Լրահոս

Եթե Պուտինը կտրականապես ասաց՝ մենք աջակցում ենք ՀՀ-ին, ոչ մի Լուկաշենկո, Նազարբաև չի էլ լինի․ բելառուսցի քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի ընտրության մասին

Загрузка...

Բելառուսցի քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակախրուստի կարծիքով՝ դեկտեմբերին սպասվող ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ կառույցի գլխավոր քարտուղար ընտրելու ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը վայր չի դնի: Tert.am-ի հետ զրույցում նա կանխատեսեց՝ Հայաստանի ղեկավարը սուր քաղաքական գործողություններ կնախաձեռնի:

«Դա կլինի կա´մ պատասխան հրապարակային դեմարշ, կա´մ էլ Փաշինյանը կփորձի  իրավիճակի վրա ազդել Պուտինի միջոցով, որպեսզի վերջինս բացատրի իր գործընկերներին, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում է»,- ասաց նա:

-Պարո՛ն Դրակախրուստ, նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում այդպես էլ չընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Չնայած որ Հայաստանի՝ այդ պաշտոնում ներկայացուցիչ ունենալու ժամկետը դեռ չի ավարտվել, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ համաձայնություն կա Բելառուսի ներկայացուցչին այդ պաշտոնում տեսնելու շուրջ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում ՀԱՊԿ-ում՝ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացում:

-Ես կարծում եմ, որ նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ և՛ Նազարբաևը (Ղազախստանի նախագահ), և՛ Լուկաշենկոն (Բելառուսի նախագահ) կարծում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀԱՊԿ-ի ֆորմալ օրենքները:





Օրենքը վերաբերում է նրան, որ պարոն Խաչատուրովը, որը կառույցի գլխավոր քարտուղարն էր, չէր համարվում միայն Հայաստանի ներկայացուցիչը, նա  ղեկավարում էր կառույցը, նա ներկայացնում էր կառույցը: Եթե նրան ընտրեին բոլոր անդամ հինգ երկրները, ապա գուցե խնդիրն այլ լիներ:

Բայց իհարկե, Հայաստանն է որոշում դա: Եվ այս իրավիճակում ձևավորվում է մոտեցում, որ եթե ձեր նախկին իշխանությունները նրան են այդ պաշտոնում առաջարկել, ապա տրամաբանությունը պետք է լինի հետևյալը․ կա´մ դուք նրան հանդուրժում եք, կա´մ ռոտացիան պետք է շարունակվի:

Այս համատեքստում մի անալոգ եմ ցանկանում անել. որոշ ժամանակ առաջ լեհական կառավարությունը հայտարարել էր, որ իրենք այլևս չեն ցանկանում Եվրախորհրդի նախագահ տեսնել Դոնալդ Տուսկին: Ասվում էր, որ նա ընդդիմության ներկայացուցիչն է, նրան չեն վստահում: Եվրախորհրդից էլ Լեհաստանին պատասխանել էին, որ դա նրանց գործը չէ, քանի որ նա Լեհաստանի ներկայացուցիչը չէ, այլ ընտրված է հենց այդ պաշտոնի համար: Եվ միայն նրա համար, որ հիմա նա լեհերին դուր չի գալիս, իրենք դա չեն անի, նրան այդ պաշտոնից չեն հանի, որ հետո լեհերն ուրիշ մեկին առաջարկեն:

Ես չեմ ասում, որ լրիվ նույն իրավիճակն է, ինչ ՀԱՊԿ-ում, բայց որոշակի անալոգ կարելի է անել այստեղ. միջազգային պաշտոնյաների պաշտոնավարումը ամբողջությամբ կախված չէ այն երկրներից, որոնք որ նրանք ներկայացնում են:

Այստեղ իհարկե կա որոշակի բախում, դժվարություն. մենք գիտենք, թե ովքեր են Լուկաշենկոն և Նազարբաևը, բայց ԵՄ-ում էլ չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Ես կարծում եմ՝ նման իրավիճակի ստեղծման համար մեկ հանգամանքն էլ այն է, որ և՛ Նազարբաևի, և՛ Լուկաշենկոյի մոտ կա որոշակի դժկամություն այն ամենի նկատմամբ, ինչ եղել է Հայաստանում: Նկատի ունեմ՝ թավշյա հեղափոխությունը:

Եկեք պատկերացնենք, որ պարոն Սարգսյանը որոշեր ինչ-որ պատճառով փոխել Խաչատուրովին, գուցե դա այլ կերպ ընկալվեր: Բայց քանի որ այդ քայլն անում է հեղափոխություն արած մեկը, նրանք դրան ընդդիմանում են:

-Կան տեսակետներ, որ այստեղ քաղաքական խնդիրներ կան.  և՛ Բելառուսը, և Ղազախստանն ունեն ավելի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ: Իրենց այդ քայլով նրանք ցանկանում են ինչ-որ բա՞ն ցույց տալ Հայաստանին:

-Ես այդպես չեմ կարծում: Համաձայն չեմ այն մտքի հետ, որ Լուկաշենկոն և Նազարբաևը Ադրբեջանի «տրոյական ձին» են ՀԱՊԿ-ում: Պետք է հասկանալ, որ իրականում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն առավելապես արարողակարգային է: Նա ՀԱՊԿ-ում գլխավոր հրամանատար չէ, նա ՀԱՊԿ-ի ղեկավարը չէ: Այն շատ ֆորմալ, արարողակարգային պաշտոն է: Եվ քանի որ այն առավել շատ արարողակարգային է, պարոն Փաշինյանին ասացին, որ արարողակարգի համաձայն, նրան են ներկայանում իրենց դժկամությունը, ո´չ ավելին:

Այդ դեմարշից Ալիևը ոչ մի օգուտ չունի: Ի՞նչ կշահի Ադրբեջանը: Եթե պայմանականորեն պատկերացնենք, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական կոնֆլիկտ է, պետք է հասկանանք, որ գլխավոր քարտուղարը չի կարող որոշել, թե ինչ պետք է անի ՀԱՊԿ-ը:

-Քննարկումներ կան, որ Հայաստանն այս իրավիճակում կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը և տապալել Բելառուսի ներկայացուցչի ընտրվելու գործընթացը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Ես կարող եմ ասել, որ սկանդալ անելու մեջ կա տրամաբանություն: Կարելի է երկարացնել գործընթացը, ասելով, որ մենք դեռ մեր համաձայնությունը չենք տալիս:

Պետք է ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նման իրավիճակներ հաճախակի է ստեղծում․ 2016 թվականին, երբ  սրվեցին Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները գազի գնման հետ կապված, նա պարզապես այդ ժամանակ չմասնակցեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին:




Այնպես որ, ես չեմ բացառում, որ պարոն Փաշինյանն էլ կարող է նման իրավիճակ ստեղծել:

-Դա, Ձեր կարծիքով, խելամիտ քայլ կլինի՞:

-Այո՛: Ամեն դեպքում, դա չի նշականում, որ մշտական պատերազմ է, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ է: Թե ով այս իրավիճակում կհաղթի, դժվար է ասել: Դա ավելի շատ նյարդերի պայքար է լինելու: Այդ քայլը, կարծում եմ, կտրուկ կլինի, բայց միևնույն ժամանակ շատ խելամիտ՝ քաղաքական տեսանկյունից:

Այնպես որ, ես չեմ էլ բացառում, որ Փաշինյանն այդպես կարող է վախեցնել, ցույց տալ, որ ինքը երբեք չի ընդունի առաջարկվող պայմանները, այսպես ասած՝ ատամներ ցույց տա:

Այստեղ էլ մի անալոգ կուզեի անել․ ասում են՝ Նազարբաևն ու Լուկաշենկոն Խորհրդային Միության տարիների հնաբնակներ են, իսկ Փաշինյանը դեռ նոր է ղեկավարում: Առաջիններն արդեն վարպետացած են իրենց գործում, ցանկանում են Փաշինյանին փորձել:

-Ռուսաստանը, խնդրի հետ կապված, կարծես թե պահպանում է չեզոքություն: Դուք ի՞նչ եք կարծում՝  ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ՌԴ-ն:

-Կարծում եմ՝ Ռուսաստանի  դիրքորոշումն ավելի հավասարակշռված է: Դա կապված է նրա հետ, որ և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ ավելի լավ են, քան Հայաստանի հետ տարբեր պատճառներով:  Ղազախստանի դեպքում դա կարող է պայմանավորված լինել կրոնով: Իսկ Բելառուսի դեպքում, երբ խոսում են, օրինակ, ապրանքաշրջանառության մասին, նկատելի է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում դրա ծավալներն անհամեմատ մեծ են:

Ռուսաստանի դեպքում ավելի բարդ է խաղը, հասկանում է, որ եթե, Աստված չանի, Ղարաբաղում ինչ-որ բան լինի, ապա ինքն է ստիպված լինելու խառնվել և ոչ թե Լուկաշենկոն, կամ Նազարբաևը: Դրա համար էլ հիմա նրա համար դժվար է:

Պուտինի դիրքորոշումը հիմա մոտավոր այսպես է. Լուկաշենկո՛ և Նազարբաև՛, եթե դուք ցանկանում եք նման դեմարշ անել, դաս տալ նորեկին, արեք դա, այստեղ մենք նախաձեռնող չենք: Կարծում եմ, որ եթե Պուտինը կտրականապես ասաց՝ ոչ, մենք աջակցում ենք Հայաստանին, ոչ մի Լուկաշենկո, Նազարբաև չի էլ լինի:





Իհարկե, Պուտինն էլ հիացած չէ նրանով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, և այն պատճառով չէ, որ նա վատ է վերաբերվում Փաշինյանին: Պատճառն այն է, որ եթե ոչ այդքան հեռու մի տեղ լինում է հեղափոխություն, ապա ավտորիտար ղեկավարները դրան վատ են վերաբերվում, նրանց աչքի առջև է գալիս 2011 թվականի արաբական գարունը, երբ տոտալիտար երկրները դոմինոյի էֆեկտով միմյանց հետևից ընկնում էին: Դոմինո չեն ուզում, այդ իսկ պատճառով նրանց համար հեղափոխությունը վատ օրինակ է:

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք դեկտեմբերի 6-ի վերաբերյալ: ՀԱՊԿ գագաթնաժողովում ի՞նչ որոշումներ կկայացվեն:

-Դժվար է, իհարկե, կանխատեսումներ անելը: Ես կարծում եմ, որ քիչ հավանական է, որ Փաշինյանը ձեռքերը վայր կդնի, չի ասի՝ եկեք անենք այն, ինչ որոշել եք: Կարծում եմ՝ նա սուր քաղաքական գործողություններ կնախաձեռնի: Դա կլինի կա´մ պատասխան հրապարակային դեմարշ, կա´մ էլ Փաշինյանը կփորձի  իրավիճակի վրա ազդել Պուտինի միջոցով, որ Պուտինը բացատրի իր գործընկերներին, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում է նրանց ունեցածից:

Բոլոր այն քննարկումները, որոնք կարող են լինել, ընդհանուր առմամբ, նյարդերի խաղ, առևտուր է: ՀԱՊԿ-ն իրականում կարող է գոյություն ունենալ առանց գլխավոր քարտուղարի: Ստեղծված իրավիճակն էլ նորմալ է, ամբողջ աշխարհի քաղաքական գործիչներն են դրանով զբաղվում:

Հռիփսիմե Հովհաննիսյան

205 просмотров
Загрузка...