Լրահոս

Ամուսնուս հասցեին սպառնալիքներ հնչեցնելը շարունակվում է արդեն 7 տարի, բայց դրանք լուրջ են դառնում հիմա․ Սելինա Դողան

Загрузка...

Իմ ամուսինն իրավապաշտպան է արդեն մոտ 20 տարի, նրան սպառնում են այն գործերի պատճառով, որոնցում ներգրավված է 2011 թվականից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ Սելինա Դողանը՝ անդրադառնալով իր ամուսնու՝ փաստաբան Էրդալ Դողանի մասին եղած հրապարակումներին:

«Ամուսինս Հրանտ Դինքի իրավաբանն էր նրա կենդանության օրոք, իսկ նրա սպանությունից հետո դարձել է նրա ընտանիքի իրավաբանը: Նա 2007 թվականին իր ձեռքն է վերցրել Մալաթիայի գործը, երբ Մալաթիայում 3 քրիստոնյաներ էին սպանվել»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ հայտնի փաստաբան Էրդալ Դողանը, մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու պատճառով:

Թուրքական «ArtıGerçek» կայքը տեղեկացել էր, որ օրերս Դողանի գրասենյակի մոտակայքում երևացել են մի խումբ անհայտ երիտասարդներ, որոնք փորձել են ճշտել, թե որ ժամերին է փաստաբանը գալիս այստեղ և երբ դուրս գալիս: Նշվում է, որ գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ անձանց դեմքերը, ձայնագրությունները Դողանն արդեն փոխանցել է ոստիկանությանը: 

Սելինա Դողանի խոսքով՝ իր  ամուսինը նաև մասնակցություն է ունեցել առաջնորդ ազգությամբ չեչեն Թուրքիայի քաղաքացի Մեդեթ Ունլուի գործին, ով դեմ էր արտահայտվում, որ չեչենններն ուղարկվեն Իրաք կամ Սիրիա պատերազմին մասնակցելու համար: «Միևնույն ժամանակ նա մասնակցություն է ունեցել Իբրահիմ Գյուբյուզի՝ Իսմայիլ Բեշիկցի հիմնադրամի նախագահի գործին, ով առևանգվել էր և նախատեսվում էր, որ կսպանվեր»,- ասաց նա:

Ավելի ուշ, ըստ Սելինա Դողանի, Էրդալ Դողանն իր մասնակցությունն է ունեցել մարդու իրավունքի պաշտպանության ոլորտի ակտիվիստների գործերին, լրագրողների և ակադեմիկոսների, որոնք պայքարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ: Նա նաև արդեն մոտ 10 տարի աշխատում է՝ Հայկական հարցի՝ անցյալի հետ առերեսվելու՝ 1937-38 թթ․ Դերսիմի ջարդերի և Թուրքիայում մտավորականների սպանությունների խնդրի վրա:

«Որպես արդյունք, որքան շատ նա փորձում էր բացահայտել իրավիճակը, այնքան սպառնալիքները շատանում էին՝ անկախ իմ կարիերայից: Ամուսնուս հասցեին սպառնալիքներ հնչեցնելը շարունակվում է արդեն 7 տարի: Նա փորձում էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրեն պաշտպանելու համար, բայց Թուրքիայում տնտեսական և քաղաքական ճգնաժամի և իրավական դաշտի պատճառով (դատական իշխանությունը անօրինական է և անկախ չէ) սպառնալիքներն ավելի լուրջ են դառնում»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

199 просмотров
Загрузка...