Լրահոս

Արցախի հարցը բանակցություններով չի լուծվելու, դա կլուծվի միայն պատերազմով

Загрузка...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

Պարոն Սասունյան, ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում 2019-ին Հայաստանի համար, մասնավորապես ներդրումների, տնտեսական և արտաքին քաղաքական զարգացման առումով։

– Ընդհանուր խոսքով սկսեմ. ցանկանում եմ լավագույնը մեր ժողովրդի համար։ Անկախ որևէ քաղաքական, կուսակցական, հատվածական հարցերից, հոյակապ, ազնիվ, բարի, աշխատող ժողովուրդ ունենք, և այդ ժողովուրդն արժանի է լավագույնին՝ հանգիստ և արժանապատիվ կյանքի։ Հուսամ՝ 2019-ին մեր ժողովուրդը կկարողանա այդպիսի հաճելի կյանք ունենալ, որովհետև արժանի է դրան։ Տասնամյակներ ի վեր այդ հանգիստ կյանքից զրկված է, մեծ չարչարանքներով փորձում է մի կտոր հաց ճարել, և, դժբախտաբար, այդ ընթացքում հարյուր հազարներով արտագաղթեցին։ Մեր փոքր երկրի համար մեծ վնաս է դա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր բնակչությունը մեծանա, որովհետև ունենք փոքր երկիր, բայց շրջապատված ենք մեծ թշնամիներով։ Որքան մեր բնակչությունը շատանա, այդքան կարող ենք պաշտպանված լինել։

Մեր հարցերից առաջին հերթին Արցախի հարցն է, որը շարունակվում է, և որևէ վերջնական լուծում չի երևում։ 19-ին կամ հաջորդ տարիներին չի երևում որևէ վերջնական լուծում, որն ընդունելի կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Ունենք մի երկիր, որը շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. դա շարունակվելու է։ Ունենք մի երկիր, որը ծովազուրկ է, դա էլ չի փոխվելու։ Ունենք մի երկիր, որտեղ հարյուրհազարավոր մարդիկ անգործ են կամ շատ փոքր եկամուտ ունեն, աղքատության շեմին են։ Գիտեմ, որ իշխանությունները փորձում են այս հարցը բարելավել, փոխել։ Հուսանք՝ կհաջողեն, որովհետև իրենց հաջողությունը մեր ժողովրդի հաջողությունն է և իրենց ձախողումը մեր բոլորի ձախողումն է։ Այդ պատճառով էլ պիտի ամեն կերպ աջակցենք, որ իշխանությունը հաջողի։ Որևէ մեկը չի ուրախանա որևէ նախարարի, վարչապետի, նախագահի ձախողմամբ, որովհետև իրենց ձախողումը մեր բոլորի ձախողումն է։

Արցախի հարցի շուրջ, կարծում եք, 19-ի ընթացքո՞ւմ էլ բեկումնային փոփոխություններ չեն լինի։

– Ես որևէ հիմք չունեմ մտածելու, որ կարող է ինչ-որ բան փոխվել, որովհետև, եթե լուծումն այդքան հեշտ լիներ, արդեն վաղուց հարցը լուծված կլիներ։ Հարցը պարզապես հետևյալն է․ մի հողակույտ կա, որի անունն Արցախ է։ Մենք պահանջում ենք, որ այդ հողակույտը մերը լինի, ազերիներն ասում են՝ չէ։ Երկու ժողովուրդներից յուրաքանչյուրն ասում է, որ իրենն է, այլ ոչ թե մյուսինը։ Սա ինչպե՞ս կլուծվի։ Չեմ կարծում, որ սա բանակցություններով լուծելի հարց է։ Դա կլուծվի միայն պատերազմով․ մենք այդ պատերազմը հաղթել ենք։ Մեզ մնում է մեր հաղթանակի վրա ամուր մնալ և թույլ չտալ, որ այն, ինչը որ մեր զինվորների արյունով հաջողել ենք, վատնվի խաղաղության պարագայում։

– Հիմա այդքան խոսվում է հայրենադարձության մասին, իշխանություններն էլ անընդհատ, այսպես ասած, «կանչում են տուն»։ Այս առումով, կարո՞ղ է իսկապես 19-ին հոսք լինի դեպի Հայաստան։

– Ես հասկանում եմ, թե ինչու է իշխանությունն այդպես հայտարարում, բոլորս էլ ուզում ենք, որ հայրենադարձություն լինի, որ ինչպես ասացի, Հայաստանի բնակչությունը փոքր է, վերջին տարիներին էլ ավելի է փոքրացել։ Բայց ուզում եմ անկեղծ լինել և ասել, որ ես շատ դժվարությամբ կարող եմ երևակայել, որ այդպես մեծ թվով (ես հիշում եմ, որ վարչապետն ասում էր, որ միլիոնավոր հայեր պետք է վերադառնան Հայաստան) հայեր ուզում են վերադառնալ։ Նրանք կգան, եթե կարող են վերադառնալ։ Իսկ ավելի կարևոր հարցն այն է, որ նույնիսկ, եթե հրաշք պատահի, և թեկուզ հարյուր հազար մարդ ուզենա վերադառնալ, այդ մարդիկ որտե՞ղ պիտի ապրեն, ի՞նչ պիտի աշխատեն, ինչպե՞ս իրենց ապրուստը պիտի հոգան։ Պետք է աջակցել, որ այս մարդիկ աշխատանք ունենան, բնակելի տուն-տեղ ունենան։ Ուրեմն, եթե իսկապես ուզում ենք, որ ոչ թե միլիոններ, այլ հարյուր հազար, հիսուն հազար մարդ վերադառնա, ուրեմն պիտի ծրագիր ունենանք՝ այդ մարդիկ որտեղ պիտի բնակվեն, որտեղ պիտի աշխատեն։ Այն պարագայում, որ ներկայիս Հայաստանի բնակիչները անգործ են, մարդիկ կան, որ 30 տարի է՝ տնակներում են ապրում։ Եթե երկրի բնակիչներն իրենք տուն չունեն, գործ չունեն, ինչպե՞ս կարելի է, որ հիսուն-հարյուր հազար մարդ ավելանա։ Վերջին տարիներին տեսանք, որ Սիրիայից 20 հազար մարդ եկավ, և ահագին դժվարություններ ունեցանք Հայաստանում, և, դժբախտաբար, մի քանի հազարը որոշ ժամանակ մնացին, այնուհետև մեկնեցին արտասահման։ Ինչո՞ւ։ Որովհետև չկարողացան։ Իրենք եկան Հայաստան, որովհետև իրենց ապրած երկիրը՝ Սիրիան, շատ վատ վիճակի մեջ էր, կյանքները փրկելու համար եկան, բայց հայրենիքում չկարողացան իրենց ապրուստը ճարել և ստիպված եղան նորից արտագաղթելու, որը շատ ցավալի է։ Ես էլ եմ ուզում, որ լայնամասշտաբ հայրենադարձություն լինի, բայց իմ կարծիքով՝ իրատեսական չեն ո՛չ միլիոնները, ո՛չ հարյուր հազարը, ո՛չ հիսուն հազարը։ Որոշ մարդիկ՝ փոքր թվով, վստահ եմ, որ կվերադառնան Հայաստան։ Մանավանդ նրանք, որ Հայաստանում են ծնվել, և վերջին տարիներին են արտագաղթել, հատկապես՝ դեպի Ռուսաստան։ Այդ մարդիկ կարող են վերադառնալ։ Բայց դժվար է հավատալ, որ մարդիկ, որ մի քանի սերունդ սփյուռքահայ են, Սփյուռքում են ծնվել-մեծացել, վերադառնան։ Գուցե մի քանի հարյուր կամ հազար, մի քանի հազար, բայց այդ փոքր թվերը ոչ մի փոփոխություն չեն անի։ Եթե մեզ մեծամասշտաբ հայրենադարձություն է պետք, մեծ ծրագիր պետք է լինի, որ մարդիկ գան, տուն ունենան, աշխատանք ունենան և մի քանի շաբաթ հետո չվերադառնան այն երկրները, որտեղից եկել են։

262 просмотров
Загрузка...