Լրահոս Շոու-բիզնես

Էդգար Իգիթյանը` 28-ամյակի անակնկալների և սիրելիի նվերի մասին. Այս տարի դերասանը ընտանիք կկազմի

Դերասան Էդգար Իգիթյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Էդգարըդարձավ 28 տարեկան, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու հետաքրքիր անակնկալներ է ստացել։

Էդգարը տարեդարձը նշել սկսել է կեսգիշերից։ Ընտանեկան հավաքույթ է ունեցել, որը ձգվել է մինչև ուշ գիշեր։

Էդգարի սիրելին՝ Լուսինեն նվեր է մատուցել մի քանի օր առաջ։ Դերասանը հայտնեց, որ իրենք գերադասում են նախապես համաձայնեցնել, թե ինչ նվեր մատուցեն իրար. «Օրերս ազատ ժամանակ ունեինք, գնացինք զբոսնելու, հետո էլ` առևտրի։ Նա ինձ գեղեցիկ դասական հագուստ նվիրեց` վերնաշապիկ և տաբատ։ Այսօր ևս հանդիպելու ենք։ Երեկոն միասին կանցկացնենք` միայն երկուսով: Այս տարի շատ հետաքրքիր անցավ օրս։ Դուրս եկա տանից ու մեր բակում երեխեքն ինձ են սպասում` փուչիկներով, նկարներով, գեղեցիկ արկղիկով ու բարեմաղթանքներով։ Շատ հետաքրքիր ու օրիգինալ բան էին ստացել։ Այնպիսի ժամի էին եկել, որ հաստատ տանը լինեմ ու վաղ առավոտից սպասել էին, ես էլ մի փոքր ուշ դուրս եկա տանից, քանի որ շատ ուշ էինք քնել։ Երբ տեսա իրենց, հաճելի անակնկալի եկա։ Փաստորեն, գիշերը չէին քնել, պատրաստվել էին, որպեսզի ուրախացնեն ինձ։ Ծանոթացա, շփվեցի իրենց հետ, շատ լավ երեխեք են»,– պատմեց Էդգարը։

Տարեդարձի օրը Էդգարը ոչ թե երազանքներ, այլ նպատակներ է սահմանում իր առաջ, որոնք փորձում է իրականացնել ընթացիկ տարում։

«Նպատակներ շատ ունեմ։ Այս տարին ինձ համար առանձնահատուկ է, քանի որ կազմելու եմ իմ ընտանիքը։ Հիմա հիմնական նպատակներս կապված են դրա հետ»,– ասաց դերասանը, որն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիքը` այն, որ ունի և այն, որը կազմելու է։ Ասում է` աշխատանքն էլ է կարևոր, սակայն ընտանիքն առաջնային է։

«Էլենի օրագրի» ավարտից հետո Էդգարն ունի հետաքրքիր նոր առաջարկ, որը բացահայտել առայժմ չի ուզում։ Ասում է` չի սիրում նախապես խոսել ծրագրերի մասին, սակայն հեռուստադիտողների տեսադաշտից միանշանակ չի կորի։

2 690 просмотров