Լրահոս

«Միայն մի կետ կա, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է, և միայն այս տեսանկյունից է, որ նրա դիրքերն ուժեղ են»

Загрузка...

Մարտի 1-ի գործով նոր և աղմկոտ զարգացումը՝ ՀՔԾ-ի կողմից այն ժամանակ ՀՀ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանին առայժմ որպես վկա հարցաքննության հրավիրելը, պատճառ դարձավ, որպեսզի նոր հայտարարություններով հանդես գա Ռ. Քոչարյանը: Նա հայտարարել է, թե իր ջանքերով է կանխվել բանակի՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելը, իսկ ՊՆ նախարարի, այսպես կոչված, գաղտնի՝ 0038 հրամանը (այդ հրամանով Երևանի կայազորում կոնկրետ կառույց է ստեղծվել, որի միջոցով էլ ապահովվել են բանակի գործողությունները.) զուտ «ներքին փաստաթուղթ» է, ձեռնարկած գործողությունները գտնվել են ՊՆ իրավասության տիրույթում, պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում, և զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է:

Իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը   մեղադրանքներ հնչեցրեց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի հասցեին՝ ասելով, թե այն ուղղորդվել է ոչ թե Սահմանադրությամբ, այլ՝ քաղաքական հստակ նպատակներով, իսկ Ռ. Քոչարյանի բոլոր որոշումները եղել են օրենքների և Սահմանադրության շրջանակներում:

Այս զարգացումների շուրջ զրուցել ենք փաստաբան, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգությունը» ներկայացրած անդամ Սեդա Սաֆարյանի հետ

– Տիկին Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը հերքում են, որ Մարտի 1-ին բանակն օգտագործվել է քաղաքական նպատակով, իսկ վերջինս մեղադրել է, թե Փաստահավաք խումբը բաց է թողնում Սահմանադրության այն դրույթները, որոնք բացարձակապես օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին։ Կա՞ նման «բացթողնված» դրույթ:

– Ռոբերտ Քոչարյանի և իր աշխատակազմի հայտարարությունները մի տեսակ բամբասանքի բնույթ են կրում, որովհետև երբ Ռ. Քոչարյանի աշխատողին հրավիրում են «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարին և ուզում են իր կարծիքն իմանալ, նա  հրաժարվում է գալ, բայց, չգիտես ինչու, մեր ցանկացած հարցազրույցից հետո ինքն ինքնուրույն հարցազրույցներ է տալիս: Եթե բաց ենք թողնում ինչ-որ դրույթներ, թող իրենք ասեն, թե որ հոդվածներն են, որ թույլ են տալիս զորքը քաղաքական կյանքում օգտագործել: Իսկ զորքը ներքաղաքական կյանքում օգտագործվել է: Երևի Վիկտոր Սողոմոնյանը չգիտի, որ մենք շատ ավելին գիտենք, քան իրեն թվում է: Դա այդպես է բնորոշվում, որովհետև Փաստահավաք խմբում բազմաթիվ զինվորականներ եկել, մեր վրա մուննաթ են եկել և ասել են՝ «ի՞նչ է, ուզում էիք՝ հեղաշրջում լիներ, և Լևոն Տեր-Պետրոսյանը գա՞ր, տիկին»:

Այսինքն՝ իրենք չեն էլ թաքցրել ենթատեքստը, որի համար զորքը եկել և ներքաղաքական կյանքին խառնվել է: Դա իշխանափոխության մտավախությունն է եղել, դա իշխանությունն անպայման իրենց ձեռքին պահելու մտավախությունն է եղել: Եվ այսօր խոսել այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն իրավունք է ունեցել զորքը տանել և օգտագործել ներքաղաքական կյանքում, դա անկարելի է: Միայն մի կետ կա, որ Ռ. Քոչարյանին պաշտպանում է՝ նա հանդիսացել է գերագույն գլխավոր հրամանատարը և Սահմանադրությամբ իրավունք ուներ որոշակի գործողություններ անել ու զորքի տեղաշարժով զբաղվել:

Միայն այս տեսանկյունից է, որ Ռ. Քոչարյանի դիրքերն ուժեղ են, բայց որ Մարտի 1 է տեղի ունեցել և Մարտի 1-ում զորք է օգտագործվել, դա բացարձակապես Սահմանադրության որևէ նորմի մեջ չի տեղավորվում: Եթե ինքը կարող է, թող վերլուծի, ասի՝ այս-այս նորմերը թույլ են տալիս նախագահին զորքն օգտագործել: Ես Վ. Սողոմոնյանին ասելու բան չունեմ, մի տեսակ բամբասանքի հոտ է փչում նրանց հայտարարություններից:

– Նրանք հայտարարում են, թե 0038 հրամանը ՊՆ ներքին հրաման է, և Քոչարյանը որևէ կապ չի ունեցել դրա հետ:

– Չի կարող այդպիսի բան պատահել: Այդտեղ թող հղում անեն Սահմանադրության այն նորմին, որ առանց ՀՀ նախագահի հնարավոր է ՀՀ-ում զորք տեղաշարժել: Եվ ընդհանրապես այն, ինչ փետրվարի 23-ից հետո տեղի է ունեցել, խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչից տեղյակ է եղել: Ես մնում եմ այն կարծիքին, որ սա ոչ թե այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն է արել, այլ Ռ. Քոչարյանն է ցուցում տվել, որովհետև Մ. Հարությունյանին բացարձակ պետք չէր Մարտի 1-ին խառնվել:

Ավելին, Մ. Հարությունյանը եղել է Վրաստանում, և նրան կանչել են այնտեղից: Այս կարգի մեկնաբանությունները որևէ մեկին չեն կարող հավատ ներշնչել: Ուղղակի ես հասկանում եմ, որ Ռ. Քոչարյանը փորձում է իր կողմից նախկինում հպարտաբար հայտարարած սպառնալիքների տակից այլ եղանակով դուրս գալ, որովհետև նրան հրավիրել են ՀՔԾ հարցաքննության: Եթե նա ունի ինչ-որ բաներ, որոնք հակադրվում են մեր հայտնած տեսակետներին, թող գնա հարցաքննվի: Ի՞նչն է պատճառը, որ այսքան ժամանակ չի հարցաքննվել: Ոչ թե մամուլով դա պետք է ասի, այլ գնա հարցաքննության և իր շահերը պաշտպանի:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

1 211 просмотров
Загрузка...