Լրահոս

Ես նեղվում եմ. եկեղեցու հետ կապված խնդրին պետք է մի քիչ ավելի նուրբ մոտենալ. Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպը ոստիկանությունն ուսումնասիրել է, և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը: Երկար ժամանակ Գարեգին Բ-ին չէր հաջողվում շարունակել ճանապարհը: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել էր բացել ճանապարհը:

Ոստիկանները ճանապարհը բացել էին, բայց միջադեպի օրը՝ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գոհ չէ ոստիկանության աշխատանքից։

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարծիք հայտնեց, որ օրենքի պաշտպանության հարցում կառավարությունն իր գործը պիտի անի, ոստիկանությունն իր անելիքը պիտի անի, որպեսզի մենք չունենանք իրավիճակներ, որոնք Հայաստանում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը, այն էլ եկեղեցու հետ կապված, մարդկանց կողմից խաթարվի:

Ոստիկանությունից, Վայոց ձորի ոստիկանությունից հրաժարվեցին լրացուցիչ պարզաբանում տալ։ Մասնավորապես, իսկապես թերացել են իրենց աշխատանքում, կամ ինչպես են գնահատում վարչապետի քննադատությունը։ «Ծառայողական քննություն է գնում, ոչ մի լրացուցիչ բան ասել չենք կարող»,- եղավ պատասխանը։

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս մատնացույց արեց հայտարարված ծառայողական քննությունը, որի ավարտից հետո հնարավոր կլինի խոսել։ «Այնտեղ ինչ խնդիր կար, ոստիկանությունը լուծել է։ Ես, ճիշտն ասած, այդ օրը տեղում չեմ եղել, բայց ամբողջ ինֆորմացիային տիրապետում եմ, սակայն չեմ կարող ասել՝ ոստիկանները թերացել են, թե ոչ։ Կրկնում եմ, պետք է սպասել ծառայողական քննության արդյունքներին»,- ասաց մարզպետը։

Հայտարարված ծառայողական քննությունից զատ, մարզպետը դատապարտում է կաթողիկոսի հետ տեղի ունեցածը։ «Եթե մի հարց հայհոյանքով, քարերով և այլնով է լուծվում, դա դատապարտելի է։ Դատապարտում եմ այն, որ կոնկրետ բողոքը պետք է հստակ արտահայտվի։ Ես չեմ կարողանում հասկանալ հեռացման մասին վանկարկումները։ Ես նեղվում եմ դրանից։ Խնդիրն ավելի շատ այն է, որ եկեղեցու հետ կապված մի քիչ պետք է ավելի նուրբ մոտենալ խնդրին»,-ասաց Սաղաթելյանը։

Ոստիկանության աշխատանքից դժգոհ է նաև «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը։ Նա հանցագործության մասին արդեն հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն։ Նրա խոսքերով՝ այդ օրը հնարավոր է նաև, որ ոստիկանների կողմից անձեռոցիկով փաթաթված զանգված է նետվել իր պայուսակի մեջ, որն ավելի ուշ հայտնաբերվել է նույն ոստիկանների կողմից։ «Սույն թվականի հուլիսի 7-ին, Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ նստացույց իրականացնողներիս նկատմամբ սադրանք է հրահրվել. նախ, ոստիկանները իբր զանգ են ստացել, որի արդյունքում նրանց կողմից ստուգվել է մեր պայուսակը, որը կախված էր ներսում, իսկ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Անծանոթ տղամարդու մուտք ու ելքից հետո երկրորդ խուզարկության ժամանակ հայտնաբերվեց անձեռոցիկով փաթաթված զանգված այն պայուսակի մեջ, որն արդեն խուզարկվել էր ոստիկանների կողմից: Կատարվածը պաշտոնապես հայտարարել ենք սադրանք՝ Գարեգին Բ-ի հրահանգով Մայր Աթոռի հոգևորականների կողմից հրահրված և մի գուցե ոստիկանության որոշ ծառայողների մասնակցությամբ, որոնք այս օրերին ազատ ելք ու մուտք ունեն դիվանատուն: Հնարավոր է, որ պայուսակում հայտնաբերված փաթեթավորված զանգվածը հենց ոստիկանության աշխատակիցները պայուսակում թողած լինեին։ Հաշվի առնելով այն, որ սադրիչ գործողություններում կարող են ներգրավված լինել ոստիկանության ծառայողներ, ուստի դիմում ենք Ձեզ՝ տալով հանցագործության մասին հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել և կեղծ զանգ կատարողներին և մեզ սադրել փորձող անձանց հայտնաբարել և պատասխանատվության ենթարկել, քանի որ նրանց գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ»,- իր հաղորդման մեջ գրել է Կարեն Պետրոսյանը:

 

416 просмотров