Լրահոս

Նոր սկանդալային գաղտնալսում․ դավադրություն վարչապետի դեմ

Загрузка...

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գաղտնալսել են իր և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցությունը։ «Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Գաղտնալսումների, այսպես կոչված, երկրորդ «սերիայում» զետեղված են հիմնականում Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային զրույցների գաղտնալսումները։

Այս գաղտնալսումները ժամանակային առումով արվել են նույն ժամանակահատվածում, երբ կատարվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները։

Կասկածից վեր է, որ զույգ գաղտնալսումներն արվել են միևնույն խմբի կողմից ու սա բացահայտ մարտահրավեր է Հայաստանի Ազգային անվտանգությանը։ Դարձյալ պնդում ենք, որ այս գաղտնալսումների շահառուն, առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատն են, որովհետև դրանցով կասկածի տակ է դրվում Մարտի 1-ի գործով քննության լեգիտիմությունը՝ առնվազն այն մասով, որ գործադիր իշխանությունը ճնշում է բանեցնում դատական իշխանության վրա։ Դարձյալ չենք կարող հաստակ ասել, թե ովքեր են կանգնած այս գաղտնալսումների հետևում՝ միայն Հայաստանի քրեաօլիգարխիա՞ն, թե՞ նրան օժանդակել են նաև Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ Ռուսաստանի հատուկ ծառայությունները։

Առաջին գաղտնալսումների հրապարակայնացումից հետո սկսված քննությունը սպառիչ պատասխաններ չի տվել ու առայժմ այդ գործով անգամ չկան կասկածյալներ։ Ավելին՝ այն փաստը, որ տարածվել է գաղտնալսումների երկրորդ մասը՝ խոսում է պետական համակարգի, պատկան մարմինների թուլության մասին։

Մյուս կողմից՝ խիստ ուշագրավ է, որ գաղտնալսումների, այսպես կոչված, երկրորդ մասը տարածվեց խորհրդարանական ընտրություններից մի քանի, իսկ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական որոշման հրապարակումից երկու օր առաջ։ Սրան զուգահեռ՝ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօր բաց տեքստով պատերազմ է հայտարարել իշխանություններին՝ ընտրական գործընթացը, ըստ էության, սաբոտաժի ենթարկելու նպատակով։

Դժվար չէ ընդհանուր կապ, տրամաբանություն գտնել այս բոլոր իրադարձությունների միջև։ Ըստ էության, Հայաստանի քրեաօլիգարխիան՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անցել է բացահայտ հարձակման, ընդ որում՝ դեռևս անհայտ է՝ նրանք ունե՞ն արտաքին հովանավորներ, թե՞ գործում են ավտոնոմ ռեժիմով։

Անշուշտ, իշխանության խնդիրն է՝ հնարավորինս արագ բացահայտել դավադրության հեղինակներին ու նրանց ենթարկել քրեական պատասխանատվության, սակայն դա, ըստ էության, հնարավոր է անել դեկտեմբերի 9-ից հետո, որովհետև մինչ այդ իրավապահ մարմինների ցանկացած գործողություն դիտվելու է որպես ՀՀԿ-ի ու նրա անդամների, թեկնածուների դեմ իրականացված քաղաքական հետապնդում։ Իսկ հիմա իշխանությունները պետք է առավելագույնս կենտրոնանան ընտրությունների ավարտական փուլը հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ թույլ չտալով, որ այս սադրանքները ստվերեն ընտրությունների լեգիտիմությունը։

Մյուս կողմից՝ կասկածի տակ է դրվում նաև Մարտի 1-ի գործի լեգիտիմությունը, որովհետև այսօր տարածված գաղտնալսման տեքստում լսվում է, թե ինչպես է ԱԱԾ տնօրենը վարչապետին զեկուցում իր և Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատավորի զրույցի մասին։ Հիմա ՀՔԾ-ից առավելագույն ջանքեր են պահանջվում, որպեսզի Մարտի 1-ի գործով բոլոր գործողություններն ամրապնդված լինեն ուժեղ իրավական փաստարկներով՝ հանցագործության բացահայտման լեգիտիմությունը կասկածի տակ չդնելու համար։

 

272 просмотров
Загрузка...