Լրահոս

Քարոզարշավ՝ յոթերորդ օրը․ Նաիրա Զոհրաբյանը «պայթեցրեց» «Իմ քայլը» դաշինքը

Загрузка...

Մի քանի օրվա դադարից հետո այսօր Նիկոլ Փաշինյանը միացավ քարոզարշավին՝ ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի Շենգավիթի հանրահավաքում։ Գուցե դժվար է հավատալ, սակայն քարոզչական ընթացիկ օրվա հերոսն, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չդարձավ՝ չնայած դարձյալ նրա դաշինքի հանրահավաքն ամենամարդաշատն էր։

Բարիկադները ենթադրում են հակադրություն, իսկ հակադրությունը, որպես կանոն, ունենում է առնվազն երկու կողմ։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի առաջին երկու օրերին «Իմ քայլը» դաշինքի մրցակիցներին՝ անխտիր բոլորին, անվանել էր «սև»՝ նրանց կապելով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

Զուգահեռաբար Փաշինյանի կողմնակիցները սոցցանցերում տոտալ հակաքարոզչություն են ծավալում իրենց դաշինքի հիմնական մրցակիցների՝ ԲՀԿ-ու «Լույս» դաշինքի դեմ։

Կանխատեսելի էր, որ պատասխանը չի ուշանալու, ու ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դարձավ ավարտված քարոզչական օրվա հիմնական հերոսը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հանրահավաքում խիստ քննադադության ենթարկելով «Իմ քայլը» դաշինքին, ժողովրդական լեզվով ասած՝ «պայթեցնելով» նրան։

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ասել է, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»:

«Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»,-ասել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն:

Նաիրա Զոհրաբյանն հավելել է, որ 15 տարի շարունակ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով՝ նշելով, որ ԲՀԿ-ով նա վերադառնալու է քաղաքականություն, բայց 15 տարի ԲՀԿ-ն եղել են իրենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները:

«Այդ Ռոբերտ Քոչարյանին չտեսանք, Ռոբերտ Քոչարյանը մեզ չի հետաքրքրում, բայց օգտագործելով քաղաքական էյֆորիան՝ փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել, և դրա համար իրենց տներում ու շրջապատներում ասում են՝ քանի դեռ մարդիկ հեղափոխական էյֆորիայի տակ են, արագ պետք է անել ավագանու ընտրություն, հետո ԱԺ, որովհետև էյֆորիան անցնելու, է և մարդիկ հասկանելու են, թե ինչ է կատարվում. գնաճ է, իրենց խնդիրները չեն լուծվել, երկիրը կանգնած է արտաքին լրջագույն մարտահրավերի առաջ»,- ասել է
Նաիրա Զոհրաբյանն և հավելել, որ ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ ինքը գաստրալյոր չէ և Երևանի ընտրությունների արդյունքներից կախված չի որոշելու՝ մնալու է Երևանում, թե գնալու է Պրահայի առանձնատներից մեկը վայելելու։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ուղղակիորեն ձեռնոց է նետել Հայկ Մարությանին․ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ»:

 

Նաիրա Զոհրաբյանը իր հիմնական մրցակցին մեղադրել է, այսպես ասած, խաղեր տալու մեջ․

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում:

Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են, այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք»։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Նաիրա Զոհրաբյանի ելույթն ամենաընդդիմադիրն է ոչ միայն ընթացիկ քարոզարշավի ժամանակ, այլ այն բանից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է վարչապետությունը։ Սա առաջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանին արմատական քննադատության է ենթարկում քաղաքական գործիչ, ով ոչ միայն չի պատկանում հակահեղափոխական ճամբարին, այլ նաև՝ Փաշինյանի կաբինետում հինգ նախարար ունեցող կուսակցության երկրորդ դեմքն է։

Օբյեկտիվությունը հուշում է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն առաջինն են խախտել «զինադադարը» ու հիմա մրցակիցը դիմում է «հակագրոհի», որի հետևանքներն ավելի խորքային են լինելու, քան՝ այս ընտրությունները։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն փլուզվում է համաձայնության այն մոդելը, որի հենքով ձևավորվել է ժամանակավոր կառավարությունը։ Գուցե հենց դա էր ուզում Նիկոլ Փաշինյանը կամ կամ առնվազն ցանակնում էր ստուգել, թե իր պոտնցիալ մրացակիցներից ովքեր են պատրաստ դիմադրության։
Կասկածից վեր է, որ քարոզարշավի մյուս հինգ օրերն անցնելու են անտագոնիզմի պայմաններում՝ էապես թեժացնելով Հայաստանի ներքաղաքական կյանքը, հատկապես որ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը շատ արագ պատասխանել է Զոհրաբյանի ելույթին։ «Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։ Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»,- ֆեսբուքյան իր էջում գրել է Վահան Կոստանյանը։ Կասկածից վեր է, որ այս գրառումը նույնպես դանալու է բուռն քննարկումների թեմա, հատկապես՝ «ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը» բազմիմաստ արտահայտության պատճառով։

Դասական քաղաքականության կոռեկտության համատեքստում այսօր Նիկոլ Փաշինյանին անուղղակիորեն հակադարձել է նաև «Լույս» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը՝ հասկացնելով, որ իրենց թեկնածուն «ամենասպիտակն» է։ Նոր Նորքում հրավիրված հանրահավաքում նա նշել է, որ հեղափոխության լավագույն կապիտալիզացիան կլինի սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետ ընտրել իրենց դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին:

Շաբաթն ավարտվեց, իսկ Երևանի ընտրությունների քարոզարշավը թևակոխում է ավարտական հանգրվան, որտեղ կրքերն ավելի թեժանալու են։

1in.am

 

1 093 просмотров
Загрузка...