Լրահոս

Քոչարյանի երեք միլիոն հանցակիցները

«Առաջին լրատվական»-ը գրում է

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների իրական հենարանները եղել են քրեական աշխարհը, օլիգարխիան, կուսակցական նոմենկլատուրան ու էլի շատ հակաիրավական համակարգեր ու ենթահամակարգեր։ Դրանք այդ իշխանությունների կառուցակարգային դրսևորումներն են։ Բայց այդ երկու ռեժիմներն ունեցել են նաև երևութական հիմք, որը չի երևացել ու շոշոփելի չի եղել այնպես, ինչպես քրեականների թափած արյունն ու օլիգարխների մուծած փողը։ Նրանց իշխանությունների երևութական, անշոշափելի ու անտեսանելի հիմքը թևածել է օդում, սավառնել է Հայաստանում քսան տարի շարունակ։ Ահա այդ հիմքն է եղել հասարակության առանձին անդամների մտքերում, հոգիներում ու հանրային վերաբերմունքում՝ որպես հավաքականություն։ Քաղաքագիտության ու հարակից այլ գիտությունների տեսություններում այդ երևույթին անվանում են կոմֆորմիզմ՝ հարմարվողականություն։ Դա, ի դեպ, հայ ժողովրդին բավական բնորոշ հատկանիշ է և եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ դրանով կարելի է բացատրել դարեր շարունակ անպետություն գոյատևելու ֆենոմենը։

Մենք կարողացել ենք հարմարվել բոլոր ազգերի տիրապետող իշխաններին ու թագավորներին, նույնը ցուցաբերել ենք նաև հայրենակից ղեկավարների ազգադավ ռեժիմների ժամանակ։ Որովհետև ռեժիմ ասվածը մի քանի տասնյակ պաշտոնյաները չեն։ Ռեժիմները բաղկացած են հազարավոր, հարյուր հազարավոր սպասարկուներից, հասարակության ամենատարբեր շերտերից՝ ընտրություն կեղծող դպրոցի տնօրենից ու կաշառքով մարդ բուժող բժշկից, կոռումպացված դասախոսից ու գողականի հետ մի կտոր հաց ուտող ոստիկանից, շարքային տհաս կուսակցականից ու իշխանության հետ ինտեգրված ընդդիմադիր կուսակցապետից, զանգով արդարադատություն իրականացնող դատավորից ու պատվերով հոդված գրող լրագրողից։ Բոլոր թվարկված ու չթվարկված շերտերին միավորում է հարմարվողականությունն ու հանդուրժողականությունը, այն հանդուրժողականությունը, որի հիմքում ընկած է շահը՝ ծնողից ծաղկեփունջ ակնկալող անբարո ուսուցչի մանր շահից մինչև իշխանությունից միլիոն ստացող մանիպուլյատիվ ընդդիմադիր։ Բոլոր այդ մարդիկ, մարդկանց խմբերն ու խմբերի խմբերը՝ հասարակություն կոչվածը, քսան տարի, իսկ գուցե դրանից առաջ հանդուրժել են հակասահմանադրականությունը, հակաօրինականությունն ու հակապետականությունը, որովհետև հանդուրժումը առաջացրել է շահ, սպասարկել է այդ շահը։

Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունները հիմնված էին հենց այդ շահի ճանաչողության վրա, որովհետև մինչև իշխանության վերնախավի անդամ դառնալը իրենք էին եղել այդ շահի կրողներն ու սպասարկողները շատ ավելի ցածր հարթություններում ու պաշտոններում, իրենք իրենց փորձով գիտեին, որ ապօրինությունը տեսնելն ու լռելը բավարարում է որոշակի շահ, նրանք իշխանության էին հասել ամեն օր այդ շահը բավարարելով։ Նրանք իրենց սեփական հանդուրժողականության խորհրդանիշներն էին, նրանք հասկացել էին, որ հանդուրժելով կարելի է ոչ միայն միլիոններ դիզել, այլ ստանալ իշխանություն միլիոնների նկատմամբ։ Ու արդեն գալով իշխանության նրանք օգտագործեցին այդ հանդուրժողականությունը՝ որպես իրենց իշխանությունների երևութական հիմք։ Նրանք գնեցին մարդկանց, գնեցին տասնյակների ձայնը, հարյուրավորների խիղճը, հազարավորների հոգին ու հարյուր հազարավորների ձայնը։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունները կեղծիքի վրա հիմնված իշխանություններ էին։ Բայց դա միայն ընտրական կեղծիք չէր, դա կեղծիք էր, որին մասնակից էին բոլորը, անհատապես բոլորը, ու հասարակությունն ամբողջության մեջ։ Որովհետև հանդուրժողների հասարակությունը արժանի չէր ավելիին։

Հարմարվողականությունն ու հանդուրժողականությունը արատներ են, եթե դա հարմարվողականություն ու հանդուրժողականություն է ստի, կեղծիքի, քծնանքի, դավաճանության, գողության հանդեպ։ Մենք՝ որպես հասարակություն, հանդուրժել ենք թվարկված ու էլի բազմաթիվ արատներ։ Ու այդ հանդուրժողականությամբ ենք նաև թույլ տվել, որ մարտի 1-ին իշխանությունը մարդ սպանի։ Իշխանությունն օգտվել է գնված հանդուրժողականությունից շեղվողներին սպանելու իր իրավունքից, որը սահմանադրական իրավունք չէ ու որևէ օրենսգրքում ամրագրված իրավունք չէ։ Դա խունտայի ու կլանի իրավունք է, որը նախկին իշխանությունները տարածել են պետության ու հասարակության նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխություն է իրականացրել սիրո ու հանդուրժողականության կարգախոսով։ Սերը հասկանալի է, բայց հանդուրժողականությունը մեկնաբանության ու պարզաբանման կարիք ունի։ Որովհետև այսօր արդեն տեսանելի են հանդուրժողականության այնպիսի ազդակներ, որպիսիք բնորոշ են եղել նախկին հակապետական ռեժիմներին։ Ընդամենը երկու ամսում հանդուրժվում է այլակարծությունը լռեցնելու ստվերային մղումը, հանդուրժվում են անձի պաշտամունքին բնորոշ երևույթները, հանդուրժվում է առանձինների ու բոլորի՝ անսխալականության ցուցքը։

Որևէ հայտնի մտածող ասել է, որ իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակորեն։

Հարմարվողականության ու հանդուրժողականության՝ գենետիկորեն հայերիս բնորոշ տեսակը նպաստում է այդ փչացումին։

 

2 989 просмотров