Լրահոս

Մարտի 1-ին արտակարգ դրության հրամանն ապօրինի է եղել. հիմնարար իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով

Загрузка...

«2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը օրենքով սահմանված չէր և դա արդեն ինքնին բարձրացնում է այդ հրամանի օրինականության հարցը, քանի որ արտակարգ դրության ժամանակ խախտվում են մարդկանց հիմնարար իրավունքները և ազատությունները, իսկ հիմնարար իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ նախօրեին կատարած դիտարկումներին։

Նշենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «արտակարգ դրություն հայտարարելու մասին այդ հրամանագրով նախատեսվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, որովհետև այդ ռեժիմի իրականացման արդյունքում անխուսափելիորեն խախտվում են մարդկանց հիմնարար իրավունքները և ազատությունները, իսկ հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպես Եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ մեր Սահմանադրությամբ կարող են սահմանափակվել միայն օրենքով։ Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով։ Իսկ այդ ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք գոյություն չի ունեցել, այդ օրենքը մտել է ուժի մեջ ավելի ուշ։

Նշենք, որ արտակարգ դրության մասին օրենք Հայաստանի Հանրապետությունը ունեցել է միայն 2012 թվականին։

Արա Ղազարյանի խոսքերով՝ 2008-ին արտակարգ դրություն հայտարարելու հրամանը երկու խնդիր է առաջացրել։ Առաջինը, որ դա հակասում էր նախկին Սահմանադրության 44 հոդվածին, և հետո անորոշություն էր առաջացնում։ «Արտակարգ դրության ռեժիմն անորոշ կերպով էր կարգավորվում իրավունքները սահմանափակելիս»,- ասաց Ղազարյանը։

Նշենք, որ արտակարգ դրության ժամանակ մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակմանը անդրադարձել էր նաև նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը 2008 թվականին մարտյան իրադարձություններից հետո իր հրապարակած արտահերթ զեկույցում։ Մասնավորապես, զեկույցում ամրագրված է․

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ նախագահը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Հատկանշական է, որ ՀՀ-ում դեռևս ընդունված չէ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք, որը կսահմաներ այն բոլոր իրավունքները, որոնք ենթակա են սահմանափակման, սահմանափակումների ծավալները, դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու մեխանիզմները և այլն: Նման իրավիճակում արտակարգ դրություն հայտարարելիս գործնականում ծագեցին հետևյալ հիմնախնդիրները.

1. ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ և ազատություններ կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Թեև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետը մինչև օրենքով արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում ՀՀ նախագահին թույլ է տալիս իրականացնել իրավիճակից բխող միջոցառումներ, այնուամենայնիվ, օրենքի բացակայությամբ իրավունքների սահմանափակումը նորանոր վիճաբանությունների տեղիք տվեց:

2. Հրամանագրի կիրառումը գործնականում ուղեկցվեց մի շարք խախտումներով: Թեև արտակարգ իրավիճակի ռեժիմը հայտարարված էր միայն Երևան քաղաքում, սակայն հրամանագրով սահմանված որոշ սահմանափակումներ, ըստ էության, գործում էին նաև ՀՀ այլ քաղաքներում:

ՀՀ նախագահի վերոնշյալ հրամանագրի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվել էր իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակման և զննության իրականացման հնարավորություն: Պաշտպանի կողմից ստացված դիմում-բողոքները վկայել են այն մասին, որ մեջբերված դրույթին տարածական մեկնաբանություն տալու հետևանքով անհամաչափ սահմանափակվել է, մասնավորապես, Երևան քաղաք մուտք գործելու քաղաքացիների իրավունքը: Չնայած այս հարցը բարձրացվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, սակայն որևէ արձագանք չի ստացվել իրավապահ մարմինների կողմից. ո՛չ հերքում, ո՛չ էլ իրավախախտներին պատասխանատվության ենթարկում:

Հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող էին իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Մինչդեռ Պաշտպանի կողմից ստացված տեղեկատվության համաձայն`«Ա1+», «Լրագիր» լրատվական ինտերնետային կայքերի գործունեությունը դադարեցվել էր:

• Չնայած հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաև արգելված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին փաստացի կիրառվում էր գրաքննություն: Դրա հետևանքով որոշ համերկրային թերթերի տպագրությունն արգելվել էր նյութերի բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, ելնելով հրամանագրով սահմանված ռեժիմից, հրաժարվեցին աշխատելուց, որովհետև հնարավորություններ չունեին ներկայացնելու ընդդիմադիր և քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ ընդդիմությանը վարկաբեկող և վիրավորող, հաճախ ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում և հեռուստաալիքներով որևէ կերպ չէր սահմանափակվում: Նախագահի հրամանագրի նշված դրույթը չնպաստեց հասարակությանը հանդարտեցնելու նպատակին: «Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն օրինակը տալիս էր ՀՀ հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր հրամանագրի դրույթը, այլև խախտում էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջները, այն է` հանրային հեռուստաընկերություններում հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը արգելվում է: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որը, ըստ օրենքի, անկախ կարգավորող մարմին է և կոչված է վերահսկելու հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը, չկատարեց իր հիմնական գործառույթներից մեկը և չկանխեց ոչ միայն Հ1-ի, այլև մասնավոր հեռարձակումների մեծ մասի կողմից հրամանագրով սահմանված դրույթների խախտումները: Քանի որ արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական ոլորտում անօրինական դրսևորումներն անմիջականորեն առնչվում էին ընտրություններին, ուստի դրանց համար պատասխանատվության ենթարկելը նույնքան կարևոր է, որքան ընտրական գործընթացում խախտումներ իրականացրած անձանց պատժելը»,- ասվում է օմբուդսմենի զեկույցում:

3. ԶԼՄ-ների մանիպուլյատիվ օգտագործման պայմաններում խեղաթյուրված էին ներկայացվում նաև միջազգային կառույցների և պաշտոնյաների հայտարարությունները, ինչն ապակողմնորոշում էր հասարակությանը և Հայաստանի միջազգային հեղինակության վրա բացասաբար ազդող լրացուցիչ գործոն էր դառնում:

4. Արտակարգ իրավիճակի ընթացքում հանրահավաքների ազատության առնչությամբ կատարված օրենսդրական փոփոխություններն ուղղված էին «երկարացնելու» հրամանագրով սահմանված ռեժիմը: Այդ նպատակով օրենքի տվյալ փոփոխություններն ուժի մեջ մտան պաշտոնական հրապարակման հենց հաջորդ օրը, ինչը համընկավ արտակարգ իրավիճակի ավարտի հետ: Արտակարգ իրավիճակի ավարտից հետո անմիջապես նշված սահմանափակումների կիրառումը ուղղակիորեն հակասում էր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասին, համաձայն որի` իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օրենքն ուժի մեջ կարող է մտնել դրա պաշտոնական հրապարակումից առնվազն տասը օր անց: «Ակնհայտ է, որ մարտի 1-ի երեկոյան արտակարգ իրավիճակ մտցնելու որոշումը և դրա հետ կապված հետագա գործողությունները չէին նպաստում հասարակության մեջ առաջ եկած բևեռացման հաղթահարմանը: Փորձ կատարելով որևէ այլընտրանքային տեղեկություններ հայթայթել՝ քաղաքացիների ստվար զանգվածներն ամեն օր դրդված էին ուսումնասիրելու ամբողջ ռադիո և ինտերնետային տարածքը, որտեղից և տեղեկանում էին դժգոհություն ապրելու առիթ տվող նորանոր փաստերի: Նման աղբյուրներից հայթայթված ինֆորմացիան հզոր ազդեցություն ուներ սպառողների վրա, որքան էլ այն ուռճացված կամ ոչ համարժեք էր, քանի որ չէր հակակշռվում այլ օբյեկտիվ տեղեկատվությամբ: Արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացված միջոցառումները չնպաստեցին հասարակության մեջ տիրող կրքերի սառեցմանը»,- արձանագրված էր ՄԻՊ արտահերթ զեկույցում:

«2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության մասին օրենք չի եղել։ Այդ օրենքը ընդունվել է 2012 թվականին։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին արտակարգ դրություն է հայտարարել և օգտագործել է ռազմական դրության էլեմենտներ, որի իրավունքը ինքը չի ունեցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով. «Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է։ Հայտարարել է արտակարգ դրություն, որի իրավունքը չուներ և օգտագործել է ռազմական դրության էլեմենտներ, որի իրավունքը ևս չուներ։ Այսինքն՝ Սահմանադրության խախտումն ակնհայտ է, որի հետ կապված մի քանի անգամ Հայ ազգային կոնգրեսը դիմել է այն ժամանակվա ՄԻՊ Արմեն Հարությունյանին, որպեսզի դիմի ՍԴ խնդրի հակասահմանադրականությունը վիճարկելու համար, բայց նա չի դիմել։ Այնպես որ փորձեր արվել են իրավական ճանապարհով այս հարցին լուծում տալու, որը չի ստացվել։ Բայց հիմա ՀՔԾ-ն քննություն է տանում, ծանր հոդված է դրել։ Հիմա արդեն բացահայտվել է 0038 գաղտնի հրամանը, պարզվել է, որ բանակը օգտագործելու հրաման ստորագրվել է դեռ մինչև մարտի 1-ը, և հիմա այդ մասով քննություն է կատարվում»,- ընդգծեց Քոչարյանը։

 

1 240 просмотров
Загрузка...