Լրահոս

Ծառուկյանը կհեռանա քաղաքականությունից. նրա թիկնազորի պետը արագացրեց այդ գործընթացը

Загрузка...

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը, որ այս գիշեր տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանը:

Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ոստիկանությունը կեսգիշերն անց հատուկ գործողություն է իրականացրել Գագիկ Ծառուկյանի մի քանի օբյեկտներում՝ որոնելով նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին։ Գործողություններ են եղել Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» կազինոյում ևս։ Ըստ այդ տեղեկությունների՝ ոստիկաններն ահազանգ են ստացել, որ Ծառուկյանն ու թիմակիցները դաժան ծեծի են ենթարկել մի տղամարդու՝ ընդհուպ կոտրել նրա մատները։ Ոստիկանական գործողություններից հետո Էդուարդ Բաբայանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրան ձերբակալել են մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունից խոստացել են դեպքի վերաբերյալ մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Տեղի ունեցածի մեջ ամենակարևոր դետալներից մեկն այն է՝ արդյոք Գագիկ Ծառուկյանն անձամբ ներկա՞ է եղել այդ միջադեպին, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանից կախված կլինի ինչպես գործի հետագա ընթացքը, այնպես էլ դրա ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա: Սակայն անկախ այդ հանգամանքից անգամ՝ միայն Ծառուկյանի թիկնազորի պետի մասնակցությունն ու ձերբակալությունը պետք է նշանային համարել ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում:

Ակնհայտ է, որ Ծառուկյանի թիմակիցների համար սա սովորական գործելաոճ է եղել նախորդ իշխանության ժամանակներում, վստահաբար բազմաթիվ նման միջադեպեր են եղել, մարդիկ են ծեծվել, սակայն ոստիկանությունը աչք է փակել այդ ամենի վրա, քանի որ Ծառուկյանը անգամ ոչ իշխանական կարգավիճակում եղել է քրեաօլիգարխիայի առանցքային հենասյուներից մեկը: Նոր Հայաստանում փոխվել են իրողություններն ու խաղի կանոնները, օրենքը գերակա է դարձել բոլորի համար, սակայն Ծառուկյանն ու նրա թիմակիցները, նրա ամենահավատարիմ անձ համարվող Էդուարդ Բաբայանը շարունակում են ապրել ու գործել հին Հայաստանի կանոններով: Նոր իշխանությունը պատժում է հին կանոններով վարքագիծը, պատժում է օրենքով:

Այս միջադեպի ֆոնին կրկին ակտուալ է դառնում գործարարներին ու մասնավորապես Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից տարանջատելու, հեռու պահելու խնդիրը, որի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծառուկյանի թիկնազորի պետը իր ղեկավարի ներկայությամբ կամ առանց նրա արագացրել է այդ գործընթացը:

Նոր Հայաստանում փողը, անգամ շատ փողը, որին տիրապետում է Գագիկ Ծառուկյանը, չպետք է լինի ու չի կարող լինել արտոնյալության գրավական, ինչպես եղել է ավելի քան երկու տասնամյակ: Մարդիկ, ովքեր չեն գիտակցել այդ իրողությունը, մտածողությամբ, արժեհամակարգով գտնվում են հին Հայաստանում, քոչարյանասարգսյանական Հայաստանում, որտեղ մարդ ծեծելն ու անպատիժ մնալը ոչ միայն չեն պատժվել, այլև խրախուսվել են իշխանության կողմից՝ ծեծողների կառավարելիությունը ավելացնելու ու ըստ անհրաժեշտության նրանց ռեսուրսները օգտագործելու համար:

Նոր իշխանությունը չունի այդ տարրի ծառայությունների կարիքը, առավել ևս՝ աչք չի փակելու անպատժելիության դրսևորումների վրա:

Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է: Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին:

 

3 634 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.