Լրահոս

Նոր բացահայտումներ Սերժի Վաչոյի մասին. հին գործերին նոր թափ են հաղորդել

Загрузка...

«Առաջին լրատվական»-ը գրում է

Իրավապահ համակարգի կողմից շարունակվում են պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացում տեղ գտած ապօրինությունների վերաբերյալ բացահայտումները: Մեզ հասած տեղեկություններով` իրավապահ համակարգի կողմից իրականացվող քննության արդյունքում բացահայտվել է, որ ինչ-ինչ հանգամանքներում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվածներին ավելի ուշ տվել են զինվորական գրքույկներ` վկայելով, թե իբր նրանք ծառայել են բանակում:

Եւ այսպես` հուլիսի 16-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել եւ իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի` Կոլյա Քոսակյանին խոշոր չափերով կաշառք տալու, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանին եւ Արամայիս Սանոսյանին կաշառք ստանալու հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վաչոյի միջնորդությա՞մբ

Մինչ ԱԱԾ-ն բացահայտում է նոր կատարված դեպքերը, իրավապահ համակարգը նոր թափ է հաղորդում նախկինում հարուցված քրեական գործերին. որոնք մինչ այժմ փակուղի էին մտել:

Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ 2017 թվականին Երեւան քաղաքի բնակիչ Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին եւ Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ ազատել է ծառայությունից: Վերջինիս հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` կաշառք ստանալ, եւ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալ:

Այս քրեական գործը ի սկզբանե քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում, սակայն ավելի ուշ գործը տեղափոխվել է ՀՔԾ, քանի որ գործով անցնող անձինք պաշտոնյաների անուններ են տվել:

Իսկ ի՞նչ պաշտոնատար անձանց մասին է խոսքը: Մասնավորապես իրավապահներին հանցագործության մասին հաղորդում տված Գաբրիելյանն իր ցուցմունքում նշել է, որ Գեղամ Պետրոսյանն իր որդիներին ծառայությունից ազատել է հայտնի բժիշկներից մեկի օգնությամբ. կլորիկ գումարի` 5000 ԱՄՆ դոլարի դիմաց այդ գործը գլուխ են բերել:

Սակայն նկատենք, որ 2017 թվականին այս քրեական գործը կասեցվել է: Օդում կախված լուրերի համաձայն` դեռեւս 2017 թվականին գործին խառնվել են նախագահականից: Օդում կախված նույն լուրերի համաձայն` այս քրեական գործի մասին տեղյակ են պահել Սերժ Սարգսյանին: Ու քանի որ հայտնի բժշիկը մտերիմ կապերի մեջ է եղել Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանի հետ, գործը տարել են դեպի սառեցման եւ որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել: Իսկ որպես գործը կասեցնելու հիմք իրավապահ համակարգն ընդունել է այն, որ կառաշք տվող Գեղամ Պետրոսյանը Հայաստանում չէ: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` վերջինս ամեն ինչ արել է` իր որդիներին երկրից դուրս հանելու համար, սակայն փորձերն անցել են ապարդյուն, եւ հիմա տղաները չեն կարողանում հատել սահմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՔԾ-ին, ինչին ի պատասխան` հայտնեցին. «Մայիսի 22-ին գործը կասեցվել է ՀՀ քր. դատ. օր. 31 հոդվածի առաջին մասի 1-ին կետով»: Ասել է, թե ՀՔԾ-ն չի կարողանում պարզել, թե ով է անձը, որը կարող է ներգրավվել մեղադրյալ:

Խառնվել են իրար

Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` իրավապահ համակարգը սկսել է «անհանգստացնել» զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովի բժիշկներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու` իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, եթե անգամ գործընթացն օրինական է եղել, ապա կոնկրետ ինչ պատճառներով: Այս հանգամանքը խուճապ է առաջացրել բժշկական հանձնաժողովի անդամների մոտ, քանի որ փորձը ցույց է տվել` հենց նրանց թեթեւ ձեռքով են շատերն ազատվել պարտադիր ժամկետային ծառայությունից կամ տարկետում ստացել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս գործընթացը տարել է այն հետքի վրա, որ եղել են դեպքեր, որ անձը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն ավելի ուշ նրան տրվել է զինվորական գրքույկ, թե նա ծառայել է: Արդյո՞ք իրավապահ մարմիններին կհաջողվի այս բացահայտումը հիմնավորել, սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան

425 просмотров
Загрузка...