ շարել ցուցակում ու գնալ ընտրությունների, ճիշտ չէ։ Ռեյտինգայինը ավելի ժողովրդավարական ձև է, քան համամասնականը։




-Այսինքն` Դուք խնդիր չե՞ք տեսնում, որ ընտրությունները կազմակերպվելու են գործող Ընտրական օրենսգրքով։

-Այո, ես գտնում եմ, որ այս տարբերակն ավելի ճիշտ է։ Գտնում եմ, որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը նույնպես դրա կողմնակից է, համակարծիք է և դրա ամենավառ ապացույցն այն է, որ ԱԺ-ում երկու փորձից քվեարկությամբ չանցավ Ընտրական օրենսգիրքը։

Բայց տպավորություն էր, որ ԸՕ-ի ընդունումը միտումնավոր տապալվեց։ Դա որակվեց որպես սաբոտաժ կառավարության դեմ։

-Եթե այդքան անհրաժեշտ լիներ, իշխանությունը, հասարակությունը նույնպես կընդդիմանար դրան։ Եթե հասարակությունը ցանկանար, որ Ընտրական օրենսգիրքը անցներ, կգար, Ազգային ժողովը կպաշարեր, կպահանջեր փոխել որոշումը։ Այսինքն` կլիներ այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին։

Դուք ուզում եք ասել, որ քաղաքական ուժերին, այդ թվում՝ իշխանական, ձեռնտո՞ւ է գործող ԸՕ-ն։

-Կարծում եմ, որ առաջին քվեարկությունից հետո տրամադրությունները փոխվեցին։ Իսկ տրամադրությունները փոխվեցին այն բանից հետո, երբ քաղաքական ուժերը տեսան, որ ժողովրդի համար մեկ է, թե որ ձևաչափով կլինեն ընտրությունները։ Եթե մեծ դժգոհություն լիներ, մարդիկ կհավաքվեին և իրենց անհամաձայնությունը կհայտնեին դրա մասով։ Մարդիկ չհավաքվեցին և պարզ դարձավ, որ պատկերը այնքան էլ այնպես չէ, ինչպես փորձում են ներկայացնել քաղաքական ուժերը, կամ այն մարդիկ, ովքեր հակված էին Ընտրական օրենսգրքի փոփոխությանը։

Իսկ Ձեր կարծիքով՝ ժողովուրդը չհավաքվե՞ց, թե՞ չհավաքեցին ժողովրդին։

-Գիտեք, այսօր ժողովուրդը, հասարակությունը այնքան քաղաքակրթված է, այնքան քաղաքականացված է, որ պետք չի իրենց հավաքել։ Անհրաժեշտության դեպքում մարդիկ ինքնաբուխ էլ կհավաքվեին։ Իսկ դա տեղի չունեցավ, քանի որ ժողովուրդը այդքան էլ հակված չէր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։

Տարածքային ցուցակների պահպանումը, Ձեր կարծիքով՝ կուժեղացնի՞ ՀՀԿ-ի կամ մյուս ուժերի դիրքերը, որոնք հավակնություն ունեն հայտնվելու ԱԺ-ում։ Կարո՞ղ են ՀՀԿ-ն կամ այլ ուժեր ռեյտինգային թեկնածուների միջոցով տանել այսօրվա իշխանության ձայները։




-Ես մի բան կարող եմ ասել. թող ընտրությունները լինեն առանց խախտումների, առանց կաշառքի ու առանց վարչական, իշխանական լծակների կիրառման, մնացածը կարևոր չէ։ Թող ժողովուրդը ընտրի, որոշի՝ որ ուժին ու որ անհատին է ուզում տեսնել Ազգային ժողովում։ Իսկ ժողովուրդը միշտ ճիշտ է։

Իսկ Ձեր կանխատեսմամբ՝ ո՞ր ուժերը շանս ունեն հայտնվելու Ազգային ժողովում։

-Ես չէի ցանկանա իմ կանխատեսմամբ վիրավորել որևէ քաղաքական ուժի կամ ուժերի։ Բոլորին հաջողություն եմ մաղթում և հորդորում համբերությամբ զինվել ու սպասել, թե ժողովուրդը ում կցանկանա տեսնել Ազգային ժողովում։ Բայց կարծում եմ՝ բոլորի ցանկություններն էլ ազնիվ են, մաքուր են։ Ես նաև համոզված եմ, որ ընտրությունները անցնելու են արդար, մաքուր, առանց որևէ խախտումների, ուղղորդումների, ընտրակաշառքի։ Հավատացեք՝ ամենակարևորը դա է։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։

 

123 просмотров
Загрузка...