Լրահոս

«Սասնա ծռերի» պառակտումը. Պավլիկ Մանուկյանը ցուցմունք տվեց ընկերների դեմ

Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է

«Սասնա ծռերի» գործով այսօրվա դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, որը խմբի առանցքային դեմքերից մեկն է, հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով։ Նա հայտնել է, որ սխալ մեղադրանք է առաջադրվել. ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողը Արմեն Բիլյանը չէ:

«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»,- ասել է Պավել Մանուկյանը:

Այնուհետև Պավել Մանուկյանն անդրադարձել է ՊՊԾ գնդի տարածքում տեղադրված բանկոմատը բացելուն, որի համար կրկին մեղադրվում է Արմեն Բիլյանը: Նա ասել է, որ բանկոմատի գրոհի հեղինակը ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն է: «Խնդրում եմ՝ վերականգնեք արդարությունը»,- դատարանից պահանջել է Պավել Մանուկյանը:

Վերջինիս հայտարարություններն իսկապես սկանդալային են և կարող են նոր զարգացումների ակունք դառնալ ոչ միայն դատական գործընթացի շրջանակներում, այլ նաև Ժիրայր Սեֆիլյանի թիմում։

Առայժմ մի կողմ թողնենք Մանուկյանի հայտարարության բովանդակությունը, դրա իրական լինել-չլինելու հանգամանքը։ Արձանագրենք, որ Մանուկյանի խոսքին անմիջապես հետևել է «Սասնա ծռերի» փաստացի ղեկավար Վարուժան Ավետիսյանի պարզաբանումը։ Նա հայտարարել է՝ դատարանում հնչածը Պավել Մանուկյանի անձնական կարծիքն է, ոչ թե իրենց միասնական հայտարարությունը:

Ավելորդ է ասել, որ ՊՊԾ գունդը երկու տարի առաջ «հերոսաբար» գրաված խմբավորման ներսում ծայր են առել լուրջ, ըստ էության՝ անհաղթահարելի հակասություններ, ինչի հետևանքով Պավլիկ Մանուկյանը «փուռն» է տալիս ազատության մեջ հայտնված իր երկու ընկերներին։ Իհարկե, միամիտ կլինի կարծել, թե հակասություններն առաջացել են բանտի պատերի ներսում։ Ըստ ամենայնի, գործ ունենք Ժիրայր Սեֆիլյանի թիմի երկփեղկման հետ։ Շատերը մտածում էին, որ Սեֆիլյանի ազատության մեջ հայտնվելը միայն կնպաստի նրա թիմի կոնսոլիդացիային։ Ստացվեց ճիշտ հակառակ պատկերը, և դա օրինաչափություն է։

Բարոյական չգրված կանոնների համաձայն՝ Պավլիկ Մանուկյանի այսօրվա քայլը գտնվում է շատ ցածր բարոյական նշաձողի վրա, մյուս կողմից՝ նրա ընդվզումը միանգամայն հասկանալի է, որովհետև թերևս նա պատրաստ չէ անձնազոհության, երբ իրենց «գաղափարական հայրը» ազատության մեջ վայելում է հեղափոխության պտուղները։ Հենց այս համատեքստի մեջ պետք է դիտարկել Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը․ նա առաջին հերթին թիրախավորում է ոչ թե այն մարդկանց, ում անուններն այսօր հնչեցրել է, այլ Ժիրայր Սեֆիլյանին, ու տեսականորեն պետք չէ բացառել, որ Մանուկյանի հաջորդ հայտարարությունն անմիջականորեն կվերաբերի հենց Ժիրայր Սեֆիլյանի դերակատարությանը։

Սակայն Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն ուշագրավ է նաև այլ հարթության վրա․ մինչև հիմա «ծռերը» պնդում էին, որ ոստիկանների սպանությունների հանգամանքները մանրակրկիտ պետք է պարզաբանվեն՝ ակնարկելով, թե կապ չունեն դրանց հետ, բացի այդ՝ կատեգորիկ չէին ընդունում բանկոմատը թալանելու մեղադրանքը։ Այսօր Մանուկյանն ըստ էության խոստովանեց, որ խումբը՝ վեհ գաղափարների շահարկումով, զբաղված է եղել սպանություններով ու թալանով։

Մանուկյանը հայտարարում է, որ սպանությունը կատարել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատի գրոհի հեղինակ համարում է Մխիթար Ավետիսյանին։ Այս երկուսի խափանման միջոցն էլ փոխվել է․ նրանք ազատության մեջ են, իսկ այսօր հնչած հայտարարությունն այնքան էական է, որ դատարանը գուցե ստիպված լինի վերստին փոխել նրանց խափանման միջոցը՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Գրիգորյանի փաստաբանը կատեգորիկ հերքում է իր պաշտպանյալի մեղսակցությունը սպանությանը։

Սակայն Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո ավելի էական, ակտուալ է դառնում այլ հարցադրում։ Փաստորեն ճիշտ էին բոլոր այն մարդիկ, ովքեր կտրականապես դեմ էին «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոցի փոփոխությանը՝ մինչև դատական ակտի հրապարակումը, որովհետև եթե հավատանք դատարանում այսօր հնչած հայտարարությանը, ապա ստացվում է՝ ազատության մեջ են հայտնվել մարդիկ, ովքեր իրենց արարքի համար կարող են դատապարտվել անգամ ցմահ ազատազրկման։

Հենց «Սասնա ծռերի» այսօրվա դատավարական պահվածքը, իրարամերժ հայտարարությունները վկայում են, որ գործ ունենք ծանր հանցագործություն կատարած մարդկանց, ըստ էության՝ ահաբեկչական խմբի հետ, որոնց նկատմամբ պետության հումանիզմը մոտիվացված չէ և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Սակայն այսօր տեղի ունեցածը, քաղաքական և իրավական հետևանքներից զատ, ունի նաև ու առաջին հերթին՝ բարոյական կողմ։ Հասարակության մի հատված երկու տարի շարունակ հերոսացրել, ֆետիշացրել է մարդկանց, ովքեր այսօր ինքնախոստովանում են գործած նողկալի հանցագործությունների, այդ թվում՝ թալանի մասին, ու պատրաստ են միմյանց «փուռը» տալ սեփական կաշին փրկելու համար։ Սա տրագիկոմեդիայի միայն սկիզբն է, իսկ շարունակությունն ավելի ողբերգական ու զավեշտալի է լինելու․ բարոյական մոտիվներով սպանություն ու թալան չի լինում։

 

724 просмотров
Загрузка...