Լրահոս

Երրորդմասցի Լյովիկի հայրը դատարանին «անակնկալ» մատուցեց

Загрузка...

Տևական ընդմիջումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կարող էր շարունակվել Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը: Ներկայացել էին մեղադրողը, ամբաստանյալների շահերի պաշտպանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Սակայն այս անգամ «անականկալ» մատուցվեց տուժողի իրավահաջորդի՝ Երրորդմասցի Լյովիկի հայրիկի կողմից:

Վերջինս դատարան էր ներկայացել կեսօրին՝ հավանաբար շփոթելով դատական նիստի ժամը՝ 16-ն անց 30-ը: Այնուհետև դատարանի գրասենյակում տուժողի իրավահաջորդը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր գրել և հեռացել:

Դատական նիստին տուժողի իրավահաջորդը չներկայացավ: Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության պայմաններում անհնարին էր դառնում տուժողի իրավահաջորդի բացակայությամբ գործի քննությունը շարունակելը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը այլ ելք չտեսավ, քան դատական նիստը մեկ անգամ ևս հետաձգելը:

Հաջորդ նիստին տուժողի իրավահաջորդի ներկայությունը պետք է ապահովվի, որպեսզի պարզ լինի՝ նա պնդո՞ւմ է իր ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, ի՞նչ հիմնավորումներ է ներկայացնում, թե՞ միջնորդությունը գրել է զայրույթի պահին՝ ըմբոստանալով դատական քննության տևական ընդմիջումների դեմ:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը հենց տուժողի իրավահաջորդի քայլի մեջ դատական քննությունը ձգձգելու միտում տեսավ՝ նշելով, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը զրկում է կողմերին դատական նիստը շարունակելու հնարավորությունից:

Նախագահող դատավորը ևս տարակուսեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրած կողմը բացակայում է դատական նիստից, այդպիսով՝ նիստը հետաձգելու պատճառ հանդիսանալով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

«Առաջին լրատվական»

 

2 974 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.