Լրահոս

Քոչարյանը կալանավորվեց․ կապիտալիզացվում են հեղափոխության արժեքները

Загрузка...

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:

«Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի՝ պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասել է երկրորդ նախագահի պաշտպան Ալումյանը, նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է:

Այսպիսով՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց ու կասկածից վեր է, որ այս իրադարձությունը քաղաքական առանցքային նշանակություն է ունենալու՝ հատկապես ընտրությունների համատեքստում:

Ընդ որում՝ Քոչարյանի կալանավորման քաղաքական հետևանքը բազմաշերտ է. այն հասարակությանն ավելի է կոնսոլիդացնելու «Իմ քայլը» դաշինքի շուրջ՝ ավելի համոզիչ ու ջախջախիչ դարձնելով վերջինիս հաղթանակը: Մյուս կողմից՝ այս դեպքում համոզիչ հաղթանակ ասվածը հարաբերական է, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի դաշինքը ստանա անգամ 90 տոկոս քվե, միևնույն է, Սահմանադրության ուժով խորհրդարանում ընդդիմությունը պետք է ունենա երեսուն տոկոս ներկայություն: Սահմանադրական մեծամասնություն հեղափոխության թիմը ստանում էր ցանկացած պարագայում, եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չկալանավորվեր:

Այս տեսանկյունից՝ ամենևին էլ ակնհայտ չէ, որ ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Քոչարյանի կալանավորումը խիստ ձեռնտու էր իշխանություններին, մանավանդ որ գրեթե կանխատեսելի է, որ ՀՀԿ-ն դիմումներով հեղեղելու է միջազգային բոլոր հնարավոր հարթակները, հայտարարելու է, թե ընտրություններից երկու օր առաջ իշխանությունն ահաբեկել է իր ընտրողներին: Նման գնահատականների պակաս հաստատ չի լինելու, մանավանդ՝ ընդամենը երկու օր առաջ տարածված Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռախոսազրույցի գաղտնալսումը շահարկումների նոր դաշտ է բացել: Ռոբերտ Քոչարյանը կարող էր կալանավորվել, ասենք, դեկտեմբերի 10-ին կամ 11-ին ու դա չէր կարող բերել նախընտրական մանիպուլյատիվ շահարկումների: Այս տեսանկյունից՝ դատական նիստը դեկտեմբերի 9-ին նշանակելը գուցե նաև Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված սաբոտաժի դրսևորում է, որը կազմակերպվել է դատական իշխանության կամ ստվերում գտնվող այլ ուժերի կողմից:

Սակայն ինչքան էլ խնդիրը քաղաքական շահարկումների տեղիք տա՝ Քոչարյանի կալանավորումը խիստ էական ու կարևոր է Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման համար, որովհետև ակնհայտ է, որ երկրորդ նախագահը, գտնվելով ազատության մեջ, էապես կաշկանդում էր նախաքննության մարմնին, ուղղակի կամ անուղղակի ազդեցություն էր ունենում գործով անցնող բազմաթիվ մարդկանց վրա:

Այսօր Վերաքննիչ դատարանը, ըստ էության, վերականգնել է արդարությունը, ընդ որում՝ ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանն այս անգամ կալանավորվել է տևական ժամանակով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը մի քանի օր առաջ, ըստ էության, իրավական գնահատական էր տվել առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ այն համարելով իրավաչափ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, լավագույն դեպքում, հույսները կարող են դնել ՄԻԵԴ-ի վրա, սակայն կարծում ենք՝ ՀՔԾ-ի մոտիվներն այնքան ամուր են, որ անգամ Ստրասբուրգում Քոչարյանը չունի հաղթելու որևէ շանս:

Այսպիսով՝ խիստ խորհրդանշական է, որ մի քանի օրվա մեջ կապիտալիզացվում են հեղափոխության արժեքները. կալանավորվում է Ռոբերտ Քոչարյանը՝ ճանապարհ հարթելով Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման համար, իսկ ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, չի հայտնվելու խորհրդարանում՝ խորհրդանշելով քրեաօլիգարխիայի վախճանը:

268 просмотров
Загрузка...