Լրահոս

7 տարի շարունակ բարձրաձայնել եմ Լևոն Սարգսյան չարիքի մասին, բայց ոչ ոք ականջալուր չեղավ. Էդմոն Խուդյան

Загрузка...

«7 տարի շարունակ ես խոսել, բարձրաձայնել եմ Լևոն Սարգսյան հանցագործ չարիքի մասին, բարձրաձայնել եմ, թե այդ հանցագործ խումբը ինչեր է կազմակերպել, ինչեր է արել, բայց ականջալուր չեն եղել։ Այսօրվա իրավապահ համակարգը հենց ինձ պետք է դիմեր նրա հետ կապված փաստեր հայթայթելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սփյուռքահայ գործարար, «Արինկապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Լևոն Սարգսյանի և նրա ընտանիիք անդամների՝ որդու և դստեր կողմից չհայտարարագրված 6 միլիոն 800 հազար դոլարին։

Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան:

Հիմա Հայաստանում կատարվող վերջին զարգացումները, կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը գոհացնում են Խուդյանին. «Սրանք ապշեցուցիչ, զարմանալի արդյունքներ են։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարծես երազ լինի։ Ճիշտ է, սպասելի էր, որ հեղափոխությունից հետո նման բան պետք է լիներ, բայց կարծում եմ, որ դեռ շատ թաքնված բաներ կան, որոնք պետք է բացահայտվեն։ Իմ ընկերությունը թալանվեց միայն Լևոն Սարգսյանի և Վլադ Մանգասարյանի ջանքերով։ Եվ առանց Լևոն Սարգսյանի Մանգասարյանը չէր կարող պաշտպանվել իրավապահ համակարգից այնպես, ինչպես պաշտպանվեց։ Ընդ որում, պաշտպանությունը եղել է իրավապահ համակարգի կողմից բացարձակ անգործության արդյունքում։ Նրանք պարզապես իմանալով, որ Մանգասարյանը գործնական կապեր ունի Լևոն Սարգսյանի հետ, թույլ չէին տալիս, որպեսզի քննություն իրականացվեր»,- ասաց Խուդյանը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակ, դրանից հետո իրենք բազմիցս նախաքննական մարմնին հայտնել են Լևոն Սարգսյանի մասնակցությունը իր թալանի գործում, բայց իրենց ոչ ոք չի լսել, և նախկին նախագահի եղբոր անունը այդպես էլ դուրս է մնացել քննության շրջանակներից։

«Մեր գործում Լևոն Սարգսյանի անունը չէր կարող բացահայտվել, քանի որ Սերժ Սարգսյանը նախագահ էր այդ ժամանակ, և ոչ ոք նրա եղբոր մասով քննություն չէր իրականացնի»,- ընդգծեց սփյուռքահայ գործարարը։

Մեր դիտարկմանը՝ հիմա, երբ Սերժ Սարգսյանը այլևս նախագահ չէ, չունի նախկին իշխանությունը, եղբոր մասով էլ արդեն քրեական գործ կա հարուցված, սպասելիք կա՞, որ ինչ-որ բան կփոխվի, Խուդյանը նկատեց. «Սպասելիք՝ չեմ կարող ասել։ Մենք արդեն հուլիսի 20-ին հայց ենք ներկայացնելու ՀՀ-ի դեմ։ Ես մեկ ամիս առաջ նորից եկա Հայաստան, որպեսզի օգնության ձեռք մեկնեմ, որ իրավապահ համակարգը կամք ունենա անդրադառնալու իմ գործին, բայց մերժում ստացա։ Ես միայն հասկանում եմ, որ միակ ճիշտ տարբերակը միջազգային կառույցների հետ գործ ունենալն է։ Գոնե իմ հարցի լուծումը ես միջազգային ատյանում եմ տեսնում։ Ես հոգնել եմ 7 տարի շարունակ նույն բանի մասին խոսելուց։ Այսօր իշխանությունները հենց ինձ պետք է դիմեին, խնդրեին, որ գայի, որպեսզի պարզաբանվեր, թե ինչ է կատարվել, բայց որոշակի անտարբերություն դեռևս կա։ Իմ ընկերությունը ՀՀ-ին պետք է 1.5 միլիոն դոլար հարկ վճարեր, բայց այդ ժամանակ իրենց, Լևոն Սարգսյանի համար 1.5 միլիոն դոլարը արժեք չուներ»,- ասաց Խուդյանը՝ հավելելով, որ դեռ ակնկալիք ունի, որ Լևոն Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանի իշխանությունները, իրավապահ մարմինները կդիմեն փաստեր ստանալու համար։

Նշենք, որ Էդմոն Խուդյանը, իր ընկերությունը թալանելու գործով հիասթափվելով հայաստանյան իրավապահ համակարգից, դիմել է միջազգային տնտեսական դատարան, որտեղ վերջնական ելքն ակնկալվում է 1-2 տարուց։ Խուդյանը այս հայցով ակնկալում է 14 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Համաձայն քրեական գործի` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը, որը կատարվել է պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից) նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ:

Այսպես, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի, և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն՝ վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:

Հունիսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ Լյովա, Նարեկ և Անի Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

2 878 просмотров
Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.