Լրահոս

Քոչարյանի հնարավոր կալանավորումը լրացուցիչ միավոր կտա իշխանություններին, բայց վճռորոշ չի լինի

Загрузка...

Դեկտեմբերի 7-ին հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի վճիռը։ 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի գործով վճիռը փաստորեն հրապարակվում է կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը և ակամայից ստանում նաև քաղաքական երանգ։ Թե ինչ ազդեցություն կունենա կայացրած վճիռը իշխող ուժի վարկանիշի վրա՝ առայժմ դժվար է ասել. մի կողմից՝ սա կարող է դիտարկվել որպես նախընտրական քարոզչություն, մյուս կողմից էլ՝ եթե Քոչարյանը չկալանավորվի, հասարակության սպասումների շեմը՝ իշխանությունների հետ կապված, կարող է նվազել։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ դատարանի ցանկացած վճիռ հասարակության նախընտրական տրամադրությունների վրա շատ մեծ ազդեցություն չի թողնի: «Բայց ամեն դեպքում՝ կալանավորելու հանգամանքը նոր իշխանությանը լրացուցիչ միավորներ կտա կոռուպցիայի դեմ պայքարի այն հռետորաբանության իմաստով, որով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, և դա կլինի մի քայլ, որը հասարակությանը կներկայացվի որպես համոզիչ դրսևորում։ Իհարկե, այս դեպքում առիթը Մարտի 1-ն է, բայց հասարակությունը Ռոբերտ Քոչարյանին դիտարկում է նաև կոռուպցիոն բուրգի պատասխանատվության համատեքստում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ ակնհայտ է, որ կա հանրային որոշակի պահանջարկ՝ նման կոշտ քայլերի հետ կապված. «Անկասկած, եթե դատարանը կայացնի կալանավորելու մասին որոշում, սա իշխանությանը որոշակի միավորներ կտա, թեև իրավիճակն այնպիսին է, որ ես չեմ կարծում՝ իշխանությունը առանձնապես ունի այդպիսի մեծ միավորների անհրաժեշտություն։ Իշխանության վարկանիշը բավականին բարձր է, և Ռոբերտ Քոչարյանի կալանքի կամ հակառակ որոշումը էական որևէ ազդեցություն չի թողնի դրա վրա և այս տեսանկյունից վճռորոշ նշանակություն չի ունենա»։

Միևնույն ժամանակ Հակոբ Բադալյանը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ պրոցեսը զարգացավ այն տրամաբանությամբ, որ դատական գործընթացը համընկավ նախընտրական շրջանի հետ, և դատավճիռն էլ քարոզարշավի վերջին օրն է հրապարակվելու. «Սա հետաքրքիր համընկնում է»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ դատարանի որոշումը այս նախընտրական շրջանում հասարակության կարծիքի վրա մեծ ազդեցություն չի թողնի: «Պատճառն այն է, որ այս 7 ամիսների ընթացքում Հայաստանի հասարակությունը բազմիցս է տեսել այդպիսի ձերբակալություններ ու ազատ արձակումներ։ Այն էֆեկտը, որը տվեց Քոչարյանի ձերբակալությունը սկզբնական շրջանում, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների «ասֆալտին փռելու» գործընթացը, մեծ էֆեկտ ուներ, բայց հիմա արդեն սովորել է այս ամենին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գագիկ Համբարյանը չբացառեց նաև Քոչարյանին չձերբակալելու հնարավորությունը. «Որովհետև Մոսկվայից ընտրություններից առաջ մեսիջներ եկան՝ նույն Լազարյան ակումբի բացմանն ու առաջին նիստին Քոչարյանը հրավիրված էր, նստած էր Զատուլինի կողքին ու նաև հանդես եկավ ողջույնի խոսքով։ Այս ամենի մեջ ոչինչ պատահական չէ, սա դիվանագիտական լեզու է, որով Մոսկվան պաշտոնական Երևանին հասկացնում է, որ նույնիսկ ներքին քաղաքականության առումով Երևանը պետք է ավելի զգույշ քայլեր ձեռնարկի այն գործիչների նկատմամբ, ովքեր պաշտոնական Մոսկվայի հետ շատ սերտ կապեր ունեն»։

Մեր զրուցակիցը հավելեց. «Եթե մեր իշխանությունները սա փորձեն չհասկանալու տալ՝ դա իրենց խնդիրն է։ Բայց հասկանալի է, որ սա հստակ մեսիջ էր։ Ես չեմ զարմանա, որ Փաշինյանն այս մեսիջը հասկանա ու ընտրություններից առաջ չկալանավորի Քոչարյանին։ Պատահական չէր նաև վերջին գաղտնալսման հրապարակումը, որով ևս մեկ անգամ փորձ է կատարվում հասարակությանը հասկացնել, որ ՀՀ արդարադատության համակարգն անկախ չէ ու վերահսկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ամեն դեպքում՝ նշեմ, որ եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին ընտրություններից երկու օր առաջ ձերբակալեն, դա մեծ ազդեցություն չի ունենա»։

Քաղաքագետը նաև նշեց, որ հասարակության մի մասը կարող է Քոչարյանի չձերբակալվելը դիտարկել որպես պարտություն։

108 просмотров
Загрузка...