Լրահոս

Նիկոլ Փաշինյանի վերջին նախազգուշացումը․ վաղն արդեն ուշ է լինելու․․․

Загрузка...

Աստանայում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խիստ ուշագրավ հայտարարություններով, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։

«Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծում ենք՝ վարչապետի շեշտադրումները բացարձակապես պատահական չեն ու հնչեցվում են խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հատկապես այն պատճառով, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինելու հայտ են ներկայացնում հին համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող ուժեր՝ առանց նոր իրողություններին ադապտացվելու։

ՀՀԿ-ն առհասարակ տպավորություն է ստեղծում, կարծես՝ երկրում տեղի չեն ունեցել պատմական փոփոխություններ, ու ինքը իշխանությունը կորցրել է դասական քաղաքական կանոնների համաձայն։ Արդյո՞ք Հանրապետականում իսկապես կարծում են, թե հասարակությունը պատրաստ է իրենց ներել, հաշտվել իրենց քաղաքական ներկայության հետ, եթե կուսակցությունն իրապես չադապտացվի նոր իրողություններին։ ՀՀԿ ղեկավար գործիչների բոլոր ակնարկները՝ առ այն, թե իրենք ձերբազատվել են քրեաօլիգարխիկ սեգմենտից, ավելի շատ քաղաքական մանիպուլյացիա են, քան իրական պատկեր։ Կուսակցության ղեկին շարունակում է մնալ քրեաօլիգարխիայի վերջին տաս տարիների հիմնական խորհրդանիշն ու կոնսենսուսը՝ Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն ոչ միայն դասեր չի քաղել Հայաստանում տեղի ունեցած նշանային իրադարձություններից, այլ գոնե տեսականորեն չի բացառում հին համակարգի ռեստավրացիայի հնարավորությունը։

ՀՀԿ-ն չի պարտվել ընտրություններում, այլ հասարակության կողմից, ըստ էության, դուրս է շպրտվել իշխանությունից, ինչը ենթադրում էր առնվազն կարդինալ փոփոխություններ կուսակցության ներսում՝ հասարակության առաջ նոր հայտ ներկայացնելուց առաջ։ Սակայն նման բան բացարձակապես տեղի չի ունեցել ու ճիշտ հակառակը՝ անցած յոթ ամիսներին նախկին կառավարող կուսակցությունը զբաղված է եղել քաղաքական սաբոտաժով, պատմության անիվը հետ պտտելու անօգուտ ջանքերով։ Միայն հոկտեմբերի 2-ին հասարակության կողմից ստացած հուժկու հակահարվածից հետո ՀՀԿ-ն որոշեց կապիտուլացվել խորհրդարանում՝ դադարեցնելով այն օգտագործել հեղափոխության դեմ։

Խորհրդարանական այս ընտրություններին, սակայն, մասնակցում է ամենևին էլ չբարեփոխված ՀՀԿ-ն, ու միանգամայն տեղին է Նիկոլ Փաշինյանի զգուշացումը, որ հասարակությունն այլևս թույլ չի տա հին համակարգի ստեղծումը։




Բացարձակապես համոզիչ չեն ՀՀԿ գործիչների այն պնդումները, թե իրենց համամասնական ցուցակի առաջին տեղերում լինելու են բացառապես քաղաքական դեմքերը։ Այդպես էր նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններում, բայց համամասնական ցուցակը ընդամենը քողածածկույթ էր, որի հետևում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման մտադրությունն էր։ Սերժ Սարգսյանը որևէ տեղ չի գնացել ու, ըստ ամենայնի, ամուր պահում է ՀՀԿ-ն ու չկա որևէ երաշխիք, որ դարձյալ գործ չունենք կուլիսներում մշակված ինչ-որ դավադրության հետ։ Այլ խոսքով՝ ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքականության մեջ կարող է դերակատարություն ունենալ, եթե մեկընդմիշտ հրաժարվի Սերժ Սարգսյանի նախագահությունից ու Ռոբերտ Քոչարյանի ստվերային ազդեցությունից։ Սա այն նվազագույն նախապայմանն է, որը թույլ կտա հասարակությանը ներողամտորեն վերաբերել այս կուսակցության անցյալ քսանամյակի քաղաքականությանը։

Նույն դիտողությունները, ըստ էության, վերաբերում են նաև ԲՀԿ-ին, որովհետև եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա գործ ունենք քրեաօլիգարխիկ կուսակցության հետ, որը ոչ միայն չի ադապտացվել նոր Հայաստանի իրողություններին, այլ պատեհ առիթը բաց չի թողել հին համակարգի ռեստավրացիայի շարժմանը միանալու համար։ Խորհրդարանի հոկտեմբերի 2-ի խռովությունն ասվածի լավագույն ապացույցն է։

Եվ վերջին հաշվով՝ ի՞նչ է անում Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ, եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, ժողովուրդը հեղափոխությունն արել է ընդդեմ օլիգարխիական համակարգի։ Ծառուկյանը նախկին համակարգի ծնո՞ւնդ չէ, թե՞ կարծում է, որ ռեաբիլիտացվել է՝ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելով։

Կամ ինչպե՞ս կարել է հեղափոխության ջատագով լինել՝ օդիոզ կերպարներից կազմված ցուցակով։

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում ձախողում են դեմոկրատական ընդդիմության ձևավորման շանսերը ու դրանով հակադրվում են հեղափոխության օրակարգին ու համատեքստին՝ նույնանալով ռևանշիզմի հետ։

Մյուս կողմից՝ քաղաքական դաշտի մյուս ուժերը, որոնք տեսականորեն կարող են հավակնել դեմոկրատական ընդդիմության կարգավիճակին, անցած յոթ ամիսների իրենց գործունեությամբ հասարակության մոտ ծնել են միայն հիասթափություն՝ մոտեցնելով իրենց քաղաքական ֆիասկոն։

Հայաստանի քաղաքական համակարգի մեծ ու փոքր դերակատարները մնացել են հին Հայաստանում՝ ընտրություններից առաջ հայացքն ուղղելով ոչ թե հասարակությանը, նրա քվեին, այլ Բաղրամյան 26-ին։





«Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- այսօր Աստանայում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ թերևս վերջին անգամ հասկացնելով, որ որևէ քաղաքական ուժ հույս չդնի իր ստվերային աջակցության վրա։

Քաղաքական ամլության այսօրվա համատեքստում որևէ մեկը դեկտեմբերի 9-ի երեկոյան չպետք է զարմանա Նիկոլ Փաշինյանի թիմի շռնդալից հաղթանակի վրա։ Ոչ թե Փաշինյանն է մրցակցությունից դուրս, կամ՝ առավել ևս, նրա թիմն է կենսունակ, այլ սնանկ է քաղաքական համակարգը, որի վերջնական կապիտուլյացիան դառնալու են հենց դեկտեմբերի 9-ի ընտրությունները։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը վերջին նախազգուշացումն էր, վաղն արդեն ուշ է լինելու, որովհետև բոլորն են իրենց մաշկի վրա զգալու հեղափոխության հուժկու հարվածի դառնությունը։

 

187 просмотров
Загрузка...