Լրահոս

«Կարո՞ղ ա գիտես՝ Ռուսաստանից ամեն եկողին տուն պետք ա տամ»․ Նարեկ Սարգսյանի խայտառակությունը ջրի երես է դուրս գալիս

Загрузка...

Երևան քաղաքում շատ են այն մարդիկ, ովքեր մինչ օրս չեն կարողանում հաշտվել այն իրականության հետ, որ իրենց պապական կամ հայրական տունը քանդեցին ոմանք ու դրա փոխարեն իրենց տվեցին կոպեկներ։ NEWSPRESS.am-ը մի քանի այդպիսի հոդված ներկայացրել է իր ընթերցողին։

Մենք ներկայացրել ենք նաև ներկայիս Արամի փողոցում ու Ֆիրդուսում  ապրող մի քանի ընտանիքի մասին, ովքեր դուրս չեն գալիս իրենց տներից, քանի որ տարածքի գնորդները նրանց առաջարկում են չնչին գրոշներ։

70-ամյա Էմմա Համբարձումյանն այժմ ապրում է մեկ սենյականոց փոքրիկ բնակարանում։ Տան հյուրասենյակում ամուսնու նկարն է կախված։ Ինչպես ինքն է ասում․ «Ամուսնուս սիրտը չդիմացավ, որ իր պապական տունը քանդեցին։ Վշտից սիրտը կանգ առավ ու մահացավ»։

Հիշում է Լալայան փողոցում գտնվող իրենց տունն ու հուզվում։ 1914 թվականին իր ամուսնու պապը Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից գաղթել է, եկել Երևան ու Լալայան 20 հասցեում գնել այդ հողը։ Այդ հողի վրա կառուցել է տուն, որտեղ էլ ապրել են իր ժառանգները։ 1990 թվականին Էմման ու իր ամուսինն այդ տունը վերանորոգում են։ Այժմ երբեմնի երկհարկանի գեղեցիկ տան տեղում ոչինչ չկա։ Դատարկություն է։

«Երբ 2000-ականների սկզբից սկսվեցին այդ տարածքի քանդման աշխատանքները, մենք ամեն օր բողոքում էինք։ 2003-ին մեր տունը քանդեցին, իսկ մենք 2004-ին տեղափոխվեցինք մեր ներկայիս բնակարանը։ Այդ ժամանակ մեզ հետ միասին բողոքում էին նաև մեր հարևանները։ Եթե ոմանք այդտեղ ունեին սեփական բնակարան, ապա մերը երկհարկանի տանից բացի, սեփական էր նաև հողը։ Բնակիչներն ասում էին, որ սրանք մեր սեփական տներն են, իսկ մեզ հետ հանդիպող պաշտոնյաներն ու մարդիկ ասում էին․«Կարաս սեփական պատերդ պոկես ու հետդ տանես»։ Այդ հողն իմ ամուսնու պապն առել էր 1914 թվականին։ Մեր սեփականության ստատուսի մեջ հողի դիմաց գրված է սեփական օգտագործման։ Այդ ժամանակ մենք որոշեցինք վաճառել մեր սեփականությունը, սակայն մեզ թույլ չտվեցին ու ասացին, որ կարմիր գծի մեջ է գտնվում։ Ու ստիպված պետք է սպասեինք ու տեսնեինք, թե ինչքան են գնահատելու մեր տունը։ Մեր տունը գնահատեցին ամենախայտառակ ձևերով։ Գնահատեցին ընդամենը 38 հազար դոլար։ Այնինչ, կադաստրում աշխատող մեր մտերիմներն ասացին, որ այս սեփականությունն արժե 260 հազար դոլար։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, գնացինք այդ ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպելու։ Նարեկ Սարգսյանին հանդիպեցինք ու ասացի․ «Պարոն Սարգսյան, իմ երեխաները Ռուսաստանում են։ Սա մեր պապական հողն է։ Մենք 1990-ին այս տունը բարեկարգել ենք, որ մեր երեխաները Ռուսաստանում չմնան, գան իրենց հայրենիք ու ապրելու տեղ ունենան, իսկ դուք քանդում եք ու դրա դիմաց մեզ տալիս կոպեկներ»։

Նարեկ Սարգսյանն ինձ նայեց ու ասաց․ «Կարո՞ղ ա գիտես՝ Ռուսաստանից ամեն եկողին տուն պետք ա տամ»։ Ես այլ բան չկարողացա ասել։ Միայն ասացի, որ սա դուք չեք տալիս, այլ իմ սեփական տունն է, իսկ նա ինձ արհամարհեց»։

Տիկին Էմման նշեց նաև, որ առավել դաժան էին իրենց հարևաններից մեկի նկատմամբ։ Նա նշեց, որ տան տիրոջը մի քանի անգամ ծեծել են, հետո դատարան է գնացել, որ դիմում տա, այնտեղ նույնպես ծեծել են։ Հետո առանց տան անդամների ներկայության, ոմանք գնացել են, տան իրերը լցրել բեռնատար մեքենայի մեջ ու տունը դատարկել։ Տիկին Էմման ընդգծեց նաև, որ երկար տարիներ է, ինչ իր հարևանից տեղեկություններ չունի։ Միայն գիտի, որ Ջրվեժում են ապրում։

Հավելենք նաև, որ առաջիկայում NEWSPRESS.am-ը կփորձի գտնել այդ ընտանիքին ու զրուցել նրանց հետ։

752 просмотров
Загрузка...