Լրահոս

Սփյուռքը իրեն խաբված է զգում. անհամբեր սպասում ենք խորը ռեֆորմների, ինստիտուցիոնալ բարեփոխումների

Загрузка...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։

Պարոն Առաքելյան, «Հայաստան» հիմնադրամում լուրջ սկանդալ է ծագել, տնօրենին մեղադրանքներ են առաջադրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։

-Ասեմ, որ մեծ զարմանք չի առաջացրել տեղի ունեցածը, քանի որ արդեն գեներալ Մանվելի՝ զինվորին ուղարկված նամակներն ու պահածոները գողանալուց հետո դժվար է էլ ավելի զարմացնել թե սփյուռքում, թե Հայաստանում բնակվող հայերին։ Դա խոսում է նրա մասին, որ այդ համակարգը, որը ստեղծված է եղել նախկին իշխանության օրոք, լրիվ քայքայված է, և այդ համակարգին մաս կազմող անձինք լրիվ իրենց վարկաբեկել են և լուրջ փոփոխությունների կարիք կա։

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր սփյուռքի մեր հայրենակիցների արձագանքը հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս բացահայտումներից հետո ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանսփյուռք հարաբերություններում։

-Արձագանքն այն է, որ մարդիկ, շատերը, որ նյութական օգնություն են ցուցաբերել այդ հիմնադրամին, իրենց խաբված են զգում, և կա իհարկե վրդովվածություն։ Բայց ես չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ նոր իշխանության աշխատանքին վերաբերմունքի վրա։ Այդ վրդովմունքը, խաբվածությունը գոյություն ունի, բայց մարդիկ հույսով նայում են դեպի ապագան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ գրել էր, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Արդյո՞ք վարչապետի վստահությունն իրատեսական է այդ առումով։

-Ես վարչապետի հետ համակարծիք եմ, բայց այստեղ պետք է շատ ճիշտ կերպով կազմակերպվեն հարաբերությունները, այն օգնությունը, որ սփյուռքը ցուցաբերում է։ Սփյուռքը միշտ էլ պատրաստ է օգնել Հայաստանին, թե 90-ականներին, թե ավելի ուշ։ Միշտ էլ ուզել է օգնել, մասնակցել, բայց միշտ էլ գոյություն են ունեցել խոչընդոտներ, անվստահության մթնոլորտ։ Հիմա անհրաժեշտ է ոչ թե կառավարության, այլ միգուցե ՀԿ-ների, հասարակության կողմից ստեղծել կառույցներ, որոնք այդ վստահությունը ձեռք կբերեն, և սփյուռքն ավելի վստահ կլինի թե ուր է գնում իր օգնությունը, ինչի վրա է ծախսվում։ Անհրաժեշտ է հստակ հաշվետվողականություն։

Եթե գրագետ կազմակերպվի, ապա ինչպես ասաց վարչապետը, օգնությունն անգամներ կաճի։

Ձեր կարծիքով, ի՞նչ ճակատագիր է սպառնում «Հայաստան» հիմնադրամին։

-Ընդհանրապես հիմնադրամի հիմնական տունը վստահությունն է։ Այս տեղի ունեցածը ոչնչացրեց հեղինակությունը։ Երկու ճանապարհ եմ կանխատեսում։ Առաջինը, որ այդ հիմնադրամը պարզապես պետք է լուծարվի, միգուցե դրա հիման ստեղծվեն այլ կառույցներ։ Երկրորդը, փորձեն ինչ-որ ձևով վերակենդանացնել այդ հիմնադրամը, բայց այն արդեն կորցրել է հեղինակությունը այդ անվանումով հիմնադրամը, ինչը հավասար է լուծարման, մահվան։ Ես չգիտեմ՝ վաղը ինչ կլինի, կարծում եմ, որ այդ հիմնադրամի հետ շատ շատերը թե Եվրոպայում,թ ե Միացյալ Նահանգներում կխուսափեն աշխատել։

Սփյուռքում ինչպես են ընդունում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, ըստ Ձեզ՝ կա՞ առաջընթացի հնարավորություն։

-Սփյուռքը միանշանակ դրական է ընդունում Հայաստանում այժմ կատարվող իրադարձությունները, բայց ըստ իմ դիտարկումների, սփյուռքը անհամբեր սպասում է խորը ռեֆորմների, լուրջ, ինստիտուցիոնալ փոփոխությունների։ Դրա հետ մեկտեղ ակնկալում և սպասում է ՀՀ կառավարության կողմից Սփյուռքի ուղղակիորեն մասնակցության հնարավորությունը։ Ոչ միայն ֆինանսապես, այլև քաղաքական, հայության քաղաքական կյանքին մասնակցությունը։ Սփյուռքի նախարարը որոշ ժամանակ առաջ հայտնեց երկպալատանոց խորհրդարանի գաղափարը։ Դա մեծ արձագանք ու ոգեորություն է առաջ բերել սփյուռքում։ Հայաստանում բնակվում է 2-3 մլն հայություն, այնինչ սփյուռքում առնվազն 7 մլն հայություն, որը պետք է ներկայացուցչական մասնակցություն ունենա Հայաստանում։ Անցած մի ամսում կատարված փոփոխությունները ողջունելի են, բայց պիտի հասկանանք բոլորս, որ թե ոստիկանությունը, թե պաշտպանությունը, առողջապահությունը, կրթական համակարգը պահանջում է խորը, ինստիտուցիոնալ փոփոխություններ, և այդ դեպքում համակարգն ինքը թույլ չի տա վերադարձ այն թքած կառույցին, որ կար մինչ օրս։

Հայաստանի իշխանությունները պայքար են հայտարարել օլիգարխիայի դեմ, կհաջողի արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ հարցում։

Մենք շատ մեծ բեռ ենք բարդում Նիկոլ Փաշինյան անձնավորության վրա. Համոզված եմ, որ չի կարելի նստել և սպասել, թե Փաշինյանն ամեն բան կանի։ Մենք բոլորս պետք է միանանք, թե Հայաստանում, թե սփյուռքում պետք է միանանք այդ պայքարին։ Ես ապրում եմ Չեխիայում, որտեղ պաշտոնյան, ոստիկանը վախենում է քաղաքացուց։ Քաղաքացին կարող է ահազանգել և հայտնել անօրինականությունների մասին։ Նստել և սպասել, որ ոմն մեկը գալու և լուծելու է բոլոր հարցերը, աբսուրդ է, կոռուպցիայի դեմ պետք է պայքարենք բոլորս ու անմիջապես։ Մենք պետք է հասկանանք, որ այլընտրանք չունենք, կամ կկորցնենք մեր երկիրը կոռուպցիայի մեջ, կամ պետք է դուրս գանք պայքարի կոռուպցիայի դեմ։

 

1 808 просмотров
Загрузка...