Լրահոս Շոու-բիզնես

Համարձակ աղջիկները հումորային իրավիճակներում. առաջին լուսանկարները Lady Comedy նախագծի նկարահանումներից

Загрузка...

Ի՞նչ է լինում, երբ հումորային իրավիճակներում են հայտնվում կանայք. ATV հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 12-ից կմեկնարկի Lady Comedy hումորային նոր նախագիծը, որում ընդգրկված է հինգ աղջիկ և մեկ տղա: Tert.am Life-ը ներկա է եղել նախագծի առաջին թողարկման նկարահանումներին, ֆիքսել հետաքրքիր դրվագները կադրում ու կադրից դուրս և զրուցել նախագծի անդամների հետ:

Լիանա Վարդանյան, Հայարփի Զուռնաչյան, Թամարա Գևորգյան, Էմմա Շաբոյան և Անյա Սահակյան՝ հումորային նախագծում ընդգրկված 5 աղջիկն էլ մասնագիտությամբ դերասանուհի են: Իրարից տարբերվում են ինչպես արտաքնապես, այնպես էլ խառնվածքով, սակայն ասում են, որ բոլորին միավորում է հումորի զգացումը:

Նախագծի պրոդյուսերը Հայկ Անդրեասյանն է: Համազգային թատրոնի դերասանուհի Լիանա Վարդանյանը նաև հաղորդման հեղինակն ու ղեկավարն է: Նա նշեց, որ նախագծի գաղափարը վաղուց  է ծնվել, մինչև եթեր հասնելը մի քանի ամիս ստեղծագործական ակտիվ աշխատանք են տարել. «Այսպիսի նախագիծ անել մտահղացանք մեկ օրում, հաջորդ օրը քասթինգ հայտարարեցինք, ընտրեցինք դերասանուհիներին և անցանք նախապատրաստական աշխատանքներին: Հաշվի առնելով այսօրվա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը՝ նախագծի անդամներին ընտրել ենք այն սկզբունքով, որ լինեն բեմի մարդ, մասնագետ: Նրանք անցել են իրենց առաջ դրված տարբեր խնդիրներն ու ընտրվել: Շնորհիվ թիմի աշխատասիրության, ճիշտ ընտրված անձնակազմի և պրոֆեսինոալ մոտեցման հասանք մինչև եթեր»:

Նրա խոսքով` ամեն շաբաթ Lady Comedy-ի եթերում աղջիկները հեռուստադիտողին կներկայացնեն հումորային տարբեր իրավիճակներ, խաղարկային համարներ, կունենան նաև հայտնի հյուրեր, որոնց հետ հետաքրքիր հարցազրույց կվարեն և կներկայացնեն հումորային անակնկալ տվյալ օրվա հյուրի համար:

Աղջիկները կունենան կերպարային դերաբաժանում՝ տգեղ, սեքսուալ, փոքր-ինչ գեր և այսպես շարունակ։ Բացի այդ, ամեն թողարկման ժամանակ դերասանուհիները կներկայանան տարբեր կերպարներով: Այդ հարցում կօգնի նախագծի միակ տղամարդը՝ Արսեն Ալբարյանը: Նախագծի հեղինակի խոսքով, հնարավոր է` հետագայում թիմը համալրվի նոր դերասաններով:«Մեր դռները միշտ բաց են լինելու տաղանդավոր մարդկանց համար: Մեր առաջ խնդիր չենք դրել նոր ձևաչափ ստեղծել: Իմ նպատակն է ճաշակով և որակյալ հումոր մատուցելը, որը կլինի հասանելի բոլորին ու շատ ծիծաղելի: Թեմաների կամ անձերի առումով էլ որևէ սահմանափակում չենք դրել: Կանդրադառնանաք տարբեր մարդկանց ու թեմաների, այդ թվում՝ քաղաքական»,- ասաց Լիանան:

Սերիալներից հայտնի դերասանուհի Թամարա Գևորգյանը նշեց, որ նախագծի ձևաչափն ու հումորային ժանրը իր համար հարազատ և հետաքրքիր են. «Անհամեստություն թող չթվա, բայց ես աչքի եմ ընկել իմ հումորի զգացումով, հետաքրքիր էր դա գործադրել նաև բեմում: Ժամանակին ակումբային տարբերակով հանդես եմ եկել որպես սթենդափեր: Այսօր հեռուստադիտողին ծիծաղեցնելը ավելի դժվար է, քան լացացնելը: Իմ վարպետը՝ Նիկոլայ Ծատուրյանը, միշտ ասում էր՝ ծիծաղը և «խրխնջիզմը» տարբեր բաներ են: Փորձելու ենք այնպես անել, որ մեր հումորը երբևէ չվերածվի «խրխնջիզմի»: Այստեղ հավաքված են սրտացավ մարդիկ, բոլորիս նպատակն այն է, որ նախագիծը կայանա»:

Դերասանուհի Էմմա Շաբոյանը, որն այս շրջանում ներկայանում է «Կարմիր բլուր» հեռուստասերիալում, նկատեց, որ չնայած իրենց միջև եղած տարբերությանը, հասցրել են մտերմանալ աղջիկների հետ: «Ես շատ տեղերում եմ աշխատել, բայց սա այն եզակի նախագծերից է, որտեղ շատ ջերմ մթնոլորտ է, չկա մրցակցություն: Հեռուստադիտողը տեսնելու է համարձակ աղջիկների, որոնք կարողանում են հումոր անել: Հայաստանում դա փոքր-ինչ բարդ է, քանի որ քննադատություններ նույնպես կարող են լինել, բայց մենք դրանից չենք վախենում»,-ասաց Էմման:

Ստանիսլավսկու թատրոնի դերասանուհի Հայարփի Զուռնաչյանի համար  Lady Comedy-ն  իր հեռուստատեսային առաջին նախագիծն է: «Մի քանի ամիս պատրաստվել ենք հանդիսատեսին գեղեցիկ շոու ներկայացնելու համար: Սա հումորային ծրագիր է, որտեղ կատակում են աղջիկները, բայց ոչ միայն: Լինելու են նաև անակնկալներ, բայց չեմ ցանկանում բացել բոլոր փակագծերը»:

Նախագծի մյուս դերասանուհին Անյա Սահակյանն է, որին ևս հեռուստադիտողները կհիշեն հումորային տարբեր նախագծերից և սերիալներից։ Նա նշեց, որ թիմին ավելի ուշ է միացել, բայց հասցրել է մտերմանալ բոլորի հետ. «Ինձ համար սա լավ հնարավորություն էր, քանի որ իմ դերասանական քայլերը սկսել եմ համալսարանական տարիներին հենց КВН-ում խաղալով և կարծես հիմա վերհիշեմ իմ անցած ճանապարհը: Սա լավ հումորային ծագիր է, որտեղ սանձարձակ հումոր չի ներկայացվում, այլ ամեն բան չափի մեջ և վստահ եմ, որ հեռուստադիոտղներին այն դուր կգա»:

Նախագծի սցենարային աշխատանքներում աղջիկները նույնպես ակտիվ մասնակցություն են ունենում, նույնիսկ կան համարներ, որոնք իրենք են մտածում և իրագործում: Նրանց խոսքով` բացի ծիծաղելի համարները, հեռուստադիոտղը բեմում կտեսնի նաև թատերական խաղ:

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Անահիտ Հակոբյան

236 просмотров
Загрузка...