Լրահոս

«Եղել են բարդ տեսարաններ, որոնք նկարահանել ենք սարերում ու ձորերում». Դավիթ Աղաջանյանը` «Սև հանքերում» իր դերի մասին

Загрузка...

«Սև հանքեր» խորագրով քրեական դրամայի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի 25 մասանոց նոր հեռուստանովելում իր դերակատարումն ունի դերասան Դավիթ Աղաջանյանը։ Վերջինս առաջին անգամ էր համագործակցում ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի հետ։ Ասում է` հետաքրքիր ու արդյունավետ համագործակցություն են ունեցել։

Նոր աշխատանքի առաջին մանրամասները  Դավիթը վստահել է Tert.am Life–ին ու պատմել, որ իր մարմնավորած կերպարը` Հակոբը, ի սկզբանե այլ բնավորություն ուներ, սակայն ռեժիսորի հետ քննարկումների արդյունքում որոշել են այլ ուղղությամբ զարգացնել կերպարը։

Դերասանը միշտ նշում է, որ սիրում է ռեժիսորներին ներկայացնել իր առաջարկներն ու դիտարկումները կերպարի վերաբերյալ։

«Կերպարը ստեղծվում է համատեղ աշխատանքի արդյունքում։ Դավիթն այն ռեժիսորներից է, որը լսում է դերասանի կարծիքը, քննարկում այն։ Արդյունքում մենք որոշակի փոփոխությունների գնացինք։ Կերպարս` Հակոբը, կիրթ, խելոք տղա է, որն ի սկզբանե ավելի ճնշված տեսակ պետք է լիներ, սակայն քննարկումների արդյուքնում նրան ավելի պայքարող ու կամային բնավորությամբ դարձրեցինք»,– ասաց Դավիթն ու հավելեց, որ հերոսը հարուստ ընտանիքից է։

Դերասանի հիմնական խաղընկերներն են Շահեն Ոսկանյանը, որը մարմնավորում է իր հորը և Աշոտ Տեր–Մաթևոսյանը, որի հետ պայքարի են դուրս գալիս։ «Հակոբը հանքի որոնման աշխատանքներով է զբաղված։ Երբ գտնում է, հասկանում է, որ հայրը կուրացել է այդ մտքից, պատրաստ է նույնիսկ գերեզմանները քանդել, որպեսզի հասնի ոսկուն։ Այս ամենը հասկանալով` անցնում է գյուղացիների կողմը»,– պատմեց Դավիթը։

Դերասանը նկատեց, որ ստեղծագործական թիմն իր համար նոր չէր, դերասանների մեծ մասի հետ նախկինում նկարահանվել է։ Նրա խոսքով` նկարահանումները հաճելի ու թեթև ընթացք են ունեցել, բայց եղել են նաև բարդ նկարահանումներ. «Եղել են բարդ տեսարաններ, որոնք նկարահանել ենք սարերում ու ձորերում։ Ֆիզիկական առումով բարդ աշխատանք ենք արել, բայց չենք դժգոհում»։

Դավթի խոսքով` 25 մասնանոց հեռուստանախագծերում նկարահանվելն իր համար գերադասելի է, քանի որ աշխատանքն ավելի մանրակրկիտ է արվում և ակնհայտ լավ որակ է ունենում։

«1 տարի խաղալով նույն դերը` հոգնում ես կերպարիցդ։ Այս դեպքում այդ վտանգը չկա։ Առավելություն է նաև, որ ի սկզբանե կա պատրաստի սցենար, այն նկարահանումներին զուգահեռ չի գրվում։ Մի շարք որակական հարցերում 25 մասանոց նախագծերը առավելություն ունեն, այնպես որ դրանք գերադասելի են ինձ համար»,– ասաց նա, ապա նկատեց, որ «Սև հանքերն» իր համար հետաքրքիր սցենարով նախագիծ էր, որի նկարահանումներից հաճույք է ստացել։

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

61 просмотров
Загрузка...